Բաժիններ՝

Չհուսահատվե՛նք, կարողանա՛նք դիմանալ դժվարություններին. 40 մանկանց հիշատակության օր

Մեծ Պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը նշվում է 40 սուրբ մանկանց հիշատակության օրը: Այն պատգամում է ունենալ ամուր հավատք, լինել տոկուն, հավատարիմ, տեղեկացնում է Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:

Մեծ Պահքի շրջանում հիշատակելով 40 մանկանց՝ հավատացյալներին հորդորվում է չհուսահատվել և փորձել հաղթահարել բոլոր դժվարությունները:

Անընկճելի էր նրանց կամքը

40 վկաները ոչ թե մանուկներ, այլ զինվորականներ էին, որոնք նահատակվել էին 4-րդ դարի սկզբին:

Կարդացեք նաև

«Քրիստոսի համար կարծես մանուկ էին և իրենց հավատքի վկայության շնորհիվ կարողացան գնալ Աստծո մոտ: Ցույց տվեցին իրենց հավատարմությունը, ինչպես մանուկներն են աներկբա հավատարիմ»,- նշում է Տեր Բարդուղիմեոսը:

Զինվորականները Փոքր Հայքից էին ու ծառայում էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Այդ ժամանակ Լիկիանոս կասրը հալածում էր քրիստոնյաներին: Նրա հրամանով զինվորները հարցաքնվում են ու խոստովանում, որ քրիստոնյա են: Նրանց նկատմամբ սկսում են հալածանքները:

«Ստիպում են հավատափոխ լինել, սպառնում են ենթարկել մահապատժի: Միևնույն է նրանք չեն փոխում իրենց հավատքը, անընկճելի էր նրանց կամքը»,- նշում է քահանան:

Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: Կողքին պատրաստում են տաք բաղնիք: 40-ից միայն մեկը, չդիմանալով տանջանքներին, դուրս է ելնում սառցակալած ջրից, բայց մահանում է: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ պատկերը, հավատում է ու նետվում լիճը, պսակակից դառնում նրանց: Սառնամանիքին դիմակայած վկաները, ի վերջո, նահատակվում են: Նրանց մասունքներով կառուցվում է եկեղեցի:

Նրանք լույս էին և փորձում էին լուսավորել մեր կյանքը

Մեծ Պահքի շրջանում նշվող 40 սուրբ մանկանց հիշատակության օրը մեզ համար պետք է օրինակ լինի, ընդգծում է քահանան.

«Մեծ Պահքի ընթացքում կարողանանք ունենալ հավատարմություն, չհուսահատվենք Մեծ Պահքի դժվարություններից: Ինչպես նրանք դիմացան տարատեսակ փորձությունների, այդպես էլ մենք կարողանանք դիմանալ դժվարություններին, մեղքի դեմ պայքարին»:

Հոգևորականը տեղեկացնում է, որ այդ օրը եկեղեցիներում կատարվում է ծիսական արարողություն.

«Վառվում է 39 ճրագ և մեկ ճրագ չի վառվում՝ ի հիշատակ 40 մանուկների: Նրանք կարծես լույս էին և փորձում էին Քրիստոսի լույսով լուսավորել նաև մեր կյանքը»:

Անի Ավագյան

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս