Ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հետապնդումների խորացումը Հայաստանում, և ինչ ազդեցություն կունենա դա երկրի ԵՄ անդամության հավակնությունների վրա․ Հրայր Բալյան

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին հաջորդած տասնմեկ շաբաթների ընթացքում վարչապետ Փաշինյանի կառավարությունը ձերբակալել կամ մեղադրանք է առաջադրել նախկին նախագահի, բերման է ենթարկել երկրորդ նախկին նախագահի, կալանավորել է առաջինի ավագ որդուն, պետականացրել է երկրի խոշորագույն մասնավոր ընկերությունը և երկու ամսով կալանավորել ճանաչված հասարակական գործչի՝ հետագայում նրան ազատ արձակելով առանց որևէ խափանման միջոց կիրառելու։ Այս ամենին զուգահեռ, նույն շաբաթվա ընթացքում, կառավարությունը խորհրդարանում հայտարարել է Եւրոպական միությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մտադրության մասին՝ չնայած անդամակցության հեռանկարների անորոշությանը։

Պահի ընտրության այս համընկնումը նորույթ չէ։ Ինչպես փաստերով հիմնավորում էի 2026 թվականի հուլիսին հրապարակված հոդվածում, որն անդրադառնում է ձևավորված մտահոգիչ օրինաչափությանը, հայաստանյան իշխանությունները 2025 թվականի մայիսից ի վեր ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված գրեթե բոլոր գործերով ներկայացրել են որոշակի իրավական հիմնավորումներ՝ հարկերից խուսափում, փողերի լվացում, ընտրակաշառք, ահաբեկության նախապատրաստում, իշխանության չարաշահում։ Այնուամենայնիվ, համադրության մեջ դրանք երեւակում են այն կառուցվածքային հատկանիշները, որոնք մարդու իրավունքների միջազգային կառույցները դիտարկում են որպես քաղաքականապես ուղղորդված, ընտրովի արդարադատության, այլ ոչ թե սովորական իրավապահ գործունեության ցուցիչներ․ քաղաքական օրակարգին համընկնող ժամկետներ, առանց անհատականացված հիմնավորման երկարատև կալանքներ, օրենքի լայն մեկնաբանությամբ հրապարակային խոսքի առիթով հարուցված մեղադրանքներ և հանրային հետապնդում` ուղղված բացառապես քաղաքական դաշտի մի կողմի դեմ։ Վերջին երկու ամիսներին հետապնդվողներին ավելացավ նախկին նախագահ, եւս մեկ նախկին նախագահ, ինչպես նաեւ նոր իրավական հարցեր՝ Քոչարյանի դեպքում, ի թիվս այլոց, լուրջ խնդիր առ այն, թե արդյոք Հայաստանը նույն արարքի համար նույն անձին երկրորդ անգամ չի ենթարկում քրեական հետապնդման։

Երկու նախկին նախագահ, մեկ շաբաթ-կիրակի

Օգոստոսի 24-ին ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը Խորհրդարանում Փաշինյանին մեղադրեց դատարանների և դատախազների վրա ճնշում գործադրելու մեջ՝ հայտարարելով, որ վարչապետը չպետք է հրապարակայնորեն որոշի, թե ում պետք է կալանավորել կամ զրկել սեփանաությունից։ Փաշինյանը պատասխանեց՝ պահանջելով հայտնել, թե ինչպես է Լևոնի ընտանիքը դարձել միլիոնատեր, և տեսախցիկների առջև հայտարարեց, որ Քոչարյանների ընտանիքը ստիպված է լինելու «հատ-հատ» պետությանը վերադարձնել իր սեփականությունը՝ դա համարելով իր անձնական «քաղաքական առաքելությունը»։ Հաջորդ առավոտյան, տասնյակ հասցեներում խուզարկություններ իրականացնելուց հետո, Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց Լևոնի հորը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին (1998–2008 թթ․), վերջինիս ավագ որդու՝ Սեդրակի և չորս գործընկերների հետ։ Գլխավոր դատախազությունը ավագ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երեք դրվագ), խոշոր չափերի կաշառք ստանալու (երկու դրվագ) և խոշոր չափերի փողերի լվացման (չորս դրվագ) հատկանիշներով՝ պնդելով, որ նա՝ զբաղեցնելով նախագահի պաշտոնը, շուկայականից ցածր գնով պետական սեփականությունից օտարել է արժեքավոր գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության հողատարածքներ, իսկ ավելի ուշ՝ «Տոյոտա Երևան» ընկերությունում ստացված բաժնեմասը, քննիչների գնահատմամբ, կեղծ գործարքների միջոցով փոխանցել է Սեդրակին։ Քննիչները հայտնում են, որ սառեցրել են ընտանիքին պատկանող շուրջ 144 միլիարդ դրամ և ավելի քան երեք տասնյակ անշարժ գույք։ Ձերբակալության ընթացքում զարկերակային բարձր ճնշման պատճառով կարճ ժամանակով հոսպիտալացված Քոչարյանը, 72-ամյակը բոլորելուց մի քանի օր առաջ, օգոստոսի 27-ին ենթարկվեց նախնական կալանքի․ Սեդրակը ձերբակալվել էր դրանից մեկ օր առաջ։ Քոչարյանի գրասենյակը գործն անվանեց «հերթական հարձակում» ընտանիքի դեմ։

Նույն գործի շրջանակներում ներգրավվեց ևս մեկ նախկին նախագահ։ Օգոստոսի 25-ին դատախազները քրեական վարույթ նախաձեռնեցին նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ (2007–2008 թվականներին` Քոչարյանի նախագահության շրջանում, նա եղել է ՀՀ վարչապետը, իսկ 2008–2018 թվականներին՝ Հայաստանի նախագահը)՝ պաշտոնեական լիազորությունները կամ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով։ Գործով անցնում են ևս ինը մեղադրյալներ, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և գործարար Սամվել Մայրապետյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ դեռ չգիտի, թե ինչ մեղադրանք է իրեն առաջադրվել։ Կառավարությունը պնդում է, որ իրականացվող գործողությունները սովորական հակակոռուպցիոն հետապնդումներ են։

Մեղադրյալ, որին դատախազները շարունակաբար մեղադրանք են առաջադրում նույն արարքի համար

Նոր գործը սովորական ընթացակարգ ընկալելու հիմնական խոչընդոտը հենց Քոչարյանի դեմ իրականացված հետապնդումների նախապատմությունն է։ Ըստ էության, դա պետության կողմից դեռևս Փաշինյանի պաշտոնավարման առաջին տարում արված փորձերի շարք է՝ նրան նույն նախագահության շրջանի արարքների համար դատապարտելու համար, որոնք բազմիցս ձախողվել են իրավական, այլ ոչ թե փաստական հիմքերով։ Քոչարյանն առաջին անգամ ձերբակալվեց 2018 թվականին՝ 2008 թվականի մարտի 1-2-ի հետընտրական բողոքի ակցիաները ճնշելու ընթացքում տասը անձանց սպանությունների գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ 2021 թվականի մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը համապատասխան հոդվածը ճանաչեց սահմանադրությանը հակասող, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կարճեց գործի վարույթը։ Նրա դեմ հարուցված կաշառքի, խարդախության և փողերի լվացման առանձին գործը (կապված Քոչարյանների ընտանիքի կողմից Երևանի «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման հետ) կարճվեց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ 2024 թվականի նոյեմբերին դատախազները 2008 թվականի մարտի նույն արարքները դասակարգեցին որպես պաշտոնեական լիազորությունների սովորական չարաշահում և վերաբացեցին գործը․ այդ վերսկսված դատավարությունը դեռևս 2026 թվականի հունիսին վիճարկվում էր վաղեմության ժամկետի հիմքով, երբ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկեց նոր քննության, ինչից հետո դատարանը որոշեց կալանավորել նույն գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Այնուհետև, 2026 թվականի հունիսի 17-ին՝ ընտրություններից տասն օր անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երրորդ անգամ զրկեց Քոչարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ մի գործարքի պատճառով, որն, ըստ նրա փաստաբանի, տեղի է ունեցել 2004 թվականին և նախորդել է Քոչարյանի կամ նրա ընտանիքի որևէ առնչությանը, և վաղեմության ժամկետն արդեն իսկ անցած է եղել։ Հենց այս նախապատմության ֆոնին 2026 թվականի օգոստոսին առաջադրվեցին սեփականության հետ կապված մեղադրանքները, և հատկանշական է, որ Գլխավոր դատախազությունը օգոստոսի 27-ին ստիպված եղավ հանդես գալ հանրային հայտարարությամբ՝ հատուկ հերքելով նոր մեղադրանքների վաղեմության ժամկետն անցած լինելու մասին արդեն իսկ շրջանառվող լուրերը։

Որևէ բան այս ամենից չի ապացուցում, որ 2026 թվականի օգոստոսի գույքային մեղադրանքները նույնական են նախկինում կարճված որևէ մեղադրանքի հետ․ Պաշտպանության նախարարության հողատարածքի վաճառքը և «Տոյոտա Երևան»-ի բաժնեմասերը, ըստ հանրային տվյալների, փաստական այլ հանգամանքներ են, քան 2008 թվականի բռնությունները կամ «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերումը։ Սակայն դրանք բոլորը ենթարկվում են նույն օրինաչափության, և սա հենց այն օրինաչափությունն է, որի դեմ ուղղված են ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածը և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) 14-րդ հոդվածի 7-րդ մասը․ պետությունը նույն անձին, նույն պաշտոնավարման շրջանին առնչվող արարքների համար, իրավական տարբեր վարկածների կիրառմամբ, պարբերաբար առաջադրում է մեղադրանքներ՝ այն բանից հետո, երբ գործի նախորդ վարկածները կարճվել են սահմանադրական կամ վաղեմության ժամկետների հիմքով, այլ ոչ թե ըստ էության (փաստական հիմքերով)։ Յուրաքանչյուր նոր հայց սկսվում է զրոյից ու նոր խորագրով, նույնիսկ այն պարագայում, երբ ինստիտուցիոնալ մոտեցումը՝ կառավարության վճռականությունը՝ Քոչարյանին իր նախագահության համար որևէ դատարանում պատասխանատվության ենթարկելու, անփոփոխ է մնացել 2018 թվականից ի վեր։

«Օրինակելի ընթացքը»․ Կարապետյանը և Հայաստանի էլեկտրական ցանցերը

Քոչարյանի գործը կրկնում է այն «օրինակելի ընթացքը», որը ձևավորվեց «Տաշիր» խմբի սեփականատեր և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պարագայում։ Վերջինս ձերբակալվեց 2025 թվականի հունիսի 18-ին՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցություն հայտնելուց ժամեր անց։ Նույն օրը, վարչապետը հայտարարեց Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման մասին։ Ստոկհոլմի առևտրի պալատի արտակարգ արբիտրը 2025 թվականի հուլիսի 24-ին Հայաստանին պարտավորեցրեց կասեցնել այդ գործընթացը, սակայն հայաստանյան իշխանությունները շարունակեցին ընթացակարգը՝ չնայած որոշմանը։ Իսկ միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցիչը աշխատանքից ազատվեց այն բանից հետո, երբ հրապարակայնորեն հայտարարեց, որ որոշումը պարտադիր իրավական ուժ ունի։

Կարապետյանն ավելի քան վեց ամիս անցկացրեց նախնական կալանքի տակ, այդ թվում՝ արձանագրված մի դեպքում, երբ տնային կալանք սահմանվելուց ընդամենը տասնյոթ օր անց նա հիվանդանոցից վերադարձվեց քրեակատարողական հիմնարկ։ Այդ ընթացքում պետականացումը ձևակերպվեց Սահմանադրության 60-րդ հոդվածի «հանրության գերակա շահի» դրույթով՝ դեռևս չհրապարակված փոխհատուցման չափի։ Նա դեռևս գտնվում էր տնային կալանքի տակ, երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գլխավորեց 2026 թվականի հունիսի ընտրություններում։

Չալաբյանը և «մասշտաբի» խնդիրը

Ոչ բոլոր գործերն են ավարտվում մեղադրական դատավճռով, և նույն ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերից մեկը ակնհայտորեն ցույց է տալիս դա։ «McKinsey» ընկերության նախկին ավագ գործընկեր և ընդդիմադիր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց 2026 թվականի հունիսի 24-ին՝ մեղադրվելով օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնության գալու մեջ՝ արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու նպատակով ճնշելու համար։ Նա մոտ երկու ամիս անցկացրեց նախնական կալանքի տակ, մինչև դատավորը, oգոստոսի 21-ին ըստ էության կայացած առաջին իսկ դատական նիստում, հրաժարվեց խափանման միջոց կիրառելուց և նրան ազատ արձակեց առանց որևէ սահմանափակման։ Սա Չալաբյանի երկրորդ առճակատումն էր Փաշինյանի կառավարության հետ․ նա կալանավորվել էր նաև 2022 թվականին՝ ուսանողներին հակակառավարական ցույցերին մասնակցելու համար վճարելու մեղադրանքով՝ մի գործ, որը Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և ԱՄՆ Պետդեպարտամենտը ժամանակին նշել էին որպես խնդրահարույց, իսկ նրա վերջնական դատավճիռը բողոքարկման արդյունքում բեկանվել էր։

Չալաբյանի ազատ արձակումը արժե դիտարկել քաղաքական ընդդիմախոսների հետապնդման ընդհանուր պատկերի համատեքստում․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (OSCE/ODIHR) դիտորդական առաքելությանը հայտնել են, որ ընտրական փուլում կուսակցության ավելի քան 250 անդամներ կամ աջակիցներ ձերբակալվել կամ կալանավորվել են․ պնդում, որը ԺՀՄԻԳ-ը չի կարողացել անկախաբար ստուգել, քանի որ իշխանությունները պաշտոնական թվեր չեն տրամադրել։ Դատական համակարգը, որն ունակ է առանձին գործով մեղադրյալին անպայմանորեն ազատ արձակել, ընդհանուր առմամբ զուրկ չէ անկախությունից, սակայն հարյուրի հասնող կալանավորումների ծավալը, որն ուղղված է բացառապես մեկ կուսակցության դեմ, դժվար է հաշտեցնել անհատականացված, յուրաքանչյուր կոնկրետ գործի անհրաժեշտությունից բխող հիմնավորումների հետ, որոնք ICCPR-ի 9(3) հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5(3) հոդվածով պահանջվում են յուրաքանչյուր կալանավորման դեպքում՝ անկախ Չալաբյանի գործով տեղի ունեցած ազատ արձակման դեպքից:

Ինչ են պահանջում չափանիշները, և որտեղ է թերանում Հայաստանը

Հայաստանի Սահմանադրությունն ինքնին մեծապես արտացոլում է միջազգային չափանիշները՝ առնվազն թղթի վրա։ 27-րդ հոդվածը թույլատրում է ազատությունից զրկումը միայն հստակ սահմանված, անհատականացված հիմքերով (գլխավորապես՝ որոշակի հանցագործության կատարման հիմնավոր կասկածի առկայության դեպքում) և պահանջում է, որ դատարանը 72 ժամվա ընթացքում հաստատի կալանքի տակ պահելու որոշումը կամ անհապաղ ազատ արձակի անձին։ 63-րդ հոդվածը երաշխավորում է անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի արդարացի և հրապարակային քննության իրավունքը, 66-րդ հոդվածը երաշխավորում է անմեղության կանխավարկածը՝ մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճռի կայացումը, 60-րդ հոդվածը թույլատրում է սեփականությունից զրկումը միայն դատական կարգով, իսկ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը՝ միայն բացառիկ դեպքերում՝ նախնական և համարժեք փոխհատուցմամբ։ 68-րդ հոդվածն արգելում է նույն արարքի համար կրկին դատվելը, իսկ 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը քաղաքական կամ այլ հայացքների հիմքով։ 96-րդ հոդվածն առանձին պաշտպանում է պատգամավորներին անձեռնմխելիությամբ՝ արգելելով նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը կամ ազատությունից զրկելը առանց Ազգային ժողովի համաձայնության (դրույթ, որը կասկածի տակ դրվեց, թեև առերեւույթ չխախտվեց, երբ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը խուզարկություն իրականացվեց՝ առանց նրան ձերբակալելու)։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) 9(3) հոդվածը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 35 Ընդհանուր մեկնաբանությունը լրացնում են անձնական ազատության վերաբերյալ հայաստանյան կարգավորումները․ նախնական կալանքը պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն, և կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է կանխել փախուստը, ապացույցների ոչնչացումը կամ նոր հանցագործության կատարումը։

Այն պետք է հիմնված լինի անհատականացված գնահատման վրա, որը պետք է կրկնվի կալանքի ժամկետի յուրաքանչյուր երկարաձգման ժամանակ, այլ ոչ թե մեկանգամյա եզրահանգում լինի, և տևի հնարավորինս կարճ, իսկ ազատ արձակումը պետք է պայմանավորվի ներկայանալու երաշխիքներով, այլ ոչ թե սկզբնական կասկածի կրկնությամբ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), ՄԻԵԴ-ի՝ 5(3) հոդվածի ներքո ձևավորված չորս հիմքերից բաղկացած հայեցակարգով, պահանջում է, որ կալանքի յուրաքանչյուր հաջորդական երկարաձգում պարունակի նոր և գործի հանգամանքներին համահունչ պատճառաբանություններ։ Դատարանը պարբերաբար արձանագրել է խախտումներ այն դեպքերում, երբ ազգային դատարանները կրկնել են նույն ձևանմուշային ձևակերպումները կալանքի ժամկետների երկարաձգումից երկարաձգում․ մի օրինաչափություն, որն ակնհայտ է «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների, իսկ այժմ՝ Սեդրակ Քոչարյանի և նրա հոր նկատմամբ կայացված կալանավորման երկամսյա որոշումներում։

«Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով նախադեպային իրավունքն է ընկած ՄԻԵԿ 18-րդ հոդվածի հիմքում, որն արգելում է իրավաչափ լիազորությունների (ձերբակալություն, ակտիվների սառեցում, լիցենզիայի զրկում) կիրառումը քաղաքական մրցակցին չեզոքացնելու բուն, թեկուզև չհայտարարված նպատակով։

Այդ գործով Դատարանը Վրաստանի նախկին վարչապետի կալանավորումն ըստ էության ճանաչեց ապօրինի, թեև ձևական իրավական հիմքը առկա էր, քանի որ գերակայող նպատակը նրան քաղաքականությունից հեռացնելն էր։

Նույն չափանիշը կիրառելով Կարապետյանի ձերբակալության նկատմամբ (որը տեղի ունեցավ պետականացման մասին հայտարարության օրը) կամ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսելու նկատմամբ (որը տեղի ունեցավ հաջորդ օրն այն բանից հետո, երբ Փաշինյանն անձամբ հեռուստատեսությամբ հայտարարեց ընտանիքի գույքը բռնագանձելու մասին), կարելի է փաստել, որ Հայաստանում այս պահին չկա որևէ անկախ մարմին, որն ունակ կլիներ այդ սկզբունքը գործնականում կյանքի կոչելու։

Սեփականության իրավունքի մասով իրավական կառուցակարգը նույնկերպ բազմաշերտ է։ ՄԻԵԿ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը պահանջում է, որ սեփականության իրավունքին միջամտությունը լինի օրինական, հետապնդի օրինական նպատակ և պահպանի արդարացի հավասարակշռություն․ հավասարակշռություն, որը, ՄԻԵԴ-ի գնահատմամբ, բացակայում է այն դեպքերում, երբ փոխհատուցումն անորոշ ժամանակով հետաձգվում է կամ երբ ներպետական ընթացակարգերը չեն ընձեռում գույքի գնահատումը վիճարկելու իրական հնարավորություն։

ԵՄ Fundamental Rights Charter-ի (Հիմնարար իրավունքների խարտիա) 17-րդ հոդվածը, որը Հայաստանի համար պարտադիր կդառնա ԵՄ անդամակցության գործընթացի դիտարկման շրջանակում՝ շատ ավելի վաղ, քան օրենքի ուժով Հայաստանի ստանձնած պարտավորություն, ավելի է սրում այս պահանջը՝ պահանջելով փոխհատուցում վճարել «պատշաճ ժամկետում» (in good time), այլ ոչ թե անորոշ խոստումներ տալ՝ չափանիշ, որին ՀԷՑ-ի դեռևս չհրապարակված գնահատումը (լիցենզիայի դադարեցումից ավելի քան մեկ տարի անց) ակնհայտորեն չի բավարարում։

Ինչ վերաբերում է հատկապես ակտիվների սառեցմանը (ի տարբերություն վերջնական բռնագանձման), Եվրոպայի խորհրդի ակտիվների վերականգնման կարգավորումները և ԵՄ 2024/1260 հրահանգը թույլատրում են ժամանակավոր սահմանափակումները միայն այն դեպքում, երբ դրանք կրում են ժամանակավոր բնույթ, համաչափ են ակտիվների թաքցման հիմնավորված ռիսկին և ենթակա են պարբերական դատական վերանայման։ 144 միլիարդ դրամի և երեք տասնյակ անշարժ գույքի անժամկետ սառեցումը, որի մասին Վարչապետը հայտարարեց որպես կանխորոշված եզրակացություն՝ նախքան որևէ դատարանի որոշում, դժվարությամբ է տեղավորվում այն համակարգում, որը կառուցված է ժամանակավոր և վերանայելի միջոցառումների, այլ ոչ թե նախապես կանխորոշված վճիռների վրա։

Իսկ ԵՄ Խարտիայի 47-րդ հոդվածը և ՄԻԵԿ 6(1) հոդվածի՝ անկախ դատարանի երաշխիքը, այս համատեքստում, հանդիսանում են վերը նշված բոլոր դրույթների նախապայմանը․ մնացած բոլոր երաշխիքները (անհատական անհրաժեշտությունը, կալանքի յուրաքանչյուր երկարաձգման նոր հիմքերը, փոխհատուցման իրական դատական քննությունը, 18-րդ հոդվածով նախատեսված քաղաքական նպատակադրումները գնահատելու ունակ մարմինը) ենթադրում են գործադիր իշխանությունից բավարար չափով անկախ դատարան, որն ունակ է այդ պահանջները գործնականում պարտադրել գործադիրին։

Սա հենց այն նախապայմանն է, որի բացակայությունը արձանագրվել է ԵՄ սեփական մոնիտորինգի արդյունքներով։ ԵՄ 2025 թվականի Մարդու իրավունքների և ժողովրդավարության տարեկան զեկույցում, որը վերաբերում է Հայաստանին, արձանագրվել է լիարժեք դատական անկախության շարունակական բացակայություն՝ նախնական կալանքի լայնածավալ կիրառման և քրեական արդարադատությունն ընդդիմադիրների դեմ ուղղելու ռիսկերի համատեքստում։

ԺՀՄԻԳ-ի (ODIHR) դիտորդական առաքելությունը իր հերթին հանգել է նույն եզրակացությանը՝ նշելով ընտրովի արդարադատության ընկալման մասին, որն առաջանում է քրեական գործերի՝ քաղաքական դաշտի միայն մեկ կողմում կենտրոնացվածության պատճառով։

Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովն առանձին ձևակերպել է այն ավելի լայն ախտորոշումը, որին, ըստ էության, հանգում են երկու մարմիններն էլ․ դատական անկախությունը չի սահմանվում սահմանադրական տեքստով կամ վերաքննիչ ատյանների առկայությամբ, այլ նրանով, թե արդյոք քաղաքականապես զգայուն գործերով դատարանները գործնականում հանգում են այնպիսի որոշումների, որոնք գործադիրը նախապես չէր հայտարարել։

Այստեղ ներկայացված փաստերի լույսի ներքո՝

  • վարչապետը հայտարարում է պետականացման մասին նախքան Կարապետյանի գործով դատարանի որոշումը,
  • հայտարարում է Քոչարյանի ընտանիքի ակտիվների բռնագանձման մասին նախքան Քոչարյանի գործով դատարանի որոշումը,
  • դատախազները նույն մեղադրյալին հերթական իրավական հիմնավորումներով նորից են մեղադրում՝ գործերի նախորդ վարկածների իրավական, այլ ոչ թե փաստական պատճառներով ձախողումից հետո,

դեռևս ապացուցված չէ, որ Հայաստանի դատարանները, գործ առ գործ, բավարարում են այդ ախտորոշիչ թեստի պահանջները։

Բրյուսելյան խնդիրը

Փաշինյանի՝ օգոստոսի 24-ի՝ Քոչարյանի ձերբակալությունից ընդամենը մեկ օր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը շուտով ԵՄ անդամակցության հայտ է ներկայացնելու, պատահական չէ այս ամենի համատեքստում։ Կոպենհագենյան չափանիշները թեկնածու պետությունից պահանջում են հասնել ինստիտուցիոնալ կայունության, որը երաշխավորում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և փոքրամասնությունների իրավունքների հարգումը՝ նախքան անդամակցության շուրջ բանակցությունների սկսվելը։ Իսկ 2013 թվականից հետո ԵՄ որդեգրած ընդլայնման մեթոդաբանությունը դատական համակարգը և հիմնարար իրավունքները (1-ին կլաստերի 23-րդ և 24-րդ գլուխները) դնում է բանակցային սեղանին առաջին հերթին և փակում է վերջում հենց նրա համար, որպեսզի դատական համակարգի անկախությունը և քրեական հետապնդման ապաքաղաքականացված լինելը ապացուցվեն տարիների ընթացքում, այլ ոչ թե պարզապես խոստացվեն մեկ անգամ։

Այս հաջորդականությունն ինքնին մի դաս է, որը Բրյուսելը քաղեց նախորդ ընդլայնումներից (առաջին հերթին՝ Բուլղարիայից և Ռումինիայից), որտեղ օրենքի գերակայության բացերը պահպանվեցին անդամակցությունից հետո, քանի որ դրանք չէին ստուգվել բանակցությունների ընթացքում։ Արևմտյան Բալկանների թեկնածությունները և Վրաստանի՝ 2024 թվականից կասեցված գործընթացը ցույց են տալիս, որ նույն պայմանականությունն այժմ կիրառվում է նախապես, ընդ որում՝ Վրաստանի հայտն, ըստ էության, սառեցվեց հենց ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ ուղղված այնպիսի կենտրոնացված գործողությունների պատճառով, որոնք արձանագրված են Հայաստանի վերաբերյալ սույն զեկույցում։

Հայաստանի վերաբերյալ ԵՄ 2025 թվականի զեկույցն արդեն իսկ պարունակում է այն նույն եզրահանգումները, որոնք հաստատում են սույն փաստերը․ նախնական կալանքի լայնածավալ կիրառում, դատական համակարգի ոչ լիարժեք անկախություն և ռիսկ, որ քրեական իրավունքն ուղղվում է ընդդիմախոսների դեմ։ Հայաստանի երկու խոշորագույն ընդդիմադիր ուժերի ղեկավարության դեմ ուղղված ձերբակալությունների և բռնագանձումների շարքը (անկախ յուրաքանչյուր գործի առանձին արժանիքներից, որը ի վերջո կարող են հաստատել միայն Հայաստանի դատարանները) հենց այն իրավիճակն է, որը բացահայտելու համար նախատեսված են 23-րդ և 24-րդ գլուխները։ Երևանը չի կարողանա այս իրողությունը որակել որպես «ներքին գործ», երբ անդամակցության հայտը պաշտոնապես բացվի։

Այստեղ դիտարկված գործերից և ոչ մեկով չկա վերջնական դատական վճիռ, և հայաստանյան պաշտոնյաները յուրաքանչյուրով ներկայացրել են որոշակի փաստական հիմնավորումներ։ Սակայն ծավալը, պահը, նույն մեղադրյալներին պարբերաբար նոր մեղադրանքներ առաջադրելը և վեճերն այն մասին, թե արդյոք արարքները ենթակա են քրեական հետապնդման, այլևս առանձին, մեկուսացված միջադեպեր չեն։ Դրանք համակարգային օրինաչափություն են և համաձայն Հայաստանի սեփական սահմանադրական դրույթների, և ԵՄ չափանիշների, ապացուցման բեռն այժմ ընկած է կառավարության վրա՝ գործ առ գործ ցույց տալու, որ այդ օրինաչափությունն այն չէ, ինչ թվում է առաջին հայացքից։

ՀՐԱՅՐ ԲԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31