Չի եղել, չի էլ կարող վստահելի այլընտրանք լինել

Եվրամիությունը, որի հետ Հայաստանի իշխանությունները, ի հեճուկս Ռուսաստանի, ջանքեր են գործադրում առավելագույնս սերտացնել հարաբերությունները և այդ մասին վերջին շրջանում սկսել են անթաքույց հայտարարություններ անել՝ փորձելով մի վեկտորից տեղավորվել մեկ այլ վեկտորում, երբեք չի եղել և չի կարող այլընտրանք լինել Հայաստանի համար։

Խոսքը եթե ոչ՝ քաղաքական, չնայած այդ առումով ևս մեծ ակնկալիքներ չեն կարող լինել՝ ոչինչ չտվող հայտարարություններից բացի, ապա առնվազն՝ տնտեսական գործընկերության մասին է։

Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն այնպիսին են, որ եթե վաղն անգամ բոլոր սահմանափակումները վերացվեն, միևնույն է, դա չի կարող փոխարինող լինել այն հարաբերություններին, որոնք հիմնական գործընկեր երկրների հետ կան այսօր։

Խնդիրը նույնիսկ սահմանափակումների մեջ չէ։ Անգամ այդ սահմանափակումների վերացման պարագայում այսօրվա տնտեսական պոտենցիալով եվրոպական շուկաներում Հայաստանի տնտեսության ինտեգրացումն անհնարին է պատկերացնել։

Կարդացեք նաև

Դրա համար առաջին հերթին պետք է ունենալ այդ շուկայի պահանջներին բավարարող արտահանման անհրաժեշտ պոտենցիալ, ինչը Հայաստանի տնտեսությունը չունի և այսպես շարունակվելու դեպքում՝ երբեք էլ չի կարող ունենալ։

Տնտեսության արտահանելի հատվածում գտնվող հայկական ապրանքները չափազանց հեռու են եվրոպական շուկաների պահանջները բավարարելուց։ Դրանք անգամ ազատ առևտրային հարաբերությունների պայմաններում չեն կարող տեղավորվել այս շուկաներում։

Լավագույն դեպքում կարող են լինել շատ սահմանափակ ապրանքներ՝ իրենց սահմանափակ ծավալներով։

Մեր տնտեսության առկա կարողությունները դրանից ավելիին այսօր չեն ձգում։

Տասնյակ տարիներ են պետք այս իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար։ Այն էլ դեռ հարց է՝ կհաջողվի՞, թե՞ ոչ։

Սա հաշվի չառնել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները կառուցելու ձգտումներում՝ առնվազն արկածախնդրություն է։

Նման քաղաքականության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական հետևանքները լրջագույն ռիսկեր են երկրի ապագայի համար։

Այս հանգամանքը, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, դժվար է չտեսնել ու չգիտակցել։ Մի բան, որին, սակայն, այսօրվա քաղաքական իշխանությունները մատների արանքով են նայում՝ սեփական քաղաքական թիմի նպատակահարմարություններից, և ոչ թե՝ երկրի ու ժողովրդի շահերից ելնելով։

Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների մակարդակն ակնհայտ երևում է այն առևտրային համեստ շրջանառությունների մեջ, որոնք կան։ Վերջին տարիներին, կապված նաև հակամարտությունների ու պատժամիջոցների հետևանքով եվրոպական երկրներում ի հայտ եկած տնտեսական խնդիրների հետ, այդ հարաբերություններն ավելի են սեղմվել։

Եվրամիության երկրների բաժինը Հայաստանի արտահանման մեջ 10 տոկոսից էլ պակաս է։ Անցած տարի այն ուղղակի գահավիժեց՝ 14,3 տոկոսից իջնելով ընդամենը 8,4 տոկոսի՝ միանգամից նվազելով 5,9 տոկոսային կետով։

Նվազումը միայն արտահանմանը չի վերաբերում՝ ներմուծման գործընկերության առումով ևս Եվրամիության երկրների կիշռը Հայաստանի հետ հարաբերություններում մեծ չէ։ Դա էլ գնալով կրճատվում է։ Անցած տարի 15,9 տոկոս էր՝ 1,3 տոկոսային կետով քիչ, քան մեկ տարի առաջ։

Այս տարվա սկզբին հարաբերություններն ավելի են վատացել։ Հայաստանից արտահանման ընդամենը 3,6 տոկոսն է բաժին ընկել Եվրամիության երկրներին։ Հունվարին այն կազմել է ընդամենը 33,5 մլն դոլար՝ նվազելով 38 տոկոսով։

Անցած տարի էլ ԵՄ երկրների հետ արտահանման միտումները հուսադրող չէին։ Ամբողջ տարվա ընթացքում այդ երկրների շուկաներ էր մատակարարվել 709 մլն դոլարի ապրանք։ Մի քանի տասնյակ միլիոնով քիչ, քան մեկ տարի առաջ։

Հայտնի է, թե այդ արտահանման մեջն էլ ինչն է գերակշռողը՝ հիմնականում հանքահումքային ապրանքներն ու թանկարժեք քարերը։ Մյուսների պարագայում արտահանման ծավալները չնչին են։

Այդքան մեծ ակնկալիքներ են ձևավորվել Ֆրանսիայի հետ հարաբերությունների առումով։ Այնինչ՝ Ֆրանսիայի դերը մեր տնտեսության մեջ չափազանց համեստ է։

Անցած ամբողջ տարվա ընթացքում Հայաստանից արտահանումը Ֆրանսիա կազմել էր ընդամենը 9,5 մլն դոլար։

Տնտեսական ու առևտրային թռիչքային աճերի պարագայում, որի մասին խոսում են իշխանությունները, Ֆրանսիա արտահանումը նույնիսկ նվազել էր։

Այս տարի պատկերն ավելի տխուր է՝ տարեսկզբին Ֆրանսիա է արտահանվել ընդամենը 215 հազար դոլարի ապրանք. 60 տոկոսով արտահանումը նվազել է։

Ներմուծման կառուցվածքում ևս Եվրամիության մասնակցությունն այս տարվա սկզբին էապես կրճատվել է։ Ներմուծման մեջ կազմել է 8,8 տոկոս։ Անցած տարի 18,9 տոկոս էր։

Երկու տասնյակից ավելի Եվրամիության երկրներն անգամներով ավելի քիչ բաժին ունեն Հայաստանի արտաքին առևտրում, քան միայն Ռուսաստանը։

Ռուսաստանի բաժինն արտահանման 40 տոկոսից ավելին է, Եվրամիությանը՝ 10 տոկոսի չի հասնում։

Նույնը ներմուծման պարագայում է։ Ներմուծման տեսակարար կշռով Ռուսաստանի բաժինը կրկնակի ավելի մեծ է։

Այսպիսի առևտրային հարաբերությունները բխում են առաջին հերթին Հայաստանի տնտեսության կառուցվածքից ու արտադրության որակից, ցածր մրցունակությունից։ Հայկական ապրանքները եվրոպական շուկաներում մրցունակ չեն, մոտակա տարիներին ու տասնամյակներին չեն էլ կարող լինել՝ արտադրողականության այն որակներով, ինչն այսօր առկա է։ Նման պայմաններում ինչքան էլ շուկաները բացվեն հայկական ապրանքների համար, դրանից իրավիճակը չի կարող փոխվել։

Եվրոպական երկրները տնտեսական գործակցության առումով ևս ազդեցիկ գործընկեր չեն Հայաստանի համար։ Ինչքան էլ փորձեր են արվում հարաբերությունները տնտեսության մեջ խորացնել, արդյունքներ չկան կամ շատ փոքր են։ Հայաստանի ներդրումային միջավայրը հետաքրքրություններ չի ներկայացնում եվրոպական ներդրողների համար։ Նրանք մեծամասամբ խուսափում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Նախ՝ որ չկա ներդրումային բարվոք մթնոլորտ, բացի այդ էլ՝ շուկան այն չէ, իրացման հնարավորություններն են սահմանափակ, չկա ներդրումների բավարար տեղ՝ մեկ-երկու ոլորտներից բացի, որոնք հիմնականում արդեն զբաղված են։

Այսպիսի պայմաններում անիմաստ է ակնկալել տնտեսության այլընտրանքային հնարավորություններ ԵՄ գործընկերության շրջանակներում, այն էլ՝ կարճ ժամկետներում։ Նման փորձերը հղի են վատ հետևանքներով, որոնք երկար սպասեցնել չեն տա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս