Մեր երկրում ժողովրդավարության որևէ նշույլ չկա. Ալավերդիում համայնքի զավթման հետևում կանգնած է ողջ իշխանական համակարգը. Արկադի Թամազյան
««Freedom house»-ը հրապարակել է իր հերթական զեկույցը, որտեղ անդրադարձել է կետ առ կետ, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ՏԻՄ և համայնքային ընտրություններին ձևացրել, թե պահպանում է թափանցիկությունը, մինչդեռ արձանագրել են վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումը նախընտրական քարոզարշավներում։
Այս համատեքստում «Freedom house»-ն անդրադարձել է նաև Ալավերդի համայնքում նախորդ տարի տեղի ունեցած միջադեպին, երբ գործող համայնքապետին իշխող թիմը հեռացրեց։
«Անցյալ տարի մի քանի համայնքներում կատարված փորձերից հետո իշխող կուսակցությունը դեկտեմբերին հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին: Թամազյանը գլխավորել էր «Երկիրը դեպի կենդանի» և «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցությունների նեղ կոալիցիան, սակայն մեկ այլ՝ «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդական լքեց կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագրին» տվեց անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ մեծամասնությունը: ՔՀԿ-ները զգուշացրել են, որ քաղաքապետի իմփիչմենթն իրականացվել է ապօրինի, և տեղեկություններ կային, որ Ալավերդու ավագանու անդամները ճնշումների են ենթարկվել ազգային գործադիր և օրենսդիր մարմինների կողմից»:
Զեկույցում ասվում է, որ Թամազյանի հեռացումն ապօրինի էր:
168.am-ի հետ զրույցում Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը խոսելով «Freedom house»-ի զեկույցի մասին, ասաց.
«Մինչև այդ զեկույցը, մենք բազմիցս ասել ենք, որ Ալավերդիում տեղի ունեցածը ժողովրդավարության տապալում էր, բռնազավթում էր համայնքի՝ ոստիկանապետության օրոք Ալավերդիում տեղի ունեցավ համայնքի բռնազավթում։
Այսինքն՝ ոստիկանական ուժեր կենտրոնացրեցին, զավթեցին համայնքը, մի քանի օր հետո նոր համայնքապետի երդմնակալությունը նույնպես կատարեցին ոստիկանական ուժերի հետ միասին։ Ամեն ինչ շատ պարզ է»։
Ըստ նախկին համայնքապետի, իշխանությունների այս ապօրինի գործողություններից հետո դիմել են դատարան, և ինչպես սպասելի էր՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է ապօրինի որոշում։ Այժմ դիմել են Վերաքննիչ դատարան։
«Այս ամենի հետևում կանգնած է ամբողջ իշխանական համակարգը՝ ՔՊ կուսակցության ղեկավար կազմից սկսած, մինչև ՏԿԵ նախարար, վերջացրած Արեն Մկրտչյանով։
Այսօր Հայաստանում այնպիսի իրադարձություններ են կատարվում, որ «Freedom house»-ի զեկույցն իշխանությունների համար երրորդային հարց է, անհնարին է, որ նրանք հետևեն այդ զեկույցին ու իրենց քայլերը շտկեն։
Մեր երկրում ժողովրդավարության որևէ նշույլ չկա»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հարցին, եթե դատարանը վերականգնի արդարությունը՝ կվերադառնա պաշտոնին, Արկադի Թամազյանը պատասխանեց.
«Դա քննարկելու հարց է, ամեն դեպքում, այս իշխանությունների օրոք պաշտոնի վերադառնալը կհանգեցնի այն վերջնական քայլերին, որոնց իրենք գնում են, նույն Մամիկոն Ասլանյանի ու մյուսների օրինակը կա։ Այս իրավիճակում ամեն ինչ պարզ է, բայց մենք դրանից չենք վախենում, պատրաստ ենք, պայքարելու ենք մեր պետության, պետականության և, ինչո՞ւ չէ, Տեղական ինքնակառավարման համար»։
Հիշեցնենք՝ նախորդ տարի դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան Ալավերդի համայնքում հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին համայնքապետարանի շենքը, որպեսզի ապահովեին համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը։
Այդ գործընթացին միացել էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Կարմիր բերետավորները թույլ չէին տալիս, որպեսզի «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցության ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք, և այդ պայմաններում էլ ՔՊ-ական ավագանու անդամներն անվստահություն հայտնեցին համայնքապետ Արկադի Թամազյանին։ Այդ ընթացքում հասցրել էին նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանին «ընտրել» համայնքապետ։
Երեկոյան արդեն Ալավերդի համայնքում կրքերը հանդարտվել էին, Արկադի Թամազյանը հեռացվել էր, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը՝ զբաղեցրել համայնքապետի պաշտոնը։
Ավագանու ՔՊ-ական անդամները դեռ նոյեմբերի վերջին էին սկսել խոսել Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու մասին, սակայն դրա հիմքերի մասին ոչինչ չէին ասել։