«ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է, ընդդիմության գործունեության իմաստն իշխանության գալն է». Արեն Մկրտչյան

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում իրավիճակը խիստ լարված էր. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել էր հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին և նրա փոխարեն նշանակել ՔՊ-ի թեկնածուին։

Երեկ Ալավերդի էր գնացել նաև ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին վիրավորել էր՝ ասելով. «Դավայ դուրս արի ստեղից, չմո, համբալ»։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արեն Մկրտչյանը փորձեց արդարացնել իր պահվածքը՝ ասելով, որ իրեն վիրավորել են, ինքն էլ համարժեք պատասխան է տվել։

«Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ գումարել է նիստ՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու համար՝ իրացնելու իր իրավունքները։ Դա ֆրակցիայի, ավագանու անդամի իրավունքն է։ Նիստի օրն առավոտյան ժամը 08։00-ին Ալավերդու համայնքապետը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք, նաև հանրահավաքի ընթացքում փորձ է արվել մասնակիցներին հրավիրել շենքի ներս, փորձել են մուտքերը փակել։ Այդպիսով նաև խոչընդոտ կստեղծվեր ավագանու անդմաների՝ իրենց իրավունքներն իրացնելու հարցում։

Կարդացեք նաև

Մենք տարածել ենք հայտարարություն, որ հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու համար զանգեր են արվել մանկապարտեզների, բուժհաստատությունների տնօրեններին, վարչական ղեկավարներին և հորդորել, կոչ արել ժամը 08։00-ին լինել հանրահավաքի վայրում՝ իբր ժամը 09։30-ին տեղի է ունենալու բյուջեի քննարկում, տնօրեններին կոչ են արել ներկայանալ հաշվապահների հետ»։

Ըստ իշխանական պատգամավորի, համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռը փակ է եղել, իսկ համայնքապետին անվստահություն հայտնելու ժամը կարգավորվում է օրենքով։ Աշխատակազմից որևէ մեկը ներկա չի եղել՝ ապահովելու նիստի ընթացքը։

Նա նաև ասաց, որ իրենք իրենց համախոհներին կոչ չեն արել գալ Ալավերդու համայնքապետարանի մոտ՝ արյունահեղությունից խուսափելու համար, փոխարենը՝ գրությամբ դիմել են իրավապահ մարմիններին, որպեսզի գան և տեղում ապահովեն ՔՊ-ական ավագանու անդամների իրավունքների իրացումը։

Լրագրողի հարցին՝ իսկ ո՞րն է ժողովրդավարությունը՝ խլել ժողովրդի ձա՞յնը, քվեատո՞ւփը, քանի որ փաստացի ՔՊ-ն Ալավերդիում չի ընտրվել, Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ այդ հարցին արդեն պատասխանել է։

«Ի՞նչ է նշանակում խլել։ ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է, և ընդդիմության գործունեության իմաստն իշխանության գալն է՝ քաղաքական տրամաբանության մեջ։ Շատ նորմալ է, որ ընդդիմությունը փորձում է դառնալ իշխանություն իրավական ճանապարհով»,- նշեց Արեն Մկրտչյանը՝ շեշտելով, որ ՔՊ-ն ավագանու 9 անդամներով կարող է ավագանու նիստ հրավիրել, օրենքը թույլ է տալիս։

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած  ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել. օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։ Ուստի,
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։

Հոկտեմբերի 12-ին Ալավերդիի նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ իրականացնելով համատեղ կառավարում:

Հիշեցնենք նաև, որ օրերս ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրավիրած մամուլի  ասուլիսի ժամանակ խոսելով Ալեվերդիում իրենց թեկնածուին պաշտոնից հեռացնելու իշխանությունների փորձերից՝ ասել էր.

«ԿԸՀ-ն աշխատում է ՔՊ-ի ղեկավարությամբ և կոորդինացիայով՝ համագործակցելով քննիչ-պատժիչ մարմինների հետ՝ ճնշումներ գործադրելու նպատակով։

ԿԸՀ-ին ես կանվանեի նաև ռազմապատժիչ հանձնաժողով, որովհետև այս արշավին միացել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն անձամբ իրականացնում է այդ ճնշումների կոորդինացիան՝ շատ դեպքերում օգտագործելով ՊՆ-ի և առհասարակ բանակի ռեսուրսները»։

Իսկ ինչ վերաբերում է երեկվա նիստին, ապա Արկադի Թամազյանի պնդմամբ՝ այն տեղի է ունեցել անօրինականություններով։ Իրենց թույլ չեմ տվել մասնակցել նիստին։

ՔՊ-ն օրենքի խախտումներով, ուժի գործադրմամբ քվեարկություն է անցկացրել ու պաշտոնից հեռացրել համայնքապետ Թամազյանին։

Խնդիրն այն է, որ օրենքով նիստը սկսելուց առաջ ավագանին պարտավոր էր կես ժամ սպասել համայնքի ղեկավարին, չներկայանալու դեպքում նիստը պետք է վարեր նրա տեղակալը, կամ տարիքով մեծ ավագանու անդամը։ Սակայն նիստը սկսել են օրենքի խախտումով, և 10։25-ին արդեն քվեարկությունն ավարտված է եղել:

Տեսանյութեր

Լրահոս