Պատասխանն ինձ համար մի քիչ անսպասելի էր, բայց շատ կոշտ. Մարիամ Հովսեփյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին

Մարտի 3-ին ՌԴ Սոչի քաղաքում ընթացող միջազգային երիտասարդական փառատոնի շրջանակում հյուրերից մեկն էլ եղել է «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով պատասխանելով ՀՀ-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու իշխանության հայտարարությունների մասին հարցին, ասել է, որ «Նիկոլ Փաշինյանը» դավաճան է, ինչից հետո դահլիճում ներկա ԿԳՄՍ նախարարության ու ՀՀ իշխանության մի քանի ներկայացուցիչներ լքել են տարածքը՝ պատվիրակության ղեկավար՝ ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի գլխավորությամբ։

Հարցը Մարգարիտա Սիմոնյանին ուղղել էր ներկաներից ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, մասնավորապես, հետաքրքրվելով, թե ինչ պետք է անել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս հանելու վերաբերյալ Հայաստանում առկա հայտարարությունների և հակառուսական տրամադրությունների համատեքստում: Մարգարիտա Սիմոնյանը նախ ասել էր, որ պետք է սթափվել:

«Հայաստանի երիտասարդությունը պետք է իմանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է և տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման: Եթե նա շարունակի մնալ իշխանության, և հայ հասարակությունը շարունակի աջակցել նրան, Հայաստանն ընդհանրապես չի լինի 5 տարվա ընթացքում, ինչպես չկա Ղարաբաղն այնպիսին, ինչպիսի տեսքով որ պետք էր Հայաստանին: Եթե մարդկանց հոգեհարազատ է ինքնասպանության քաղաքականությունը, թող շարունակեն ընտրել Փաշինյանին, նրանք, ովքեր աջակցում են նրան, ուղղակի ինքնասպաններ են»,- ասել էր Մարգարիտա Սիմոնյանը։

168.am հետ զրույցում Մարիամ Հովսեփյանն ասաց, որ իր հարցը հնչեցնելուց ու Մարգարիտա Սիմոնյանի պատասխանից հետո մեկնաբանություններ են հնչում, որ պայմանավորված է եղել հարցը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։

Կարդացեք նաև

«Ես հարցը բարձրաձայնեցի ոչ թե՝ որպես քաղաքագետ, այլ՝ հայ մարդ։ Ըստ այդմ, ես իմ հարցը հնչեցրեցի, եղավ այն, ինչին բոլորդ ականատես եք եղել։ Պատասխանն ինձ համար մի քիչ անսպասելի էր, բայց շատ կոշտ։ Նրա պատասխանից հետո հայկական պաշտոնական պատվիրակությունը փառատոնի անցկացման վայրը լքել է»,- նշեց Մարիամ Հովսեփյանը։

Նրա գնահատմամբ, Մարգարիտա Սիմոնյանին պատասխանի համար չի կարող մեղադրել, քանի որ գուցե նա իր պատասխանով որևէ նախազգուշացում է անում։

«Մարգարիտան պատասխանեց այնպես, ինչպես մտածում էր, գուցե սա մարդկանց արթնացնելու մեթոդ էր, որը, սակայն, ընդունվեց թշնամական։ Արդյո՞ք աշխարհաքաղաքականության մեջ Հայաստանը չի ունենալու զիջումներ, եթե շարունակեն այդ հակառուսական քաղաքականությունը, որը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել։

Ի վերջո, պետք է հասկանանք, այն, ինչը անում են ՀՀ իշխանությունները՝ դուրս է գալու հայ ժողովրդի ու ՌԴ-ում հայ համայնքի ջանից»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ Մ. Հովսեփյանի, Հայաստանի պատվիրակությունը համարվում էր ամենախոշոր պատվիրակությունը՝ Բելառուսի պատվիրակությունից հետո, եղել են ներկայացուցիչներ տարբեր հասարակական կազմակերպություններից, կուսակցությունների երիտասարդական կառույցներից։

«Հայկական պատվիրակությունում կար մարդ, ով ասում էր՝ ռուսները մեր առաջին թշնամին են, կար մարդ, ով Ռուսաստանի հիմնի ժամանակ ոտքի չկանգնեց՝ ասելով, որ դա իր պետության հիմնը չէ։

Ի դեպ, դահլիճը լքած ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին ուզում եմ հիշեցնել, թե ինչի համար է ընտրվել պատգամավոր, և փաստորեն այն ֆունկցիան, որն ինքը պետք է իրականացնի՝ չի իրականացնում։ Իր կողմից չենք տեսնում ոչ մի արձագանք՝ կապված ռուս ազգի վերաբերյալ տարբեր հայտարարությունների հետ»,- եզրափակեց Մարիամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս