Էջմիածնի քաղաքապետի սկեսուրի «տների բիզնեսի գործով» նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հետք»
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսուրի «տների բիզնեսի գործով» նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է «Հետքը»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետքի» «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» հոդվածը, նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ և միացվել ավելի վաղ հարուցված քրեական վարույթին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը:
Ավելի վաղ կայքը գրել էր, որ Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Այդ նպատակով գործընկերների օգնությամբ ձեռք է բերվել համայնքային հողատարածք, և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել։
«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին (միակ սեփականատերը Դիանա Գասպարյանի ամուսնու` ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրն է) շինարարության 20 թույլտվություն է տրվել բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
Վաղարշապատի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել է կառուցապատման նպատակով աճուրդի հանել վաճառել 0.9 հա մակերեսով համայնքային սեփականությունը։ Մեկնարկային գինը սահմանվել է 51 մլն 975 հազար դրամ (1 քմ` 5775 դրամ)։ Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:
Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը, որն էլ շահել է: Դրանից հետո համայնքից գնված հողի սեփականատեր է դարձել Դիանա Գասպարյանի ամուսնու մայրը:
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է քրեական վարույթի շրջանակում։