Բաժիններ՝

Ռուսաստանի 39 տարածաշրջաններում ջրով է հեղեղվել ավելի քան 10 000 բնակելի շենք

Ռուսաստանի 39 տարածաշրջաններում ավելի քան 10 400 բնակելի շենք է հեղեղվել հորձանքների պատճառով: Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսման՝ ձյան արագ հալման պատճառով հեղեղումների թիվն ավելի շատ կլինի։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Սիբիրի, Մերձվոլգյան և Կենտրոնական դաշնային շրջաններում ապրիլի 7-ից 11-ը կանխատեսվում է միջին օրական ջերմաստիճանի շարունակական բարձրացում, ձյան ակտիվ հալման և գետերի հուների բացման գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել ցածրադիր վայրերի և տրանսպորտային ենթակառուցվածքի հետագա հեղեղումների», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գարնանային հորձանքների հետ կապված առավել բարդ իրավիճակն Օրենբուրգի մարզում է, որտեղ մեկ օրում հեղեղվել է գրեթե 4000 բնակելի շենք և 8700 տնամերձ հողամաս։ Արտակարգ իրավիճակի գոտուց տարհանվել է 6100 մարդ։ Տարածաշրջանում տեղակայված են 33 ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ գտնվում է 1200 մարդ։

Ըստ Օրենբուրգի նահանգապետի՝ Նովոտրոիցկ քաղաքում տեղի է ունեցել ջրի արտահոսում պաշտպանիչ ամբարտակի վրայով, իշխանությունները տարհանում են իրականացնում։

Օրենբուրգի մերձակայքում Ուրալ գետի մակարդակը մեկ օրում բարձրացել է 16 սմ-ով և ապրիլի 8-ի առավոտյան հասել է 872 սմ-ի, հայտնում են քաղաքապետարանը։

ՌԴ ԱԻՆ-ում նշել են, որ Սամարայի մարզում ջրի տակ են մնում 50 մասնավոր բնակելի տուն և 901 տնամերձ հողամաս, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհի մի հատվածը։

Խախտվել է ջրամբարի պատնեշի ամբողջականությունն Օրսկի Լեսոտորգովի ավանի մոտակայքում: Ըստ քաղաքապետարանի՝ հեղեղների պատճառով անհնար է գնահատել դրա վիճակը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնախումբ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովի գլխավորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս