«Միջին կլասի մեծահարուստն էլ կարող է նման աջակցություն տրամադրել. իսկ ո՞վ է ապահովելու ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունը». Թաթուլ Մանասերյան
Այսօր Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով հանդիպմանն ընդառաջ կողմերը հանդես եկան հայտարարություններով: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Հայաստանին ԵՄ-ն 270 միլիոն եվրոյի գրանտային աջակցություն կտրամադրի առաջիկա 4 տարվա կտրվածքով։
«Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ դեռ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը պատրաստ է 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին առաջիկա չորս տարում՝ տնտեսության զարգացման, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար։
Ֆոն դեր Լայենի տեղեկացմամբ՝ ԵՄ-ն Հայաստանում ենթակառուցվածքների նախագծերում ներդրումներ կանի՝ մասնավորապես Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։
Ի՞նչ կարժենա Հայաստանի համար ԵՄ-ի տրամադրած 270 միլիոն եվրոն։
168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ ԵՄ-ն Հայաստանին միշտ գումար տրամադրել է և վերջին տրամադրվելիք 270 միլիոն եվրոն այն գումարը չէ, որի շուրջ պետք է մեկնաբանություններ հնչեն։
«Միջին կլասի մեծահարուստի կողմից նույնիսկ կարող է նման աջակցություն տրամադրվել, նույնիսկ հայաստանյան մեծահարուստի, ով կարող է իրեն թույլ տալ ու նման մի ժեստ անել։
Ի դեպ, Վարդանյան եղբայրները ժամանակ առ ժամանակ շատ լուրջ բաներ են անում, ընդ որում, շատ ժամանակ գովազդ չեն էլ անում, սուս ու փուս իրենց գործն են անում։
Այս ամենի մեջ ինձ միայն մի բան է հետաքրքրում՝ ո՞վ է ապահովելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ Եթե այս հարցի պատասխանը որևէ մեկը կունենա, ես կուզեմ նստել ու սովորել իրենից, նստեմ ու գրառումներ անեմ, թե ինչպես ենք դա ապահովելու։ Մնացած հարցերն ինձ քիչ են հետաքրքրում, եթե այդ հարցի պատասխանը որևէ մեկը ունի, տեղյակ պահեք՝ կարդամ»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետի խոսքով՝ ԵՄ-ն շատ ցանկալի շուկա է՝ բարձր ստանդարտների ձեռքբերման, բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանելու համար շատ լավ թիրախ է, սակայն դրա համար կա համաձայնագիր՝ ՍԵՊԱ, որն ընդլայնված և համապարփակ համագործակցության պայմանագիր է, և 2017 թվականից ի վեր Հայաստանը ԵՄ-ի հետ նորմալ աշխատում է։
«Ուզում եմ հասկանալ, թե այդ եռակողմ հանդիպման քաղաքական դեմքերն ի՞նչ են անելու, տեխնիկական ստանդարտներն են լավացնելո՞ւ, գիտեք՝ մեր մրցունակությունն ինչ մակարդակի վրա է։
Սա բազմաթիվ անհայտներով հավասարում է, և ինձ մոտ այն տպավորությունն է, որ ավելի շատ մկանները ցույց տալու առիթ է՝ մարզական լեզվով ասած։ Թե դրանից հետո ինչ կլինի, չեմ կարող ասել, քանի որ պետք է ամեն ինչում կոնկրետություն լինի։
Հանդիպումը շատ լավ է, ցանկացած հանդիպում, բայց մեզ համար նման հանդիպումներն ինչ հետևանք կարող են ունենալ, և մենք որքանով ենք պատրաստ բանակցելու։ Ովքե՞ր են մեր բանակցողները, մի նախարարին դատի են տվել, տնային կալանքում է, մյուս նախարարը չգիտենք՝ որքանով է հավասարակշռված, այդ ամենից տեղյակ, այս ընթացքում հասցրել է միայն դիվերսիֆիկացիա բառը սովորել, բայց թե ինչպես է դիվերսիֆիկացնելու նույն ԵՄ-ի հետ, չգիտենք, որևէ քայլի մասին չի ասում։ Շատ հարցեր կան, թե չէ հանդիպումներ, ես էլ շատ հանդիպումներ եմ ունենում, դրանց իմաստն ու արդյունավետությունը պետք է հասկանալ»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը։