«Արեգա» բարձունքը կորցնելու օրերին Միքայել Արզումանյանը ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր

168.am-ի՝ հուլիսի 17-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն օգոստոսի 9-ի իր պատասխան գրության մեջ հայտնել է, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 26-ը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 27-ին Միքայել Արզումանյանը ստանձնել էր ՊԲ հրամանատարի պարտականությունները:

ՊԲ նախկին հրամանատարը մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու և «Արեգա» բարձունքը թողնելու և նահանջելու հրաման տալու համար: Ընդ որում, «Արեգա» բարձունքի շուրջ գործողությունների ժամանակ Արզումանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր:

Ըստ մեղադրանքի, 2020թ. սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի հյուսիսարևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։

Կարդացեք նաև

Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։

2020թ. սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ:

«Սեպտեմբերի 29-ին առավոտյան ժամը 07։00-ից յուրային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել է հակագրոհի օպերացիա, և արդեն իսկ ժամը 09։50-10:00-ի սահմաններում մեր ստորաբաժանումներին հաջողվել է տվյալ ուղղությամբ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան՝ շուրջ 10-ը, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար՝ վերցվել է 2 զրահափոխադրիչ: Եվ «Արեգա» բարձունքը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ»,- 168.am-ին փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեից:

ՔԿ-ից ստացված տեղեկության համաձայն, 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:

ՔԿ-ից մեզ փոխանցել էին, որ նահանջի հրաման տալու վերաբերյալ տվյալը հաստատվել է մի շարք անձանց ցուցմունքներով, և, որ հարցաքննվել է օպերացիայում ներգրավված անձնակազմի հիմնական մասը, կատարվել են առերեսումներ: Մինչդեռ, տարբեր տեղեկությունների համաձայն, «Արեգասարը» հետ չի վերցվել:

Նշենք, որ հուլիսի 6-ին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել է վերջին շրջանում տարբեր պաշտոնատար անձանց կողմից իր անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակմանը:

«Արեգա» բարձունքը թողնելու հրաման տալու մեղադրանքի համատեքստում Միքայել Արզումանյանը նախ հիշեցրել էր, որ ի պաշտոնե նման իրավասություն չի ունեցել, այնուհետև հնչեցրել է հարցեր: Ի դեպ, դրանց 168.am-ն անդրադարձել է իր մի շարք վերլուծություններում:

Նա իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր. «Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում․

– եթե Արեգասարի բարձունքն, իրոք, գրավված է եղել յուրային ուժերի կողմից, և եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչո՞ւ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել,

– եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչո՞ւ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել պաշտպանության բանակի հրամանատար,

– Արեգասարի բարձունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։

Որպեսզի հանկարծ ավելորդ մեկնաբանություններ չլինեն, թե իբև այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը և գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ չեն իմացել, ցանկանում եմ նշել, որ զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարևորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն, և այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։

Նույն կերպ հնարավոր չէ, որ զինված ուժերի հրամանատարությունը չիմանա, թե ինչպես գրավված բարձունքը նորից անցավ թշնամունԱմեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է՝ ըստ ենթակայության։

Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ՝ ես նշանակվեի ՊԲ հրամանատար»։

Իսկ Շուշիի անկման հետ կապված, որի համար նա ևս մեղադրվում է, Արզումանյանն ասել էր.

«Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։

Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։

Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։

Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա:

Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զենքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։

Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ»:

Ի դեպ, օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Շուշիի անկման շուրջ խոսակցությունները համարել էր շահարկում, և «միջնորդել» լսել Շուշիի անկման համար մեղադրվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որին իշխանությունները, ըստ էության, քաղաքական նպատակներով մեկուսացրել են:

Հավելենք, որ հունիսի 16-ին մենք Քննչական կոմիտե հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչո՞ւ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն չեղավ, երբ գործ ունենք ոչ պակաս կարևոր, կամ շատ կարևոր պատերազմական դրվագների հետ, մասնավորապես, «Արեգասարի» հետ կապված մեղադրանքը շատ հարցեր է առաջացնում:

«Միքայել Արզումանյանին վերաբերելի քրեական վարույթով նախաքննության ընթացքում փորձաքննության միջոցով որևէ հանգամանք պարզելու անհրաժեշտություն չի ծագել, հետևաբար՝ ռազմագիտական փորձաքննություն չի նշանակվել»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին ՔԿ-ից:

Մինչդեռ Ջալալ Հարությունյանի գործը պահանջել էր ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել էր ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում:

Տեսանյութեր

Լրահոս