ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում են
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում են, որտեղ, ըստ տարածված լուրերի, առաջինն է ահաբեկչություն իրականացվելու։
ԱԱԾ-ն պարզում է, թե ովքեր են կանգնած տեղեկատվության տարածման հետևում: Անանուն Տելեգրամ ալիքը, որից տարածվել է լուրը, արգելափակված է, բայց նշված ցուցակի յուրաքանչյուր դպրոցում այժմ աշխատում են իրավապահները: Դպրոցներում դասերը չեն դադարեցվել, չնայած որոշ ծնողներ վերցրել են իրենց երեխաներին:
«Ուժեղացված հսկողություն չկա, դպրոցում մի քանի ոստիկաններ են և ԱԱԾ աշխատակիցներ, որոնք ստուգումներ են իրականացրել։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կայքի թղթակցի հետ զրույցում փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանը հայտնեց, որ իրենց դպրոցում իբրև թե նախատեսվող ահաբեկչության մասին տեղեկացել է կեսգիշերին մոտ՝ նախկին աշակերտներից մեկից։ Անմիջապես հաղորդագրություն է ուղարկել տնօրենին։
«Առավոտյան 7։20 տնօրենն ասաց, որ արդեն դիմել են և՛ ոստիկանություն, և՛ ԱԱԾ։ Ժամանակին բոլորս եկել ենք դպրոց, սկզբում երեխաները մեծ հոսքով գալիս էին, հետո սկսվեց խուճապ, ծնողներից շատերը եկան, երեխաներին տարան»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դպրոցում մնացած երեխաների հետ փորձել են դասերը կազմակերպել բնականոն՝ դասացուցակին համապատասխան։
Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներով լուր էր տարածվել Երևանյան դպրոցներում և առևտրի կենտրոններում ահաբեկչության վերաբերյալ, ինչը խուճապ է առաջացրել ծնողների մոտ։
Տեղեկատվական փորձագետ Արթուր Պապյանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ դա ֆեյք տեղեկատվություն է։ Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
«Ինչպե՞ս ստուգել, որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ, տարածվել է մեկ ամիս առաջ»,- գրել է մեդաիաանվտանգության փորձագետը։