Անդրանիկ Քոչարյանը կո՞ղմ է չգրված օրենքներով շարժվելուն, կամ՝ Արշակ Կարապետյանի՝ անցյալում թողնված հարցերին պատասխանելու ժամանակը

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճին։ 

Անդրանիկ Քոչարյանը չի հերքել, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 2021թ. նոյեմբերի 14-ին Հայաստանում չի եղել, բայցև չի հերքել Նիկոլ Փաշինյանի ասածը, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Փաշինյանին այդ օրը զեկուցել է սահմանային իրադրության մասին:

«Արշակ Կարապետյանը զեկուցել է ՀՀ վարչապետին, ի՞նչ կարևոր է՝ Դուբայո՞ւմ, թե՞ Մարսի վրա: Պարզ է, չէ՞, որ իր կապի բոլոր միջոցները գտնվել են միացված վիճակում, էդպես է կարգը: Իրեն զեկուցել են, և ինքն է զեկուցել: Բնականաբար, շատ հնարավոր է՝ և՛ իրեն են զեկուցել, և՛ վարչապետին, բայց որ Արշակ Կարապետյանը զեկուցել է վարչապետին, դա ակնհայտ է»,- շեշտել է Անդրանիկ Քոչարյանը՝ չմանրամասնելով, թե ով է Արշակ Կարապետյանին զեկուցել:

Գուցե այն անձը, որ մնացել էր Հայաստանում և պիտի կատարեր պաշտպանության նախարարի ֆունկցիանե՞րը: Այսինքն, արդյո՞ք քննարկվել է, թե որքանով է Արշակ Կարապետյանին ճիշտ զեկուցվել, եթե Անդրանիկ Քոչարյանն էլ չի հերքում նրա ՀՀ-ում չլինելը և փաստը, որ նրան էլ են զեկուցել: Այլ հարց է, թե ինչ կերպ է Կարապետյանն իրեն ներկայացված զեկույցը փոխանցել Նիկոլ Փաշինյանին: Սրանք տրամաբանական հարցեր են, որոնց պատասխանները բանավեճի կողմերից որևէ մեկը չի տվել:

Կարդացեք նաև

Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանի հետ 2021-ի նոյեմբերի 14-ին կապի ի՞նչ միջոցներով է հաղորդակցվել, բացի WhatsApp հավելվածից, որի միջոցով իրենց հարցուպատասխանը Փաշինյանը որպես «կոնտրքայլ»՝ Tik Tok-ի պաշտոնական էջով «սլիվ» էր արել։

Սրան Արշակ Կարապետյանը հատուկ կերպով չէր արձագանքել, փոխարենը՝ Փաշինյանի կուսակից Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում «հաղորդում» էր տվել Փաշինյանի դեմ՝ հայտնելով, որ 2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 10:00, տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շտապ նիստ՝ Սոթք-Խոզնավար իրադարձությունների շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, որի ժամանակ հաշվի առնելով այն փաստը, որ Գաբրիելյանը ծառայել է 2-րդ բանակային կորպուսում, Փաշինյանը խնդրել է նրան «անձնական կապերով փորձել առաջին ձեռքից հնարավորինս ստույգ իրադրություն նկարագրել»:

«Սենյակից դուրս եմ եկել, կարճ ժամանակ անց վերադարձել և նկարագրել իրավիճակը, որտեղ ի զարմանս մեզ բացահայտել ենք պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության` ակնհայտ փափուկ ասեմ, տարընթերցումը»,- մանրամասնել է իշխանական պատգամավորը:

Իսկ Անդրանիկ Քոչարյանին «Ազատությունը» հիշեցրել է նաև Արշակ Կարապետյանի պատասխան այն հայտարարությունը, որ 2021 թվականի մայիսին, երբ ՀՀ ինքնիշխան տարածք է ներթափանցել Ադրբեջանի զինուժը, ինքը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ և հրաման տալու ու այդ գործողություններին միջամտելու իրավունք չի ունեցել, և, որ Նիկոլ Փաշինյանն է չկրակելու հրաման տվել:

Ի պատասխան՝ իշխանական պատգամավորը, ըստ էության, շրջանցել է հարցը, տվել պատասխան հարց, թե ինչո՞ւ Կարապետյանը ՀՀ-ում չի:

«Ինքը փորձում է ասել, որ եղել է ԳՇ պետի տեղակալ և չուներ այդպիսի իրավասություննե՞ր, հիմա ես իրեն հակադարձում եմ՝ երբ ինքը վարչապետի խորհրդականն էր, ինքն էր կառավարում այն ժամանակվա ԳՇ պետ Արտակ Դավթյանին»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանի տրամաբանությամբ՝ Արշակ Կարապետյանը չգրված օրենքներով պետք է իշխանություն բանեցնե՞ր, կամ՝ պիտի բանեցներ և «թռներ» պաշտպանության նախարարի և ԳՇ պետի գլխի՞ց, եթե առաջնահերթ պատասխանատվություն չի ունեցել 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների համար:

Հետաքրքիր է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը հիշո՞ւմ է, որ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկը վերաբերում է նրան, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Արեգա» բարձունքը թողնելու և նահանջելու հրաման է տվել, թեպետ այդ ժամանակ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր: Իհարկե, այլ հարց է, թե այս մեղադրանքը որքանով է հիմնավոր:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ հիշել է նաև, որ Արշակ Կարապետյանը Ապրիլյան քննիչ հանձնաժողով է կանչվել 2 անգամ, որովհետև հակասական հայտարարություններ էր արել: 

Ինչ վերաբերում է կրակել-չկրակելու հրամանին և Արշակ Կարապետյանի հայտարարությանը, որ իրեն Փաշինյանն ազատել է կրակելու հրաման տալու համար, Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» այս առնչությամբ հարցին պատասխանել է. «Անիմաստ կրակոցներ չպետք է լինեն»: Այսինքն, որոնք կարող են վերաճել ավելի մեծամասշտաբ գործողության:

Հակադարձմանը՝ իսկ եթե քայլելով գալիս են, Քոչարյանն արձագանքել է՝ բա հիմա ինչի՞ չեն գալիս:

«Արշակ Կարապետյանի խնդիրն էր, որ մենք պետք է օր առաջ մեր պաշտպանական խնդիրները լուծած լինեինք»,- ընդգծել է Քոչարյանը:

Հնարավոր է, որ Արշակ Կարապետյանն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում հակասական բաներ է ասել, կամ կարողանում է նաև այսօր մանևրել և բոլոր իր դեմ մեղադրանքների «տակից դուրս գալ», բայց փաստ է, որ Անդրանիկ Քոչարյանը ևս հեռու չէ սրանից:

Հիշատակված հարցազրույցում քննարկման թեման 2021 թվականի մայիսի ադրբեջանական առաջխաղացումներն էին և նոյեմբերի մարտերը: Ինչ էր ասում Անդրանիկ Քոչարյանը սրանից առաջ՝ այս դեպքերի համատեքստում կրակել-չկրակելու հետ կապված: Մասնավորապես, 2023 թվականի ապրիլին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր.

«Մենք էլ ենք կրակում։ Ամենակարևոր բանը եկեք արձանագրենք. այն, ինչ մերն է, մերն է։ Եթե կրակեն, մենք կրակելու ենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Եթե առաջ մենք ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ»:

Ավելի ուշ «Ֆակտորի» հետ զրույցում սրբագրել էր իր խոսքերը, ինչո՞ւ չէ՝ բառախաղի դիմել՝ ասելով, որ նկատի է ունեցել հոգեբանական գործոնները։

«Ով ասեց՝ հրամանով չէին կրակել, հոգեբանական բարդույթ ունեինք, որը հաղթահարված է: Դա կոչվում է հետպատերազմյան բարդույթ, այսինքն՝ կաշկանդված էին, շփոթված՝ զինվորից մինչև հրամանատար: Այսօր պատկերը լրիվ այլ է»,պարզաբանել էր Քոչարյանը:

Իր նույնիսկ սրբագրված խոսքում, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանը չի հերքում հայկական կողմից եղած՝ չկրակելու հրամանի փաստը, այն դեպքում, երբ 2021 թվականի մայիսին նա դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցում ադրբեջանական կրակոցների և դրանց պատասխանելու խնդրին անդրադառնալով՝ նշել էր. «Եթե մեր վրա կրակում են, մենք էլ պետք է կրակենք։ Ի՞նչ գիտեք, որ չենք կրակում: Ճիշտ չեք ասում: Հակառակ դեպքում մենք կտանք զոհեր՝ չպաշտպանելով մեզ»:

Ինչ վերաբերում է, թե՝ «հիմա քայլելով չեն գալիս», Անդրանիկ Քոչարյանը մոռանում է, որ հիմա Ադրբեջանը 2021-2022 թվականներին գրավել է հայկական բոլոր ռազմավարական բարձունքները, վերահսկողության տակ է պահում ՀՀ ԶՈՒ տեղաշարժը, գյուղերը, գյուղերի բնակչությանը, և առիթի դեպքում լավ էլ հատում են ՀՀ սահմանը, բայց ճանաչվում մոլորված: Այս շարքը կարելի է շարունակել:

Իսկ թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին իշխանափոխությունից հետո սկզբում իրեն խորհրդական նշանակել, հետո վերադարձրել Զինված ուժեր, ՊՆ, երբ Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո նրան ազատել էր Զինված ուժերի հետախուզության վարչության պետի պաշտոնից, երբ Անդրանիկ Քոչարյանի ասելով, Կարապետյանը հակասական տեղեկություններ էր տվել քննիչ հանձնաժողովին, օրերս հրավիրված ասուլիսի ընթացքում Փաշինյանը նշել է, որ հաշվի է առել նրա՝ ՌԴ-ի կամ ռուսական շրջանակների հետ ունեցած կապերը: Իհարկե, չպետք է մոռանալ նաև Կարապետյանի «Մարտի 1-ի» գործով ցուցմունքը:

Հիմա Անդրանիկ Քոչարյանն Արշակ Կարապետյանին հարց է տալիս՝ ինչո՞ւ է ինքը համագործակցել և համաձայնել աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, եթե նա դավաճան է: Այս և նմանատիպ այլ հարցեր 168.amհասցեագրել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարին, բայց դրանք մնացել են անպատասխան:

Քաղաքական հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը գտնում է, որ չպետք է կենտրոնանալ անցյալի վրա, մինչդեռ այդ անցյալի մասին այսօր առավել հաճախ հիշեցնում է հենց Փաշինյանի իշխանությունը, և, ի վերջո, ներկայում առկա շատ խնդիրների պատասխաններ և պատճառներ թաքնված են անցյալում: Իսկ թե ինչո՞ւ են իշխանական շրջանակներն այս թեմաներն ակտիվացնում, ժամանակը ցույց կտա, գուցե սա մարի, ինչպես ժամանակին ակտիվացավ և մարեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին առնչվող թեման՝ «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու հետ կապված:

Տեսանյութեր

Լրահոս