Բաժիններ՝

«Կիստան» տարածված բան է, մարդու վրա ոչ մի ազդեցություն չի ունենում. Փաշինյանը՝ հավաքներից խուսափելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ դժգոհեց, որ շատ հաճախ ոչ պատշաճ ու ոչ հասցեական ծանուցման պատճառով շատ քաղաքացիներ խուսափում կամ չեն ներկայանում զորակոչի և վարժական հավաքների։

Այդ պատճառով ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման և անցկացման շրջանակում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցման եղանակները։

«Քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ չծանուցման հետևանքով քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալ ու ըստ այդմ` հնարավոր չի լինում լուծել նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ սահմանել»,- հայտարարեց նա։

Նախարարը նշեց, որ ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում պետք է ստանալ քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացական, փոստային ծառայության միջոցով ծանուցում ստանալու դեպքում հավաստող փաստաթուղթ կամ էլեկտրոնային հավաստում պետք է լինի, անհատական ծանուցման դեպքում` էլեկտրոնային հավաստում, որ քաղաքացին կարդացել է, հրապարակային ծանուցման դեպքում` համապատասխան կայքում քաղվածքի տեղադրում։

Պապիկյանն ընդգծեց, որ քաղաքացու բոլոր հնարավոր միջոցներով ծանուցման պրոցեսը, այդ թվում՝ հրապարակային, ենթադրում է ընդամենը 30 օր։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է, դա ծախս է և հետևաբար, եթե 10 հոգի պետք է հրավիրվեն վարժական հավաքի, ինչո՞ւ է կառավարությունը 100 ծանուցագիր ուղարկում և արդյունքում 10 անգամ ավելի ծախս անում։

«Բախվում ենք այս իրականության հետ, երբ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում։ Հիմա այս նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների», – հայտարարեց նա։
ՀՀ-ում ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Ըստ Փաշինյանի` նաև պետք է խոսել այն մասին, որ հիվանդությունների հիմքով զինակոչիկների` ծառայությունից ազատվելու կամ վարժական հավաքներին չմասնակցելու անտրամաբանական ծավալներ կան։

Նա հիշեցրեց, որ տարբեր հիվանդությունների հիմքով քրեական գործեր են հարուցվել ու ձերբակալություններ, կալանավորումներ են եղել։

«Երբ ուսումնասիրում ենք փաստերը, հասկանում ենք, որ հիվանդությունների ցանկն այսօր չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ` «կիստան», որը տարածված բան է, սակայն մարդու բնականոն գործունեության վրա ոչ մի ազդեցություն չունի, սակայն այդ հիմքով հարյուրավոր քաղաքացիներ ազատվում էին ծառայությունից»,- նշեց Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս