«Տաշիր» հիմնադրամն այս տարի դպրոցական պայուսակներ չի նվիրի. պատճառը ՏԻՄ ընտրություններն են
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս տարի սեպտեմբերին ընդառաջ դպրոցական պայուսակներ, անհրաժեշտ գրենական պիտույքներ չի նվիրում։ Դրա պատճառը սպասվող ՏԻՄ ընտրություններն են։ Այս մասին հրապարակված տեսանյութում ասում է հիմնադրամի փոխտնօրեն Հերմինե Ղազարյանը։
«Ցավոք, այս տարի, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, վստահ եղեք, որ մեր սերն ու հոգատարությունը ձեր նկատմամբ անփոփոխ է»,- ասում է հիմնադրամի փոխտնօրենը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ մի շարք քրեական վարույթներ նախաձեռնվեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կամ համակիրների նկատմամբ հենց բարեգործության արգելքը խախտելու հոդվածով։ Այդ թվում Գոհար Ղումաշյանը բերման ենթարկվեց, և նրան մեղադրանք առաջադրվեց նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման համար։

