Չոր թվեր՝ դեպի Եվրոպա վազողների համար. Հայաստանում ԵՄ-ի կշիռը նվազել է, ՌԴ-ինը՝ մեծացել

Թեև տևական ժամանակ է, հայաստանյան հակառուս թևն ու ՔՊ-ական սորոսական շրջանակներն աջ ու ձախ հայտարարում էին՝  ապրիլի 5-ից հետո Հայաստանը դառնալու է Եվրոպա, Եվրոպան իր դռները լայն բացելու է Հայաստանի առաջ և հատկացնելու այնքան գումար, որ Փաշինյանը կարողանա կտրուկ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք, բայց արի ու տես, որ Բրյուսելը Հայաստանի համար 4 տարվա կտրվածքով դուռը բացեց ընդամենը 270 մլն եվրոյին համարժեք չափով, իսկ ԱՄՆ-ը՝ 65 մլն դոլարի։

Բնականաբար, այս գումարով Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն դժվար թե կարողանա անել՝ հաշվի առնելով այն տնտեսական կախվածությունը, որն ունի Հայաստանը Ռուսաստանից, իսկ որ այդ կախվածությունը թուլացնելու կամ տնտեսական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ այս իշխանությունը, խոսելուց բացի, որևէ լուրջ քայլ ու տեղաշարժ չի արել, փաստերն են վկայում:  Ստանալով Եվրամիությունից 2.6 միլիարդ դոլար, չի կարողացել այդ գումարը բերել ՀՀ տնտեսություն, այդ մասին փաստում են 2023 թվականի բյուջեի ցուցանիշները, ըստ որոնց, Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ինչպես որ կար, այդպես էլ շարունակում է դոմինանտ մնալ Ռուսաստանը։

Արտաքին առևտուր՝ ըստ գործընկեր երկրների

2023 թվականի ինն ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աշխարհագրական կառուցվածքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրել է ընդամենը որոշակի փոփոխություն՝ հօգուտ ԵԱՏՄ-ի։

Կարդացեք նաև

Արտաքին առևտրի կառուցվածքում ԵԱՏՄ-ի և այլ երկրների դերը բարձրացել է, իսկ ԵՄ-ի երկրների դերը՝ նվազել։

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 37.7%-ը բաժին է ընկել ԱՊՀ-ին, որից 36.9 տոկոսը` ԵԱՏՄ-ին։

ԵՄ-ին բաժին է հասել առևտրաշրջանառության 15.2%-ը, այլ երկրներին՝
47.1%-ը։

ԵՄի կշիռը նվազել է

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ԱՊՀ երկրների կշիռը մնացել է գրեթե անփոփոխ՝ ավելանալով 0.1 տոկոսային կետով։

ԵԱՏՄ-ի կշիռն ավելացել է 0.4 տոկոսային կետով։

Այլ երկրներինը՝ 1.6 տոկոսային կետով։

ԵՄ-ի կշիռը,  ընդհակառակը, նվազել է 1.7 տոկոսային կետով։

ՀՀ խոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները հաշվետու ժամանակաշրջանում սկսել են արագանալ, մասնավորապես՝ արտահանումը դեպի ՌԴ աճել է 85%-ով, իսկ ՌԴ-ից ներմուծումը` 18.2%-ով:

2023 թվականի ինն ամիսներին ՌԴ-ի կշիռը կազմել է ՀՀ առևտրաշրջանառության 35.1%-ը:

ՀՀ խոշոր առևտրային գործընկերների շրջանակում ընդգրկված են նաև Չինաստանը (11.5%), Արաբական Միացյալ Էմիրությունները (5.3%), ԱՄՆ-ը (4%), Իրանը (3.7%), Գերմանիան (3.6%) և այլն:

Ռուսաստանը Հայաստանի դոնորն է զբոսաշրջության մեջ

Հայաստանի տնտեսության եկամտաբեր ճյուղի վրա ևս  դրական և մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանը։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ ավելացել է:

2023 թվականի ինն ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը նախորդ տարվա ինն ամիսների նկատմամբ աճել է 48.4%-ով (շուրջ 600 հազար մարդով), դրան նպաստել են ՌԴ զբոսաշրջիկները, որը  (շուրջ 932 հազար մարդ)  կազմել է շուրջ 29.1 տոկոսային կետ:

Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվաքանակը դեռ գտնվում է 2019 թվականի համեմատ ցածր մակարդակում:

Տեսանյութեր

Լրահոս