Հայաստանը՝ 10 հազար քառակուսի կմ. հարցրե՛ք սրանց՝ ի՞նչ եք ասում գաղտնի խոսակցություններում. Աբրահամ Գասպարյան

Թշնամուն Հայաստանից տարածքների հանձնումը չի՛ ավարտվելու Տավուշի մարզի 4 գյուղով. 4 գյուղին հաջորդելու է ևս 4 գյուղ, հետո՝ մի ամբողջ մարզ կամ շրջան, ուստի սահմանապահ գյուղերի մեր հայրենակիցները պետք է հասկանան՝ եթե մի տեղից մեկ այլ տեղ են քոչում կամ գնում, այդ տարածք է գալու ոչ թե Ադրբեջանի խաղաղ բնակիչ, այլ՝ ռազմական կոնտինգենտ։

Ալիևը Հայաստանից ստացած գյուղերում կենտրոնացնելու է ռազմաստրատեգիական նշանակության տեխնիկա և մարդուժ՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը հսկողության տակ վերցնելու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի՝ Տավուշի մարզում օրերս տեղի ունեցած բնակիչների հետ հանդիպմանն ու մարզի 4 գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը, նման տեսակետ հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։

«Ադրբեջանին Հայաստանից այդ տարածքները ստանալը թույլ է տալու հսկել իր թիկունքը, հսկել Տավուշի արևելյան ուղղությամբ այն տարածքները, որտեղով անցնում են նավթագազային գլխավոր ուղիները, հանգույցները, որոնք ապահովում է Ադրբեջանի տնտեսությունն արյամբ՝ փողով։ Խոսքը վերաբերում է Թովուզի շրջանից մի քիչ հյուսիս գտնվող այն տարածքների պաշտպանությանը, որտեղով անցնում է Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղը։ Հայաստանում իշխանափոխություն լինելու պարագայում Ադրբեջանը մշտապես տագնապ է ապրելու այդ նավթամուղերի անվտանգության ապահովման համար, ուստի Տավուշի գյուղերը վերցնելով՝ Ալիևն իր նավթամուղերի անվտանգությունն է ապահովելու՝ այդ գյուղերը դարձնելով ռազմական հենակետեր»,- ասաց Գասպարյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ շարքային ստախոս Փաշինյանը պետությունը հանել է աճուրդի, ուստի նրա խոսքին չհավատալուց զատ՝ պետք է հիշել՝ ազգերի պատմությունը տարածքների համար մղվող պատերազմների պատմություն է նաև, ուստի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետք է լուծի այս խնդիրը և թույլ չպետք է տա հարցն իջեցնել կամավորական ջոկատների մակարդակի որևէ գործողության։

«Կարծում եմ, սակայն, որ Փաշինյանի այցը Տավուշի մարզ նպատակ էր հետապնդում զորքին չկրակելու հրաման տալու։ Նրա յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր քայլը հաշվարկված է։ Ինչ գրված, գծված է, նրա առաջ դրված է, ինքը դա էլ անում է։ Իմ կարծիքով՝ տարածաշրջանի ճակատագրի միտումն այնպիսին է, որ միութենական պետության ձևավորման ուրվականը վաղ թե ուշ անխուսափելի է լինելու։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի. օրինաչափությունները նույնն են։ Պատերազմի պարտությունից հետո, եթե քեզ ասում են՝ դու դավաճան չես, դու հերոս ես, քեզ օգտագործում են ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, իսկ դու և այդպես ասողի հետ ես խաղերի մեջ մտնում, և Արևմուտքի, բնականաբար, բոլոր կողմերը քեզնից ամեն ինչ քաղելու են ու դեն շպրտեն, իսկ եթե դեռ չեն շպրտել, նշանակում է՝ դու պետք ես իրենց»,- ասաց Աբրահամ Գասպարյանը՝ կոչ անելով Հայաստանին պարտադրված սցենարի մասին հարց ուղղել ոչ միայն Փաշինյանին, այլև նրա գաղափարական կնքահայր Ժիրայր Լիպարիտյանին։

«Հարցրեք՝ այդ որ գաղտնի խոսակցություններում ասում են, թե Հայաստանը կլինի 10 հազար քառակուսի կիլոմետր, ինչո՞ւ դրա մասին բացահայտ չեն ասում, չէ՞ որ նույն Անկարայից է ասվել՝ այդպես պետք է ասել։ Հո պատահակա՞ն չէր, որ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ա.Ս.), անկախության շարժում էր սկսել հենց անկախ Հայաստանում»,- խոսքը եզրափակեց քաղաքական գիտությունների թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս