Ստոլտենբերգի այցի նպատակը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին ներկա լինելն է. Ստեփան Դանիելյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին՝  տարածաշրջանային այցի շրջանակներում, կլինի Հայաստանում, իսկ մինչ այդ՝ Յենս Ստոլտենբերգն Ադրբեջանից վստահեցրել է, թե Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն հասնելու երկարատև խաղաղության:

Քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ այս այցի նպատակը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին ներկա լինելն է:

«Այս գործընթացներում շատ երկրներ են խառնված, իսկ տարածաշրջանը կարևոր խաչմերուկ է, որն աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող է բերել: Ու ՆԱՏՕ-ն փորձում է հասկանալ՝ կարո՞ղ է ներթափանցել տարածաշրջան՝ խաղին մասնակից լինելու համար»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ստեփան Դանիելյանը:

Քաղաքագետը նկատեց՝ տարածաշրջան ներթափանցելու ՆԱՏՕ-ի հնարավորությունները սահմանափակ են:

Կարդացեք նաև

«Իրանը, Ռուսաստանը դա թույլ չեն տալու, և կա Թուրքիա, որն իր ինքնուրույն խաղն է խաղում՝ իր շահերից ելնելով»,- պարզաբանեց նա:

Արդյո՞ք ՆԱՏՕ-ն  Հայաստանը փորձում է օգտագործել ներթափանցման համար՝ հաշվի առնելով նաև այսօր ընդդեմ Ռուսաստանի տարվող դեմարշը՝ հստակեցմանն ի պատասխան՝ Ստեփան Դանիելյանը նշեց. «ՀՀ-ին միշտ էլ օգտագործել են ու օգտագործելու են»:

Իսկ թե ինչպե՞ս պետք է դիրքավորվել այս գործընթացներում, որպեսզի Հայաստանը չօգտագործվի իբրև մանրադրամ՝ մեր  հարցին Ստեփան Դանիելյանը պատասխանեց արձանագրմամբ. «Հայաստանը միշտ օգտագործվելու է որպես մանրադրամ՝ մինչև հանրությունն ու իշխանությունը ազգային նպատակների շուրջ միասնական չլինեն, և չունենանք կառավարություն, որը ներկայացնում է հասարակությունը:

Ու քանի դեռ դա չկա, առաջ են գալիս մարդիկ, որոնք սեփական շահերն են սպասարկում՝ ինչպես ՀՀ իշխանությունները, այսինքն՝ այստեղ ազգային շահերի տեսանկյունից ինչ-ինչ սպասելիքներ ունենալ պետք չէ»:

Տեսանյութեր

Լրահոս