ԵՄ-ն ՀՀ-ի վերաբերյալ իր պլանները դեռ չի հայտնում․ ՀՀ իշխանություններն անորոշության մեջ են
Այսօր հերթական ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին։
Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս արել է հայտարարություն, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։
«Սա ասվել է, հիմա մենք պետք է հասկանանք, թե ԵՄ-ն որքան կհամարի հնարավոր, և դրանից հետո անենք հետևություններ։ Բայց նաև կարևոր է, թե ՀՀ ժողովուրդն ինչքան հնարավոր կհամարի։ Բայց էս փուլում գործընթացը տեսնում ենք էսպես, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, և հիմա լավ է, որ մենք չենք ասում, ԵՄ-ն է ասում, որ ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել»,- ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կունենան մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ամուր հարաբերությունների արտահայտությունը։
«Չնայած պետք է ասեմ, որ այնպես չի, որ այդ արտահայտությունները մենք չենք ունեցել։ Պարզապես կարծում եմ, որ հարաբերությունները զարգանում են, և ինքը նոր դրսևորումներ և արտահայտություններ պետք է ունենա։ Օրինակ, այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, հաջորդը՝ առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին և ՀՀ-ի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ, անվտանգության ոլորտում մեր համագործակցության խորացումը, նաև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարողությունների ընդլայնումը և նաև ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը և այլն»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով ՀԱՊԿ անդամակցության մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ եթե ՀԱՊԿ-ը պատասխանի Հայաստանում պատասխանատվության գոտու մասին հարցին, և պատասխանը համապատասխանի Երևանի պատկերացումներին, ապա հարցերը նրանց միջև կլուծվեն։
«Եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից։ Ե՞րբ՝ ասել չեմ կարող,- նշել է Փաշինյանը՝ կատակելով,- մինչև Նոր տարի»։
Օրերս էլ թուրքական TRT-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արտաքին քաղաքականության կողմնորոշման վերաբերյալ նշել էր, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ «Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև Եվրամիությանն անդամակցության գաղափարը»,- հայտարարել էր նա։
Այնուամենայնիվ, դատելով Նիկոլ Փաշինյանի խոսքից, կարելի է ենթադրել, որ խորհրդարանի ելույթից ամիսներ անց ՀՀ-ի համար դեռ պարզ չէ, թե ԵՄ-ն ՀՀ-ի հետ հարաբերությունների ինչպիսի մակարդակ է պատկերացնում։
168․am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ ներկայիս փուլը շատ ավելի բարդացրել է աշխարհաքաղաքական շրջադարձի հնարավորությունները։
Նրա խոսքով, գլխավոր պատճառը, իհարկե, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն են և դրանցից բխող բոլոր աշխարհաքաղաքական տեղաշարժերն ու զարգացումները։
«Նման մրցակցության պայմաններում, բնականաբար, ավելի բարդ է նման շրջադարձ անել հատկապես մի կառույցի կողմ, որն ունի ներքին ընթացակարգերի խնդիրներ, ԵՄ-ում որոշումների կայացումը շատ երկարատև ու բարդ համաձայնությունների շարան է իրենից ենթադրում։
Բացի այդ, ներկայումս դրան ավելացել է այն, որ ԵՄ շատ երկրներ որքան էլ Ուկրաինային աջակցում են և կշարունակեն աջակցել, բայց մինչ պատերազմի ավարտ գործում են անորոշության պայմաններում և հակված չեն ԵՄ-ում փոփոխությունների։ Կան նաև ռեգիոնալ խնդիրներ՝ դա Ռուսաստանի գործոնն է Հայաստանի համար և Իրանի դիրքորոշումը։ Կարծում եմ՝ այս պատճառներն են, որոնք ազդում են, որպեսզի այս հարցում անորոշություն պահպանվի»,- ասաց Մենաղարիշվիլին։
Նա նաև հիշեցրեց, որ մինչ ԵՄ անդամակցության թեկնածուի անդամի կարգավիճակ ստանալը Վրաստանը բավականին երկար ճանապարհ է անցել, բացի բարեփոխումներից, երկար բանակցային գործընթացներ տարբեր ոլորտներում։
«Եվ ինչպես տեսնում եք, միայն Ուկրաինայում պատերազմի ֆոնին ստացել ենք անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն դեռ հստակ չէ, թե երբ կդառնա ԵՄ անդամ։ Կարծում եմ՝ մինչ անդամակցության մասին խոսելը ԵՄ-ն դեռ այլ փուլերով կանցնի ՀՀ-ի հետ հարաբերություններով, ինչն օբյեկտիվ է։
Սակայն այդ օբյեկտիվ իրավիճակն այնուամենայնիվ խնդրահարույց է, քանի որ ՀՀ-ն ունի թե անվտանգային խնդիրներ, թե աշխարհաքաղաքական, քանի որ, օրինակ, Իրանի քաղաքական և անվտանգային աջակցությունը Երևանի համար կարևոր է, ուստի Իրանի դիրքորոշումն անտեսելը բարդ է, ուստի պետք է համապատասխան աշխատանք իրականացնել Իրանի հետ, ինչը կրկին այս պայմաններում բարդ է։ Հայաստանն ինքնին անցումային փուլում է հայտնվել, որը համընկնում է աշխարհի անցումային փուլի հետ։
Օրինակ՝ Վրաստանի դեպքում իրավիճակն ավելի հեշտ ու կանխատեսելի է, Վրաստանն արդեն ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, բավականին երկար ժամանակ այդ կուրսն է որդեգրել և աշխատել այդ ուղղությամբ։ Եվ ներկայումս ուղիղ կերպով չի զգում աշխարհաքաղաքական մրցակցություն»,- ասաց վերլուծաբանը։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, ԵՄ-ի համար գուցե հասկանալի լինի, որ ՀՀ-ն գնում է եվրաինտեգրացիայի ճանապարհով, սակայն ԵՄ անդամակցությունից խոսելուց կխուսափեն։ «Կարծում եմ՝ եվրաինտեգրացիայի ճանապարհը մինչ այդ կպահեն վիզային ազատականացման գործընթացով և այլ ոլորտներում համագործակցությամբ»,- ասաց նա։