ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։

«Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», – ասաց Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։

Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝ Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», – ասաց Ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին եւ վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։

«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս