
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն իր կնոջ Քեյթի՝ քաղցկեղի դեմ քիմիաթերապիա ստանալու մասին հայտնելուց հետո առաջին անգամ ապրիլի 18–ին վերադարձել է իր հանրային պարտականությունների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Ուելսի 42-ամյա արքայադուստրը՝ Քեյթ Միդլթոնն անցյալ ամիս տեսաուղերձով հայտնել էր, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել:
Արքայազն Ուիլյամն այդ ժամանակվանից չէր մասնակցում պաշտոնական արարողություններին:
Ապրիլի 18–ին Ուիլյամն առաջին անգամ երևացել է հանրությանը: Նա լավ տրամադրություն է ունեցել սննդի բաշխման բարեգործական կազմակերպություն այցի ընթացքում, խոսել է անձնակազմի հետ ու օգնել նրանց:
Կամավորներից մեկը շուտափույթ առողջություն է մաղթել Քեյթին և Ուիլյամի հորը՝ Չարլզ 3–րդին, ով նույնպես բուժում է անցնում քաղցկեղի դեմ:
«Օ, դուք շատ բարի եք, շատ շնորհակալ եմ», – ասաց արքայազնը կամավորին: