Դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը
Դանիայի Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային տրակտի դեղամիջոցների՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունումը կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են Alzheimer’s & Dementia (A&D) ամսագրում:
Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (PPIs) դեղերի խումբ են, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվի արտադրությունը: Դրանց ընդունման երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 60-ից 75 տարեկան ավելի քան 983 հազար մարդկանց շրջանում: Փորձարկվողների առողջության մասին տեղեկություններ հավաքելուց հետո սկսվել է դիտարկման շրջան, որը տևել է 18 տարի։
Հետազոտության ընթացքում 99,384 մասնակիցների մոտ առաջացել է դեմենցիա: Պարզվել է, որ այս հիվանդությամբ հիվանդների մոտ 21,2%-ն ընդունել է առնվազն երկու պրոտոնային պոմպի ինհիբիտորներ՝ առողջ մասնակիցների խմբի 18,9%-ի դիմաց:
Հետազոտողները նշել են, որ կոգնիտիվ լուրջ խանգարումների հավանականությունը ամենաբարձրն է այն մասնակիցների մոտ, ովքեր օգտագործել են պրոտոնային պոմպի ինհիբիտորներ ավելի քան 15 տարի: 60-69 տարեկան հասակում թուլամտությունն ավելի հաճախ է ի հայտ եկել այն սուբյեկտների մոտ, ովքեր կանոնավոր կերպով ընդունել են պրոտոնային պոմպի ինհիբիտորներ: