Չկրակելու հրամանին հավասարազոր գործողություն է. զինծառայողին իր գործողություններում կաշկանդում են, ստիպում անպաշտպան զգալ, բայց Ադրբեջանի մոտ այդ ժեստերը չեն անցնելու. Շիրազ Խաչատրյան

Ապրիլ ամսվա սկզբից Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անկանոն կրակոցներ է արձակում, ինչի հետևանքով տներին, գերեզմաններին վնասներ են հասցվել, սակայն դրանցում իշխանությունը վտանգ չի տեսնում։ Սրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է նաև տեղեկատվական գրոհը:

Ի դեպ, ապրիլի 10-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր մեկ վիրավորի մասին, ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ Սահմանապահ զորքերն իրականացնելու է քննություն, և, որ արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:

Այսօր արդեն ՀՀ ԱԱԾ-ն միջադեպի՝ փոխհրաձգության և ադրբեջանցի սահմանապահի վիրավորման համար մեղադրել է հայ սահմանապահներին, որոնք փորձել են հետ բերել մոլորված հովվին ու հոտը:

Չմոռանանք, որ Ներքին Հանդի դեպքի ժամանակ ՀՀ ռազմական ոստիկանությունը ևս հայ դիրքապահին էր մեղադրել:

Կարդացեք նաև

168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ հարցազրույցում փորձել է պարզել՝ ինչի՞ մասին են հուշում ադրբեջանական գործողությունները, և ի՞նչ վտանգ է իր մեջ պարունակում ԱԱԾ-ի և ՀՀ զինված ուժերի վերոնշյալ քաղաքականությունը և ոչ միայն:

– Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում իր կեղծ տեղեկատվություններով, հաճախակի դարձած կրակահերթերի միջոցով փորձում է առաջնագծում նոր սադրանքներ հրահրել։ Եթե փետրվարի սկզբից Ներքին Հանդի դիրքերում ադրբեջանական զինուժի գործողություններից հետո մինչ այս պահը լուրջ միջադեպեր չէին գրանցվել, ապա երկու օր առաջ Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մեր և ադրբեջանական սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր է ունեցել, իրավիճակը կարող է նորից կտրուկ սրվել։ Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցային գործընթացներում հնչող ագրեսիվ բառապաշարի հետ մեկտեղ՝ լեգիտիմ հիմքեր ստեղծի առաջնագծում գործողությունների դիմելու, հայկական կողմի վրա ճնշումներն էլ ավելի մեծացնելու համար։

Ներքին Խնձորեսկի ուղղությամբ տեղի ունեցած դեպքը լավ պատրվակ է ադրբեջանական կողմի համար։ Այդ միջադեպը նաև հետաքրքիր նրբերանգ է իր մեջ պարունակում այն առումով, որ փոխհրաձգություն է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանային այն հատվածում, երբ շուրջ երեք տարի այդ մասերում որևէ լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Այսինքն՝ մինչ այս պահն «անձեռնմխելի» համարվող սահմանապահների պահպանման հատվածները նույնպես վերածվում են թեժ կետերի։

Իսկ անվտանգային այդ ռիսկերը լավ գիտակցելով, հայկական իշխանությունները լրիվ հակառակն են անում՝ փորձելով ԶՈՒ ստորաբաժանումները դուրս բերել և դրա փոխարեն սահմանի այս կամ այն հատվածում տեղակայել սահմանների պաշտպանության թույլ ֆունկցիա կատարող մեր սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։ Դա այս իշխանությունների մտահղացումն է, և չեմ զարմանա, որ հաջորդ նման փոփոխությունը տեղի ունենա հենց Տավուշի հատվածում։

Ի դեպ, Ներքին Խնձորեսկի միջադեպը ռիսկեր է պարունակում նաև այն առումով, որ ԱԱԾ-ն հայ սահմանապահներին մեղադրել է սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելու մեջ՝ «վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը»:

Առաջին, ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ, երբ սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունեցել դե յուրե: Երկրորդ, առաջին դեպքը չէ, որ պատասխանատվությունը բարդում են հայ զինծառայողի վրա, և այդ ձեռագիրը ոչ մի լավ տեղ չի տանում: Ի՞նչ տարբերություն, չկրակելու հրամանին հավասարազոր գործողություն է, ըստ էության, ավելին, բարոյահոգեբանական առումով զինվորն իրեն անպաշտպան է զգում և զգալու, և իր գործողություններում կաշկանդված է և գնալով ավելի կաշկանդված է լինելու: Այսինքն, այս իշխանություններն ամեն ինչ անում են թուրքերին գոհացնելու համար՝ չմտածելով իր զինծառայողի, սահմանապահի, հայրենիքի ու պետական սահմանի պաշտպանության համար: Բայց որքան էլ նմանօրինակ ժեստեր անեն, Ադրբեջանի մոտ դա չի անցնելու՝ իրենց ծրագրերի իրականացման առումով:

– Ակնարկեցիք Տավուշում հնարավոր փոփոխության մասին, ի՞նչ անվտանգային ռիսկերի է բերելու զորքի դուրսբերումը Տավուշի հատվածից և սահմանապահների տեղակայումը։ Ի դեպ, Տավուշի հատվածում Ադրբեջանը սահմանապահ զորքեր ունի վաղուց:

– Երբ մեր իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարում են, թե սահմանի հսկողությունը սահմանապահ ծառայությանը հանձնելն էականորեն նվազեցնելու է հետագա նոր կոնֆլիկտների հավանականությունը, ես սարսափում եմ այդ մտքից միայն այն պատճառով, երբ, օրինակ, համեմատության մեջ եմ փորձում դիտարկել մեր սահմանապահ զորքերի և ադրբեջանական պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների հնարավորությունները՝ կառուցվածքի, զինանոցի, զինատեսակների, զրահատրանսպորտային, օդային տրանսպոտի, զրահատեխնիկայի համալրվածության և այլ առումներով։

Փաստացի, զուտ սահմանի հսկողություն իրականացնող հայկական սահմանապահ ստորաբաժանումների առաջ տեղակայված է լինելու մինչև ատամները զինված թշնամու մեծաքանակ պատրաստված բանակ։ Եթե այս ամենը հաշվի առնելով՝ այս իշխանությունները սկզբունքորեն գնում են իրենց պատկերացրած ճանապարհով, ապա մոտ ապագայում ունենալու ենք ավելի թույլ պաշտպանված և խոցելի սահմաններ։

Նիկոլ Փաշինյանը խոսում է նաև Տավուշի հատվածում նոր ճանապարհների ու ենթակառուցվածքների մասին, իրենց խոսքերով ասած, «ադրբեջանական գյուղերի» հանձնումից հետո։ Կա՞ նման հնարավորություն, և որքանո՞վ է դա անվտանգություն ապահովելու Կիրանցի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակչության համար։

– Թե ի՞նչ է սպասվում Տավուշի, նաև Լոռվա մարզի բնակավայրերին, ի՞նչ անվտանգային ռիսկեր են առաջանում մարզով անցնող ճանապարհների, կարևոր նշանակության ենթակառուցվածքների համար՝ այդ գյուղերը հանձնելու դեպքում, արդեն բավականին մատչելի ձևով տարբեր փորձագետների, մասնագետների ու քաղաքական գործիչների կողմից բացատրվել է։

Պարզ է, որ Տավուշի մարզի բազմաթիվ բնակավայրերի, Իջևան, Նոյեմբերյան քաղաքների, հարակից գյուղերի խոցելիությունը մի քանի անգամ մեծանալու է, հատկապես ադրբեջանցիների՝ Վերին Ոսկեպարի հատվածում մխրճվելուց հետո։ Այդպիսի պատկեր մենք ունեցանք Գորիս-Կապան մայրուղին թշնամուն հանձնելուց հետո, երբ ուղղակի խաթարվեց մարզի շատ բնակավայրերի բնականոն կյանքը։

Իսկ նոր ճանապարհների ու ենթակառուցվածքների մասին խոսելուց ընդամենը մեկ բան կարող ենք հիշել և փաստել․ երեք տարի շարունակ կառուցում, վերանորոգում, փակում և բացում են Տաթև-Աղվանի ճանապարհը, Շուռնուխում 13 բնակելի տների շինարարությունը սկսել ու չեն ավարտում արդեն երկու տարուց ավելի, ոչ բարվոք վիճակում է Կապան-Ճակատեն նոր կառուցված ճանապարհահատվածը, հիմա եկել խոսում են նոր ճանապարհների, տարբեր ենթակառուցվածքների, թունելների շինարարություններից։ Եվ այժմ նույն իրավիճակն է ստեղծվում Տավուշի մարզի բազմաթիվ բնակավայրերի դեպքում, և այստեղ ոչ միայն Կիրանց, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերն են մեկուսանում, այլ թշնամու կողմից ուղիղ նշանառության տակ են հայտնվում նաև Իջևանից Բերդ, Իջևանից Նոյեմբերյան տանող ճանապարհներն ու դրանց հարակից բնակավայրերը։

Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ ո՞ր ուղղությամբ սպասել, և ի՞նչ բնույթ կարող են կրել՝ հարձակում դիրքերի՞ ուղղությամբ, թե՞ բնակավայրերի։ Ի դեպ, իշխանությունները շատ են խոսում ամրացված շրջանների մասին՝ որպես անվտանգային և պաշտպանության երաշխիքի։

– Կդժվարանամ ասել, թե հնարավոր էսկալացիայի դեպքում ադրբեջանական կողմը ո՞ր ուղղությամբ կարող է գործել, գիտեք, որ բազմաթիվ խոցելի ուղղություններ ունենք։ Այստեղ պետք է հասկանալ, թե տվյալ պահին մարտավարական ինչ խնդիր է փորձում լուծել թշնամին, ի՞նչ նոր ստրատեգիական նշանակության «կետերի» կարող է տիրանալ, ո՞ր ուղղություններով կարող է ավելի խորանալ մեր տարածքներում։

Իսկ ինչ վերաբերում է ամրացման շրջաններին՝ նշեմ, որ իշխանական մի շարք պատգամավորների կողմից հնչեցվող ամպագոռգոռ հայտարարությունները միայն քարոզչական նպատակ են հետապնդում, ու իրենց ներքաղաքական գործունեության մեջ զուտ էժան շահարկումներով են զբաղված։

Պետք է հասկանալ՝ ամրացված շրջանների իրական նշանակությունն ինչո՞ւմ է, պետք է այդ շինությունների դերը դիտարկել ընդհանուր պաշտպանության կազմակերպման տեսանկյունից, անջատ-անջատ այդ կառույցների նշանակությունը գրեթե զրոյանում է։ Թույլատրելի սահմաններում շատ բան չեմ կարող ասել, բայց մեկ ցավալի բան պետք է նշեմ․ ինչ կառույցներ, ենթակառուցվածքներ էլ որ լինեն, ինչ թունելներ կամ չինական մեծ պարիսպներ կառուցվեն, եթե ներկա ռազմաքաղաքական ղեկավարությունը նույն 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած բազմաթիվ մարտական գործողությունների ժամանակ ունեցած կառավարման մակարդակը ցուցաբերի, ապա ամեն բան ապարդյուն է արվում։

Ի դեպ, ինչո՞ւ են Ֆրանսիայի պաշտոնյաները ՀՀ-ին զենք մատակարարելու մասին անընդհատ գրառումներ անում՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի: Ո՞րն է նպատակը՝ բարկացնել Թուրքիայի՞ն, Ռուսաստանի՞ն, ՀՀ-ին արջի ծառայությո՞ւն են մատուցում, թե՞…  Ի վերջո, հետևանքը ՀՀ-ն է կրում:

– Այստեղ առաջնահերթ խնդիր ունենք մենք, ավելի ճիշտ՝ ՀՀ ներկայիս իշխանությունները, որոնք երկիրը տանում են ավելի շատ տարբեր գեոպոլիտիկ կենտրոնների բախումների դաշտ, քան փորձում են առանց հակադրությունների զարգացնել հարաբերություններն այդ նույն կենտրոնների հետ։ Հասկանալի է, որ Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում իր մեջ առաջնահերթ աշխարհաքաղաքական մեծ բաղադրիչ է պարունակում, ու այստեղ նրա շահերը պետք է դիտարկել ոչ միայն Ռուսաստանի հետ հակադրության տեսանկյունից, այլև հատկապես Թուրքիայի։

Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Ֆրանսիայի թիրախային ուղղություններից մեկը հենց մեր տարածաշրջանն է, որտեղ, եթե հասկանալի պատճառներով Ֆրանսիան Ռուսաստանի հետ հակադրվելու ճանապարհին այդքան էլ կտրուկ քայլերի չի դիմում, ապա Թուրքիայի դեմ կովկասյան պայքարում փորձում է ամրապնդվել ու առաջ անցնել։

Ի դեպ, որքանո՞վ են հատվում Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի շահերը  ՀՀ-ի շուրջ և տարածաշրջանում, և որքանո՞վ Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, և ո՞ր հարցի շուրջ հատկապես, եթե կարելի է այսպես ասել:

– Նոր աշխարհակարգի անցման փուլում շատ արագ փոփոխվում են նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խաղացողների ազդեցության գոտիները, նրանց առջև դրված առաջնահերթությունները։ Ռուս-ուկրաինական պատերազմով, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, բազմաթիվ պայմաններ են ստեղծվել Հարավային Կովկասում խոշոր կենտրոնների ակտիվացման համար, ինչն առաջին հերթին կապված է նաև Ռուսաստանի կողմից այստեղ վարվող քաղաքականության հետ։ Ռուսաստանն արդեն տարիներ շարունակ համակերպվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության հետ, հաշվի է նստում թուրքական գործոնի հետ՝ դրանով թուլացնելով իր դիրքերը հենց այստեղ։

Այդ ամենին զուգահեռ՝ արևմտյան դերակատարներն են փորձում միջամտել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, և չնայած առանձին դերակատարների՝ մեր տարածաշրջանում ներկայություն ունենալու սահմանափակ հնարավորություններին, ամեն մեկը փորձում է իր խաղը խաղալ այստեղ։ Ֆրանսիայի մոտիվացիան այլ է, ինչպես քիչ առաջ նշեցի, ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում ուժերի բալանս ապահովել, որ տարածաշրջանի երեք կարևոր դերակատարներից որևէ մեկը շատ չհզորանա, Իրանն իր հերթին՝ փորձում է այնպես անել, որ արտատարածաշրջանային ուժերը չմասնակցեն տարածաշրջանային պրոցեսներին, փորձում է շատ քայլեր ավելի շատ համաձայնեցնել Ռուսաստանի հետ, նաև հասկացնել վերջինիս, որ եթե անգամ ՌԴ-ին այս պահին գրավում է, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության մտադրությունը, ապա այդ ամենը կարող է ժամանակավոր բնույթ կրել և ավելի շուտ արագացնել Ռուսաստանի հեռանալը Հայաստանից։ Կարճ ասած՝ տարածաշրջանում մեծ կենտրոնների շահերը նոր փոփոխությունների և իրողությունների պայմաններում շատ տեղերում կարող են հատվել, իսկ ավելի շատ տեղերում՝ հակասել ու հակազդեցությունների հանգեցնել։

– Հայաստանը բոյկոտում է նաև ԱՊՀ միջոցառումները, սա ի՞նչ խնդիր է ստեղծում, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի միջև զուգահեռներ տանելը ճի՞շտ է: Ի դեպ, 2011 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ ո՞ր մեխանիզմն է կարևոր Հայաստանի համար՝ ՀԱ՞ՊԿ, թե՞ ԱՊՀմասնավորապես նշել էր. «ՀԱՊԿ-ն ինձ համար որևէ նշանակություն չունի, անվտանգության երաշխիքն ԱՊՀ-ն է, իսկ ՀԱՊԿ-ը դետալ է, որը կարող է լինել, կարող է և չլինել, դրանից ոչինչ չի փոխվի….»:

– Գիտեք, որ ԱՊՀ կամ ՀԱՊԿ շարժիչ ուժը հենց Ռուսաստանն է, և իրականում Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի իջեցումը, ՀԱՊԿ-ի հետ գործնականում ակտիվության սառեցումը, տարաբնույթ դեմարշները կարող են շատ վտանգավոր իրադրություն ստեղծել։

Թե քաղաքական ի՞նչ հաշվարկներ է դրված այդ ամենի տակ, որքանո՞վ են այդ գործընթացները օգտակար, էֆեկտիվ մեր համար, ի՞նչ է շահում այդ ամենից Հայաստանը, պատրա՞ստ ենք արդյոք հնարավոր հակադարձ քայլերի, հարաբերությունների շարունակական վատթարացման դեպքում ի՞նչ խնդիրների կարող ենք բախվել, ինչպիսի՞ լուրջ ճգնաժամերի առաջ կարող ենք կանգնել մենք՝ տնտեսական բաղադրիչից սկսած՝ մինչև ռազմական և այլ ոլորտներ, այս մտահոգիչ խնդիրները շատ-շատերն են պատկերացնում, բացի ներկա իշխանություններից։

Տեսանյութեր

Լրահոս