Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ թափեմ․ ՔՊ-ական ծաղկեպսակ՝ հայկական ծաղկի շուկայի անունով

Հայաստանի տնտեսության կախվածությունը ռուսական շուկայից այնքան խորն է ու այնքան ընդգրկուն, որ ցանկացած ապրանքի արտահանման նույնիսկ մասնակի դադարեցումն ամբողջ ոլորտը կարող է կանգնեցնել կոլապսի առջև։ Դրան հերթական անգամ ականատես եղանք այն բանից հետո, երբ տարբեր պատճառաբանություններով՝ Ռուսաստանը որոշակի խստացումներ կիրառեց Հայաստանից ծաղկի արտահանման վրա։

Կարևոր չէ նույնիսկ, թե ինչքանո՞վ էին հիմնավոր կամ անհիմն այդ սահմանափակումները։ Ցանկության դեպքում հիմնավորումներ միշտ էլ կարող են գտնվել։ Խնդիրն այն է, որ նման սահմանափակումներից հետո, մի ամբողջ բիզնես ոլորտ հայտնվեց շոկի մեջ։

Ժամանակին այդպիսի խնդիրներ՝ տարբեր ապրանքների մատակարարումների հետ կապված, էլի եղել են, ու անգամ կարճաժամկետ դժվարությունների պարագայում տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում տնտեսության տվյալ ճյուղի հետ։ Թվում է, թե դա դաս պիտի լիներ իշխանությունների համար՝ իրենց քաղաքական անհարկի խաղերով, արհեստական լարվածություն ստեղծելով՝ տնտեսությունը վտանգի չենթարկելու համար։ Բայց հետևություններ այդպես էլ չեն արվում։

Այն, ինչ տեղի ունեցավ ծաղկի արտահանման հետ կապված, գերազանցապես մեկ պատճառ ուներ՝ ցանկանում էին ցույց տալ, որ հակված չեն կատարելու այն պահանջները, որոնք ներկայացվել են ծաղկի մատակարարումների ընթացքում ի հայտ եկած խնդիրները վերացնելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Ընդամենը մի քանի օր պահանջվեց հասկանալու համար, որ իրենց անպատասխանատու պահվածքով մի ամբողջ բիզնես կանգնեցրել են անելանելի դրության առաջ։ Մարդիկ օրերի ընթացքում միլիոնների վնասներ կրեցին, այսօր էլ դեռ շարունակում են կրել։ Ձգձգվելու պարագայում, կասկած չկա, որ բազմաթիվ ընկերությունների սնանկացումն ու գործունեության դադարեցումը երկար սպասեցնել չի տա։ Ծաղկի բիզնեսը գրեթե ամբողջությամբ նստած է ռուսական շուկայի վրա, ու դրա կախվածությունը միանգամից զգացնել տվեց՝ մատակարարումների համար սահմանափակումներ կիրառելուց անմիջապես հետո։

Նշենք, որ ծաղիկների արտահանումը Հայաստանից հասնում է տարեկան գրեթե 100 մլն դոլարի, որի իրացման գերակշիռ մասը ռուսական շուկան է։

Եթե մատակարարումներ չլինեն ռուսական շուկա՝ բիզնեսը կդադարի գոյություն ունենալ։ Դրա հետևանքը տնտեսության, արտահանման, այդ ոլորտում զբաղված հազարավոր քաղաքացիների վրա դժվար չէ պատկերացնել։

Սա դեռ միայն մեկ ապրանքատեսակի պարագայում. Պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե այդ ապրանքների ցանկը մի քիչ երկար լինի, չենք ասում՝ ընդգրկի բոլոր այն ապրանքները, որոնք արտահանվում են ռուսական շուկա։ Այդ դեպքում նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե ինչ վիճակում կարող է հայտնվել ամբողջ տնտեսությունը։

Այսպիսի պայմաններում հետևողական ոչնչացնել հարաբերությունները հիմնական գործընկեր երկրի հետ, ինքնասպանություն է երկրի համար, որին համառորեն գնում են ԵՄ ինտեգրման ջատագովները։

Անշուշտ, վատ է, որ Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի կախվածությունը ռուսական շուկայից այդքան մեծ է, վերջին տարիներին ավելի է մեծացել՝ չնայած պարծենում են, թե արտահանումը դիվերսիֆիկացրել են։ Բայց իրականությունն այդ է։ Ու դրա հետ պետք է հաշվի նստել առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանքային հնարավորություններ չեն ստեղծվել։

Հայաստանի վերամշակող արդյունաբերության ու գյուղտնտեսական արտադրանքի իրացման հիմնական շուկան՝ իր խնդիրներով ու դժվարություններով հանդերձ, եղել և շարունակում է մնալ Ռուսաստանը։ Հաշվի չառնել այս կարևորագույն հանգամանքը՝ գործընկեր երկրների հետ հարաբերությունների կառուցման գործընթացում, նշանակում է վտանգել երկրի տնտեսության անվտանգությունը։

Ծաղկի արտահանման հետ կապված խնդիրները մեկ անգամ ևս եկան ապացուցելու, որ այս պահին ԵԱՏՄ ու հատկապես ռուսական շուկան այլընտրանք չունեն հայկական արտադրության ապրանքների համար։ Եվրոպական երկրների շուկաները չեն կարող փոխարինող լինել։

Չնայած Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերին՝ շրջելու Հայաստանի տնտեսության անիվը դեպի Եվրոպա, վերջին շրջանում անգամ եվրոպաշտոնյաներն են սկսել ավելի բացահայտ խոսել այն մասին, որ Հայաստանը չի կարող մեծ ակնկալիքներ ունենալ ԵՄ երկրների շուկաներում։ Եվրոպական շուկան կոշտ շուկա է հայկական ապրանքների համար։

Զարմանալի չէ, որ հայկական արտադրության ապրանքների հիմնական մասն իրացվում է հենց ԵԱՏՄ երկրներում, առավելապես՝ ռուսական շուկայում։ Վերջին տվյալներով, Հայաստանի ամբողջ արտահանման 36 տոկոսից ավելին գնում է Ռուսաստան։ Չկա որևէ այլ երկիր, որ սրան նույնիսկ մոտ լինի։ Էլ չենք խոսում եվրոպական երկրների մասին, որոնց բաժինը Հայաստանի արտահանման մեջ նույնիսկ 8 տոկոսի չի հասնում։

Անգամ արտահանման համար պետական բյուջեի հաշվին մի քանի տասնյակ միլիոն դոլարի աջակցություն տրամադրելուց հետո, Եվրոպա գրեթե տեղաշարժ չկա։

Քանի դեռ այլընտրանք չկա, ռուսական շուկան կորցնելը՝ հայկական ցանկացած ապրանքի համար, շատ քիչ բացառություններով, հղի է անդառնալի հետևանքներով։ Նույնիսկ կարճաժամկետ խնդիրները լուրջ ցնցումների տեղիք են տալիս։ Ընդ որում՝ դա լինի ռուսական շուկա արտահանմա՞ն, թե՞ ռուսական շուկայից ապրանքների ներմուծումների պարագայում։

Ուզենք-չուզենք, ստիպված ենք ընդունել, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը ռուսականից մեծ է՝ ինչպես արտահանումների ու իրացման շուկաների առումով, այնպես էլ՝ ներմուծումների պարագայում։ Երբ Վերին Լարսում կարճաժամկետ խնդիրներ առաջացան Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազի ներմուծումների ճանապարհին, գինը միանգամից թռավ։ Բայց միայն ռուսական հեղուկ գազը չէ, որից Հայաստանի շուկան կախված է։ Այդպիսի ապրանքները, այդ թվում՝ կենսական ու ռազմավարական նշանակության, բազմաթիվ են։

Պատկերացրեք՝ ի՞նչ տեղի կունենա, եթե այս ամբողջ շղթան մի օր հանկարծ խաթարվի։

Հիշեցնենք, թե ինչ էր ասել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու մտադրության վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո։ Ասել էր, որ Ռուսաստանը դա դիտարկում է՝ որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ, ու իր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կկառուցի՝ հաշվի առնելով այդ հանգամանքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս