Դավա՛յ, ա՛յ համբալ, դուրս արի. ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ Ալավերդու գործող համայնքապետին

Այսօր առավոտից իրավիճակը Ալավերդիում լարված է։ Երևանից ոստիկանական մեծ ուժեր են բերվել Ալավերդի, որպեսզի ուժի գործադրմամբ Ալավորդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին հեռացնեն իշխանությունից։

ՔՊ-ն օրենքի խախտումներով, ուժի գործադրմամբ քվեարկություն անցրացրեց ու պաշտոնից հեռացրեց համայնքապետ Թամազյանին։

Ավագանու 27 անդամից 14-ը կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին: Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

Խնդիրն այն է, որ օրենքով նիստը սկսելուց առաջ ավագանին պարտավոր էր կես ժամ սպասել համայնքի ղեկավարին, չներկայանալու դեպքում նիստը պետք է վարեր նրա տեղակալը, կամ տարիքով մեծ ավագանու անդամը։ Սակայն, ինչպես նշեցինք՝ նիստը սկսել են օրենքի խախտումով, և 10։25-ին արդեն քվեարկությունն ավարտված է եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում լրագրողներին ասաց Ալավերդու համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։

Նիստերի դահլիճում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց դահլիճում, և ոստիկանները ուժով դուրս տարան Մեսրոպ Առաքելյանին։

Նշենք, որ սենյակում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը. նրա և Թամազյանի միջև լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին, ինչից հետո ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։

«Ամո՛թ ձեզ, պարո՛ն Մկրտչյան, քո խոսքերի համար ժողովրդին ես պատասխան տալու։ Ամո՛թ քեզ, քո նմանին էլ պատգամավոր են ընտրել»,- դիմելով ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանին՝ ասաց համայնքի ղեկավարը։

Արեն Մկրտչյանն արձագանքեց. «Զոռբայությամբ հարց չի լուծվում, դավայ, դուրս արի ստեղից»:

«Չափերդ ճանաչիր, սրիկայի մեկը, կսատկացնեմ, այ սրիկա»,- հակադարձեց Թամազյանը:

Լարված իրավիճակից հետո, Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնություն է ժամանել։

Տեսանյութեր

Լրահոս