ԼՂ ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի՝ Ադրբեջանի կազմում. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, որովհետև չենք առերեսվել այն պարզ իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմում։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունն ասել է՝ շատ լավ, ժողովուրդ ջան, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ։ Սա է ամբողջ պրոբլեմը, որ 1996-1998թթ․ պրոցեսներով Հայաստանն իշխանությունը զավթելու և պահելու համար ներկայացվել է այլ լույսի ներքո, և որոշ տեղերից ստացվել են հավաստիացումներ՝ լավ է, կլուծենք, դուք բան մի արեք»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի, անվտանգության ապահովման մասին, իսկ այսօր կառավարությունն այլ բովանդակությամբ և լրիվ ուրիշ բաների մասին է խոսում։

Պատգամավորի խոսքով՝ եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այս կառավարությունը լինել լեգիտիմ, պետք է հրաժարական տա։

Փաշինյանի խոսքով՝ ինքն էլ երբ եկել է, ասել է՝ այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով։

«Մենք սրա հետ չենք առերեսվել, դրա համար չենք կարողացել պաշտպանել։ Երբ ես եկել, ասել եմ՝ պետք է նշաձողն իջեցնել, ես էդ նախընտրական ծրագրի (2021թ․) հետևից եմ գնացել։ Մենք չենք ընդունել, որ Ադրբեջանի կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղ՝ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք է իրականացնեն երկու սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական և Լեռային Ղարաբաղի ադրբեջանական համայնքները»,- ասաց նա՝ ավելացնելով, թե իբր սա է եղել այն բանակցային կետը՝ անշրջելի բանակցային ժառանգությունը, որն ինքը ժառանգություն է ստացել 2018 թվականին։

Իսկ թե ինչ ժառանգություն է ստացել Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններից՝ հայտնի է բոլորին։

Ի դեպ, հիշեցնենք, որ Փաշինյանը՝ գալով իշխանության, հայտարարել էր, որ սկսում է ոչ թե նախկին իշխանությունների թողած ժառանգությունից, այլ՝ իր զրոյական կետից։ Իսկ թե ինչ եղավ դրանից հետո՝ կրկին հայտնի է բոլորին։

Տեսանյութեր

Լրահոս