Արցախում հնարավոր պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ-ն չի օգնի. նրանց գործառույթը ՀՀ անվտանգությունն ապահովելն է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանին հրավիրած ասուլիսի ժամանակ հարց է ուղղվել՝ Ադրբեջանում պաշտոնական և փորձագիտական մակարդակում շատ է խոսվում Արցախի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողությունների, Արցախում «հայկական զինված խմբավորումները չեզոքացնելու մասին»՝ նկատի ունենալով Պաշտպանության բանակը, պատրա՞ստ են ՀՀ զինված ուժերը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել մեր հայրենակիցների անվտանգությունը:

Փաշինյանն այս դիտարկում-հարցադրումներին ի պատասխան՝ նշել է, որ Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, և մնալու են այս տրամաբանության մեջ։

«Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Բայց ես կարծում եմ, որ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար դիվանագիտական ճանապարհներ պետք է օգտագործվեն: Ասեմ ավելին, որ Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, քանի որ Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Բա մենք ինչի՞ ենք ասում՝ ԼՂ ժողովրդի անվտանգություն և իրավունքներ, անվտանգությունը բանալի բառն է: Մենք չենք ասում, որ անվտանգությունը պետք է ապահովվի հատկապես հենց այս մի ձևով: Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի ձևով, որը վստահելի կթվա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- շեշտել է նա:

Լրագրողի ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու Արցախի դեմ հնարավոր հարձակման դեպքում, Փաշինյանն արձագանքել է. «ՀՀ Զինված ուժերի գործառույթը ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելն է»։

Հակադարձմանը, որ այդ սահմանադրությունը մինչև 44-օրյա պատերազմն էլ կար, բայց մեր զինված ուժերը Արցախում մասնակցում էին ռազմական գործողություններին, Փաշինյանը նշել է.

«Այո, բայց մենք նոր պատերազմ չենք ուզում, ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ, և պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղ գործընթացի միջոցով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի տրամաբանության մեջ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Փաշինյանն ասել է, որ կոմունիկացնում են դիրքորոշումները Թուրքիայի գործընկերների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս