Դատախազությունն իր պահանջը պետք է էապես վերանայի. կա ՄԻԵԴ վճիռ, որը շրջադարձային նշանակություն կունենա. Հայրապետյանների ներկայացուցիչ Վահագն Դալլաքյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։

Հիշեցնենք, որ Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հայրապետյանի գույքի ուսումնասիրության համար հիմք են դարձել ՀՔԾ-ում (այժմ՝ Հահակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Մուրադյանի, ապա՝ դատախազ Գևորգյանի կողմից ներկայացված նյութերը։ Ուսումնասիրությունը սկսվել է 2020թ. հոկտեմբերի 7-ին, ապա կազմված ամփոփագրի հիման վրա որոշում է կայացվել հայցի հարուցման ուղղությամբ և Հակակոռուպցիոն դատարան (ՀԿԴ) ներկայացնել հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմում, որը բավարարվել է. ՀԿԴ որոշմամբ արգելանքներ են կիրառվել գույքի նկատմամբ։

Նախորդ դատական նիստին Հայրապետյանների ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը: Հիմքը՝ 2023թ. դեկտեմբեր ամսին նախաձեռնված քրեական վարույթն է, որի վերջնական արդյունքը, ըստ պաշտպանական կողմի, էական ազդեցություն կունենա սույն գործով քննության և դրա ընթացքի վրա: Խոսքը վերաբերում է 1996 թ. Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի կողմից հիմնադրված RRR ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին «Գրանդ տոբակո» ընկերությունում կատարված ներդրումներին: RRR ՍՊԸ-ի հիմնադրումն ամբողջովին համարվում է օրինական եկամուտներով հիմնավորված, սակայն դրանից հետո «Գրանդ տոբակո»-ում կատարված ներդրումները՝ սկզբից 33% ձեռքբերման նպատակով, այնուհետև մինչև 49%, ըստ դատախազության ներկայացրած հայցադիմումի, մեծամասամբ չեն հիմնավորվում: Պաշտպանական կողմն այս պնդումը ոչ իրավաչափ է որակում, քանի որ, եթե ներդրումները կատարվել են որևէ ընկերության կողմից, նշանակում է, որ դրանք տվյալ ընկերության միջոցներն են, բայց դատախազությունը պնդում է, որ «Գրանդ տոբակոյի» բաժնեմասերը ձեռք բերելու համար միջոցները ոչ թե RRR ՍՊԸ-ի միջոցներն են, այլ դրա հիմնադիր Ռուբեն Հայրապետյանի:

Դատախազության նման մոտեցումը պաշտպանական կողմի համար առնվազն տարօրինակ է, բայց հասկանալի, քանի որ հայցադիմումին կից փաստաթղթերում կան RRR ՍՊԸ-ի հաշիվների վերաբերյալ «Հայէկոնոմբանկ» ընկերության կողմից տրամադրված քաղվածքներ՝ 1996-2017թթ. ընկած ժամանակահատվածն ընդգրկող, որոնց համաձայն՝ այդ ժամանակահատվածում RRR ՍՊԸ-ի հաշիվներով գործարքներ չեն կատարվել, թե սկզբնական, թե վերջնական մնացորդը զրո է: Սա դատախազությանը հիմք է տվել ենթադրելու, որ ներդրումները Ռուբեն Հայրապետյանի անձնական միջոցներից են կատարվել:

Կարդացեք նաև

«Մինչդեռ մեզ մոտ պահպանվել են հենց «Հայէկոնոմբանկի» կողմից տրամադրված բնօրինակ անդորրագրեր, մի քանիսը, որոնք ապացուցում են հենց այդ հաշվով կատարված գործարքների մասին տեղեկություններ: Այսինքն, այդ տեղեկությունները սխալ են, առայժմ այս որակումը տամ»,- ասել էր Վահագն Դալլաքյանը՝ հավելելով, որ «Հայէկոնոմբանկի» տրամադրած քաղվածքների առերևույթ կեղծ լինելու վերաբերյալ տեղեկություն են ներկայացրել, որի հիման վրա էլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔԿ-ում:

Պաշտպանի ներկայացմամբ, այս ամենի արդյունքում, շղթայաբար ապօրինի են որակվել Հայրապետյանների ընտանիքի կողմից «Գրանդ տոբակոյից» ստացված շահաբաժինները՝ 2001-2004թթ. ընթացքում, ապօրինի է համարվել նաև 2004-ին «Գրանդ տոբակոյի» տվյալ բաժնից օտարումից ստացած գումարը: Բանկի տրամադրած առերևույթ կեղծ քաղվածքի հիման վրա կատարած դատախազության հաշվարկների արդյունքում՝ այդ գումարները կազմում են ավելի քան 4 միլիարդ դրամ: Դրան հաջորդող տարիների ընթացքում այդ գումարը վերափոխվել է ավելի մեծ արժեքով գույքի և դրամական միջոցների, որի հաշվարկը պաշտպանական կողմը չունի, սակայն, առնվազն 4 միլիարդի մասով, քրեական գործի արդյունքը, համոզված են, որ ազդեցություն է ունենալու սույն վարույթի ընթացքի և արդյունքի վրա:

Այսօրվա դատական նիստը բավականին կարճ տևեց: Հանրային մեղադրողը խնդրեց հետաձգել նիստը, որպեսզի պաշտպանական կողմի դիրքորոշումների վերաբերյալ ընդհանուր վերլուծություն ներկայացնի:

«Այս նիստով մենք դատարանին ևս մեկ լրացուցիչ դիրքորոշում ներկայացրեցինք: Դա վերաբերում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) շատ թարմ մի վճռի՝ «Յորդանովը և մյուսներն՝ ընդդեմ Բուլղարիայի» գործով, որն իրոք կարող է շրջադարձային նշանակություն ունենալ և՛ այս գործի, և՛ Հայաստանի դատարաններում քննվող համանման այլ գործերի համար»,- ասաց Հայրապետյան ընտանիքի շահերի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Վերջինս նկատեց՝ մեր օրենդրության մեջ ներդրված մոդելը բավական նման է Բուլղարիայի մոդելին:

«Այսպես կոչված՝ չբացատրվող հարստացման բռնագանձման մոդելն է, որով, համենայն դեպս, դատախազության տված մեկնաբանության համաձայն՝ չի պահանջվում, որ ապացուցի ենթադրյալ հանցավոր արարքի և ենթադրյալ ապօրինի գույքի ձեռքբերման միջև պատճառահետևանքային կապը: Եվ հենց մեր գործով էլ որևէ պատճառահետևանքային կապ հիմնավորված չէ, չէր էլ կարող հիմնավորված լինել, որովհետև այդ ենթադրյալ հանցավոր արարքները տեղի են ունեցել 2014 և 2018թթ., իսկ գույքերի զգալի մասը ձեռք է բերվել շատ ավելի վաղ, ընդհուպ՝ տասնամյակներ առաջ»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Փաստաբանի խոսքով՝ համանման իրավիճակում Բուլղարիայի դեպքում կայացված վճիռը ՄԻԵԴ-ը համարել է Եվրոպական կոնվենցիային հակասող և կրկին վերահաստատել իր նախկին դիրքորոշումը, որ անգամ նման մոդելի, նման օրենսդրության դեպքում, միևնույն է, պետք է որոշակի պատճառահետևանքային կապ լինի ենթադրյալ ապօրինի արարքի և գույքի ձեռքբերման միջև:

Վերջինս նկատեց՝ և՛ հայցվորը, և՛ դատարանը հանրային իշխանության մարմիններ են, և այստեղ մենք խոսում ենք նաև սահմանադրական իրավունքի մասին:

«Մեր Սահմանադրությամբ նախատեսված է սեփականության պաշտպանության իրավունքը, և մեր Սահմանադրությունն էլ սահմանում է, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ունեն անմիջական ներգործություն: Այսինքն՝ ցանկացած հանրային իշխանության մարմին պարտավոր է այդ իրավունքներն ապահովել և չի կարող պաշտպանվել իբր օրենքով նման կառուցակարգեր չլինելով: Դրա համար մենք ակնկալում ենք, որ նախ դատախազությունը պետք է իր պահանջն էապես վերանայի: Եթե դա տեղի չունենա, դատարանը պետք է առնվազն այդ մասով կամ ամբողջությամբ հայցը մերժի: Եվ, ի վերջո, այս օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործ կա Սահմանադրական դատարանում (ՍԴ), և, բնականաբար, ակնկալում ենք նաև որոշում ՍԴ-ից»,- ասաց Հայրապետյան ընտանիքի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Դատախազությունը հայցով պահանջում է Ռուբեն Հայրապետյանից և Նարինե Հայրապետյանից հօգուտ ՀՀ-ի՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։

Հայցով պահանջվում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ. հոկտեմբերին ներդրված 6 մլն 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ. սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։

Ռաֆիկ Հայրապետյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 57 մլն 58 հազ 104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710 հազ․ 903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն 898 հազ․ 520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն 394 հազ․ 375 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 96 հազ. 375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն 318 հազ․ 393 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 74 մլն 119 հազ․ 266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702 հազ. 500 դրամի չվերադարձված մասից՝ 83 մլն 568 հազ. 580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74 հազ․ 606 դ. չվերադարձված մասից՝ 193 մլն 829 հազ․ 510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։

Հիշեցնենք նաև՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, վերջինիս որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, նրանց փոխկապակցված անձինք՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանը, Մարիամ Միքայելի Հայրապետյանը, Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանը, 2023-ի օգոստոսի 8-ին հրավիրվել էին դատախազություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս