Փաշինյանն ու Արևմուտքը խաղարկում են Հարավային Կովկասի արևմտականացման երկրորդ սցենարը
ՀՀ իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձին հրապարակային անդրադառնալու և ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններից դժգոհելու համար։ Այս անգամ Katherine օրաթերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ Հայաստանը բազմազանեցնում է իր անվտանգային հարաբերությունները։
«Հայաստանը բաց է՝ փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ, և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»,- ասել է Փաշինյանը:
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ ունեցած խնդիրների մասին՝ նա շեշտել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Երևանի գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Իսկ որպես հետևանք՝ Փաշինյանը թվարկել է՝ Երևանն, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ 2023-ի սեպտեմբերից ի վեր չունի ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ, ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում, ՀԱՊԿ որոշումները չի արգելափակում, բայց դրանց չի մասնակցում։ Անդրադառնալով պաշտպանության բնագավառում Հայաստանի համագործակցությանն այլ երկրների հետ՝ Փաշինյանը շեշտել է՝ այն ուղղված չէ որևէ երկրի դեմ։
«Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը»,- ասել է Փաշինյանն ու անդրադարձել հայ-հունական համագործակցությանը՝ հիշեցնելով նախորդ տարվա դեկտեմբերին երկու կառավարությունների միջև Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին՝ անդրադարձել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական որոշումներին ու հայտարարություններին՝ շեշտելով, որ կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։
«Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանում կգերակայի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ԱՊՀ երկրները ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն են, և գրեթե բոլորի հետ Մոսկվան ունի շատ զարգացած երկկողմ հարաբերություններ՝ բացառությամբ Վրաստանի ու Մոլդավայի։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Արևմուտքը Հարավային Կովկասում հաստատվելու տարբեր եղանակներ ու միջոցներ է օգտագործում։
Ըստ նրա՝ հետպատերազմյան առաջին փուլում խնդիրն էր՝ ՌԴ-ին դուրս բերել կարգավորման գործընթացից՝ կազմակերպելով բանակցություններն Արևմուտքում։
Հիշեցնելով՝ վերլուծաբանն ասաց, որ դրված այս խնդիրը մասամբ իրագործվեց ներգրավված բոլոր կողմերի ցանկությամբ, սակայն ԼՂ-ում Ադրբեջանի ամբողջական վերահսկողության հաստատումից հետո արևմտյան հարթակն Ադրբեջանի կողմից մերժվեց, ուստի բանակցությունները կարծես տեղափոխվում են երկկողմ հարթակ, դատելով հանգամանքից, որ կողմերը փորձում են լուծումների գալ ուղիղ բանակցություններով։
«Սակայն Արևմուտքը կցանկանար լինել բանակցային սեղանին, իսկ վերջում՝ ձևավորված փաստաթղթի ստորագրման միջնորդ, ինչպես նաև ապագայում որոշակի երաշխիքներ տրամադրող կողմ։ Այս սցենարը դեռ չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է միայնակ բանակցել, ուստի հայկական կողմն Արևմուտքից որոշ երաշխիքներ ստանալու համար գործի է դնում այլ սցենար՝ օգտագործելով ՀԱՊԿ-ը լքելու և հայ-ռուսական հարաբերությունները փոխելու խաղաքարտը։ Սա սկսվեց Մյունխենի համաժողովից, որտեղ գերմանական կողմի կազմակերպած բանակցություններից արդեն պարզ էր դարձել, որ արևմտյան միջնորդությունն ապագա չունի ու հարկավոր է ռեգիոնում Արևմուտքի ներկայությունը հաստատելու մեկ այլ սցենար։ Եվ դա ՀԱՊԿ-ը լքելուն պատրաստվելն է ու դրա դիմաց Արևմուտքից լուրջ աջակցություն ակնկալելը, քանի որ դա չհաջողվեց անել Խաղաղության համաձայնագրով, ավելին՝ այդ համաձայնագրի ստորագրման հարցում այսօր էլ խնդիրներ կան»,- ասաց Լուկիանովը։
Ներկայումս, նրա կարծիքով, հայկական կողմն ակնկալում է հասկանալ, թե իրականում ինչ կարող է անել Արևմուտքն անվտանգության ոլորտում։
«Ամենայն հավանականությամբ, հենց դրան է ուղղված նաև ազդարարված եռակողմ՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումը Բրյուսելում։ Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ի և Իրանի մասով իր նպատակներին հասնել, սակայն արագ և իրական երաշխիքները բարդ են թվում։ Սա է նաև պատճառը, որ դիտարկվում է նաև չեզոք երկրի կարգավիճակը։ Սակայն ավելի հավանական է, որ Արևմուտքը փորձի խոստումներով արագացնել թե Խաղաղության համաձայնագրի կնքումը, թե ՀՀ-ի հետ նոր հարաբերությունների ամրագրումը՝ ակնկալիքով, որ ՀՀ-ն դուրս կգա ինտեգրացիոն կառույցներից և կնվազեցնի ու կվերացնի ՌԴ ցանկացած ոլորտի ներկայություն ՀՀ-ում։ Սա է պատճառը, որ ակտիվորեն խոսվում է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու և ՀԱՊԿ-ը լքելու հեռանկարի, ՀՀ անվտանգության ոլորտում ռեսուրսի դեֆիցիտի մասին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը, ապա, նրա խոսքով, ՌԴ-ն առանձնահատուկ որոշումներ չունի, չի պատրաստվում լքել ռեգիոնը, սակայն ՌԴ դիրքավորումը տեղավորվում է ռազմավարական նահանջի տրամաբանության շրջանակում։
«ՌԴ-ի հաշվարկը հիմնված է նաև մի շարք բարդ իրողությունների, Իրանի ու Թուրքիայի քաղաքականության վրա։ Տեսնում ենք Իրանի կողմից օրեցօր ավելի ներգրավվող քաղաքականություն, ինչը հակասում է Արևմուտքի ներկայությունը ՀՀ-ում ամրապնդելու սցենարին, և այստեղ բարդ է կանխատեսել նաև Իրանի հետագա արձագանքներն ու քաղաքականությունը, քանի որ Իրանն իրապես զսպող դետակատարություն ունի և, ի տարբերություն արևմտյան ուժերի, արդեն իսկ իր հայտարարություններով ու կարմիր գծերով անվտանգային երաշխիք է տրամադրում»,- նկատեց Ֆյոդոր Լուկիանովը։