Դատարանը Դավիթ Գալստյանին կալանավորելու հիմք է ընդունել գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը. Փաստաբան

Երեկ կեսգիշերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին։

Երեկ առավոտյան պատգամավորին բերման էին ենթարկել և ձերբակալել։ Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ «ՀՀ-ում աhաբեկչական և իշխանությnւնը զավթելnւն ուղղված գործողություններ իրականացնելու» գործի շրջանակում։

Կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակելուց հետո, Դավիթ Գալստյանի փաստաբանը՝ Սլավիկ Պողոսյանը, ասել էր, որ կալանքի ընթացքում գործելու են սահմանափակումներ, Դավիթ Գալստյանը կարող է տեսակցել միայն մերձավոր ազգականների հետ։

Այսօր 168.am հետ զրույցում Սլավիկ Պողոսյանն ասաց, որ իր գործընկերը՝ Դավիթ Գալստյանի մյուս փաստաբանը, արդեն ծանոթացել է  դատարանի որոշման հիմքերին։

Կարդացեք նաև

«Դատարանի որոշման հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Հիմնավոր կասկածը, բնականաբար, հաստատված է համարել, թեև քննիչը բոլոր 3 հիմքերը դրել էր, սակայն դատարանը միայն հաստատված է համարել գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը»,- նշեց փաստաբանը։

Նա նաև փոխանցեց, որ դատարանի որոշումը միանշանակ բողոքարկելու են՝ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

«10-օրյա ժամկետ է սահմանված, այդ ժամկետներում մենք մեր բողոքը կներկայացնենք»,- ընդգծեց Սլավիկ Պողոսյանը։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Հիշեցնենք, որ իրավապահները երեկ վաղ առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Սրբազան պայքարի» մի խումբ աջակիցների, այդ թվում՝ պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում, որից հետո Բագրատ սրբազանին և պայքարի մի խումբ աջակիցների բերման ենթարկեցին, ձերբակալեցին, այնուհետև դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորեցին։

Կրկին ՔԿ հաղորդագրության համաձայն, նրանք պատրաստվել են Հայաստանում իրականացնել «ահաբեկչություն ու իշխանազավթում»։

Տեսանյութեր

Լրահոս