Հայաստանն Իրանի համար է դեպի հյուսիս «շնչուղի», Իրանն էլ իր հերթին՝ «շնչուղի» է Հայաստանի համար դեպի հարավ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում։ Այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Դեսպան Սոբհանին ասաց, որ լարվածության աճն ի վնաս է և տարածաշրջանի ժողովրդին, և  Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններին։

«Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում հանգստություն և զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության մասին իրենց երկխոսությունը։ Մենք գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից են երկխոսությունը և դիվանագիտությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունն ու միջազգային իրավունքները հարգելը։ Երբեք պատերազմը խնդիրներ չի լուծել, անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասաց ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։

Ինչ վերաբերում է հայ-իրանական կոմունիկացիոն համագործակցությանը,  դեսպան Սոբհանին ասաց, որ դա երկկողմ հարաբերությունների կարևորագույն հատվածներից է։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Հայաստանն Իրանի համար է դեպի հյուսիս և Սև ծով  «շնչուղի», Իրանն էլ իր հերթին՝ «շնչուղի» է Հայաստանի համար դեպի հարավ, դեպի Պարսից ծոց, Օմանի ծոց և Հնդկաստան։

«Առաջիկայում կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու  փոխադրումների, ինչպես նաև տարանցման ոլորտում, որն իր մեջ ներառելու է փոխադրումների վճարների նվազեցում»,- ասաց դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս