«Իշխանությունները թող ասեն՝ ինչո՞ւ են հայկական տարածքների շուրջ ծավալել այս վեճը». Հենրիկ Քոչինյան
Իշխանությունները շարունակում են քննարկել Տավուշի մարզից որոշ տարածքների հարցը, որոնք նրանք համարում են «ադրբեջանական»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է, որ «փնտրում է մարդկանց, որոնք կասեն, որ այդ տարածքները հայկական են», այնուհետև Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է՝ ՀՀ իշխանությունները հայկական տարածք չեն հանձնի Ադրբեջանին։
«Ինչ մերն է՝ մնալու է մերը, ինչն իրենցն է՝ թող մնա իրենցը»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում կհայտնվեն թշնամու վերահսկողության տակ, ապա, Ալեն Սիմոնյանի խոսքով, գազատար այդ հատվածում չկա։
«Նկատի ունեմ սահմանի դեղին գիծը (իր ցուցադրած քարտեզի։- Զ.Խ.)։ Կա ճանապարհի մի կտոր, որը, երբ խոսակցությունը գա հասնի այն բանին, որ հասկանանք՝ ճանապարհի այդ կտորն ինչ ենք անելու, մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր ճանապարհը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել։ Կնայենք՝ որն է մեր համար ամենահարմար բանը, կանենք»,- նշել է Սիմոնյանը։
Հարցին՝ սա անում են սպառնալիքի տա՞կ, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․
«Սպառնալիքի տակ չենք անում։ Մենք սա անում ենք, որովհետև սա մեզ պետք է։ Սա մեզ է պետք, հասկանո՞ւմ եք։ Երբ ասում ենք՝ կադաստրի վկայական ունենանք, դա վերացական բան չի կարող լինել»։
168.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն ասաց՝ եթե իշխանությունները փնտրում են մարդկանց, որոնք կասեն, որ այդ տարածքներն ադրբեջանական չեն, ապա հանգիստ կարող են գտնել ճշմարտությունը բարձրաձայնողների, մասնագետների։
«Ինքս այս իշխանությունների հետ որևէ շփում չունեմ, որպեսզի նրանց բացատրեմ, տեղեկացնեմ։
Իշխանությունները թող ասեն, թե ինչո՞ւ են հայկական տարածքների շուրջ ծավալել այս վեճը։ Սա հարց է, որի պատասխանը պետք է տա միայն իշխանությունը, նա է կարծում, որ այդ տարածքներն «ադրբեջանական» են։ Ես նրանց հետ չեմ շփվում, չգիտեմ՝ ինչո՞ւ են նման բան անում»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։
Նա ընդգծեց՝ իշխանությունը չի գիտակցում, թե ինչ խոցելի է դարձնում Հայաստանը՝ այդ տարածքները հանձնելով թշնամուն։
«Հստակ ասում եմ՝ Տավուշից այդ տարածքները հանձնելով՝ Հայաստանը դառնում է ավելի խոցելի։ Իսկ թե ի՞նչ է պետք անել՝ պետք է բոլոր հայերի մտածելակերպը փոխել, որն անհնար է»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ, հանդիպել սահմանամերձ բնակավայրերի որոշ բնակիչների հետ, որտեղ ասել է, որ հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
«…Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել է նա։