Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է իր աներոջը. դատախազը գործն ուղարկել է դատարան
Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը 2012 թվականին կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է իր աներոջը, այնուհետև առուվաճառքի ձևական պայմանագրով գույքը վաճառվել է համայնքի ղեկավարի կնոջը։ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատախազը գործն ուղարկել է դատարան։
«Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի և վերջինիս կնոջ հոր նկատմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենցաղի տան շենքը վատնման եղանակով հափշտակելու, իսկ հետագայում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փողերի լվացմանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև բնակավայրի ղեկավարի կնոջ նկատմամբ:
Դատախազը 2024 թվականի մարտի 1-ին հաստատել է համայնքի ղեկավարի, վերջինիս կնոջ և աներոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք, որ քաղաքացին, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը: Վերջինս տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ բնակավայրի ղեկավարի կնոջը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: