Հայաստանում թրքախոսներ կբնակեցնե՞ն. Ղազախստանը հյուպատոսություն ո՞ւմ համար է բացում. Կարեն Իգիթյան
Ապրիլի 15-ին առաջին անգամ պաշտոնական մեկօրյա այցով Հայաստան ժամանեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը Հայաստանում հանդիպում ունեցավ՝ ինչպես Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և այլ պաշտոնյաների հետ։
Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ Ղազախստանի նախագահը հարցազրույց տվեց «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ ընդգծելով՝ իրենք մտադիր են խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։
«Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը»,- ասել էր Ղազախստանի նախագահը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Ղազախստանի նախագահի այս ցանկությանը, կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը շեշտեց՝ սովորաբար պետություններն այլ երկրներում հյուպատոսական գրասենյակներ են բացում, եթե տվյալ երկրում ունեն քաղաքացիներ, Հայաստանում ղազախ բնակչություն չի ապրում, հետևապես՝ հարցեր է առաջացնում ղազախական կողմի այս պատրաստակամությունը։
«Ի՞նչ պետք է անի Ղազախստանի հյուպատոսն Արարատի կամ Արագածոտնի մարզում. իսկ գուցե ենթադրում են, որ այնտեղ շուտով թրքախոս բնակչությո՞ւն պետք է ապրի, չէ՞ որ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իր պլանից, գուցե հիմա Ղազախստանը դրան է պատրաստվում։ Հայաստանում կա դեսպանատուն, հիմա հավելյալ խոսում են հյուպատոսություններ բացելու մասին այն դեպքում, երբ Հայաստանում ղազախ բնակչություն չկա, ուստի հյուպատոսության բացումն Արարատում և Արագածոտնում մի քաղաքական ակտ է, որի նպատակը մտածելու տեղիք է տալիս»,– ասաց Կարեն Իգիթյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի իշխանությունը լավացնում է իր հարաբերությունները թրքախոս պետությունների հետ, լավացնում այնպիսի պետությունների հետ, որոնց ներկայացուցիչն այս տարածաշրջանում Թուրքիան է, իսկ այդպիսի պետություն է, օրինակ, Մեծ Բրիտանիան, որի հետ Հայաստանի իշխանությունն ակտիվորեն աշխատում է։
Արդյո՞ք այդ աշխատանքի արդյունքում Հայաստան կտեղափոխվեն մեծ Բրիտանիայում ապրող փախստականները, ինչպես գրել է բրիտանական The Times-ը, հերքել՝ ՀՀ ԱԳՆ-ն, Կարեն Իգիթյանն արձագանքեց՝ իսկ ո՞վ ասաց, որ Բրիտանիայի հետ այդ հարցով բանակցում է ՀՀ ԱԳՆ-ն, իսկ գուցե այլ մարմին և կառույց է բանակցում։
«Ստացվում է՝ իրենք պատրաստվում են Հայաստան բերել մի զանգված, որոնք Բրիտանիային այլևս պետք չեն՝ կա՛մ չեն աշխատում, կա՛մ վտանգավոր են։ Ի դեպ, վտանգի մասին խոսում են Իրանից որոշ փորձագետներ ու նշում՝ գուցե այստեղ տեղափոխվեն իսլամիստներ՝ կրոնական ծայրահեղական խմբեր, որոնք Բրիտանիայում շատ են։ Հայաստանն այդ դեպքում կառնչվի խնդիրների հետ, որոնց մինչև հիմա չի առնչվել։
Պատկերացրեք՝ այս մարդկանց մեծամասնությունը մուսուլման է, և Բրիտանիան պահանջելու է պաշտպանել նրանց շահերը։ Ովքե՞ր են լինելու այդ շահերի պաշտպանողները, իհարկե, Թուրքիան, Ադրբեջանը, և, չի բացառվում, որ նաև Հայաստանում նշանակված ղազախ հյուպատոսը»,- ասաց Կարեն Իգիթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։