Ադրբեջանական վերջնագրեր՝ Բեռլինից առաջ․ փորձագետները լուրջ արդյունքներ չեն ակնկալում նախարարական հանդիպումից
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են՝ արտաքին գործերի նախարարների պատվիրակությունները կհանդիպեն Գերմանիայում։ Տեղեկությունը նախօրեին հաստատել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կլինեն, սակայն չէր նշել՝ երբ և որտեղ։
«Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Անի Բադալյանը:
Ավելի վաղ՝ փետրվարի 17-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
Սակայն հարկ է նշել, որ սրանից առաջ՝ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո էլ, ԵԽ նախագահ Շառլ Միշել-Իլհամ Ալիև հեռախոսազրույցի ընթացքում էր պայմանավորվածություն ձեռք բերվել հանդիպումները շարունակել Բրյուսելում։ Սակայն Բրյուսելում սպասվելիք հանդիպումների մասին դեռ որևէ խոսք չկա։
Ուշագրավը, սակայն, այն է, որ նախարարական հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը հայկական կողմին հերթական հրապարակային վերջնագրերն է ներկայացնում։ Օկուպացրած Արցախի Ասկերանի շրջանի Իվանյանում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է իմանա՝ միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է։
«Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- նշել է Ալիևը։
Ավելի վաղ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ևս Ալիևը վերջնագրեր էր ներկայացնում ՀՀ իշխանություններին՝ նշելով, որ եթե Ադրբեջանը չստանա անխոչընդոտ, իր ցանկալի երթուղին ՀՀ տարածքով, ապա չի բացի Հայաստանի հետ սահմանները։
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարական հանդիպման հնարավոր արդյունքների հնարավորությունը չափազանց փոքր է թվում, քանի որ կողմերի միջև լարվածությունն էական է։
Նրա խոսքով՝ կան մի քանի գործոններ, որոնք չեն նպաստում խաղաղ գործընթացի անխոչընդոտ շարունակությանը։ Վերլուծաբանի կարծիքով, պատճառներից մեկն այն է, որ Արևմուտքին չի հաջողվի միջնորդական ձևաչափ հաստատել կա՛մ Բրյուսելում, կա՛մ Բեռլինում, կա՛մ Վաշինգտոնում։
«Կողմերի հանդիպումները տարբեր մայրաքաղաքներում, տարբեր միջնորդներով, կարծում եմ, չեն նպաստում բանակցային օրակարգի համաձայնեցմանը։ Հակամարտության գոտում ևս կա էական լարվածություն թե ռազմական, թե քաղաքական առումով, քանի որ ռեգիոնում դեռ մեծ է հետպատերազմյան իրավիճակի ազդեցությունը, միջնորդներն էլ ավելի են խճճվել իրենց խնդիրներում, թաթախվել աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության մեջ, Ռուսաստանի ավանդական ազդեցությունն է փոփոխվել, դա ևս ինքնին նոր իրավիճակ է ռեգիոնի համար և ապակայունացնող, քանի որ ազդեցությունը ռեսուրսի բացակայության պատճառով թուլացել է, բայց քաղաքական շահագրգռությունը և հետաքրքրվածությունը՝ պահպանվել։ Կա նաև Արևմուտքի ու առանձին եվրոպական երկրների՝ ռեգիոն ներթափանցելու և ավելի մեծ ազդեցություն ունենալու գործոնի ազդեցությունը։
Դա ակնհայտորեն չի գոհացնում ադրբեջանական կողմին, սա իր հերթին ևս, փաստորեն, լարվածությունը մեծացնում է, թեև Արևմուտքն իր քաղաքական ջանքերով փորձում է անվտանգություն բերել ռեգիոն։ Սակայն այդ ջանքերը խանգարում են Ադրբեջանին, Իրանին, Ռուսաստանին։ Ադրբեջանի նախագահի հաղթանակն ընտրություններում, իր հերթին՝ ամրապնդել է այն կուրսը, որով առաջնորդվում էր նա հակամարտության կարգավորման գործում, ուստի այդ քաղաքականության հիմնական շեշտերը պահպանվում են»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ իրավիճակը բարդ է հակամարտության թե ներքին, թե արտաքին առումով։
Այս իրավիճակում, Հալբախի կարծիքով, նախարարների հանդիպումը լինելու է մի փոքրիկ ներդրում կողմերի միջև շփման գործում։
«Կողմերը փոխանակվել են համաձայնագրի փաթեթներով, սակայն ՀՀ-ն արձանագրել էր նախնական համաձայնություններից հետընթաց, դա, բնականաբար, վատ միտում է։ Եվ թվարկածս բոլոր երևույթները, ցավոք, խորացնում են բացասական միտումները։ Այս դեպքում կողմերի և մասնակից արտաքին կողմերի հիմնական խնդիրն էսկալացիա թույլ չտալն է, կողմերին քաղաքական հավասարակշռված դիրքորոշումների մղելը։ Աշխարհաքաղաքական իրավիճակը չի նպաստում դրան, քանի որ թույլ է տալիս կողմերին խաղարկել աշխարհաքաղաքական բևեռացումը»,- նկատեց վերլուծաբանը։
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ևս կարծում է, որ նախարարները հերթական անգամ կհանդիպեն, սակայն դա չի փոխի կողմերի միջև հաստատված այս բարդ աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ դիմակայությունը։
Ըստ նրա, ՀՀ իշխանությունները գործընթացն ամեն կերպ փորձում են տանել դեպի Արևմուտք, գործընկերներ գտնել, նրանց բանակցային սեղան բերել, իսկ Ադրբեջանը դրա հակառակն է անում՝ փորձելով ապացուցել, որ որևէ միջնորդ չի կարող ազդեցություն ունենալ կողմերի միջև ընթացող բանակցություններում։
«Մեզ համար երկու կողմի մոտեցումներում էլ բազմաթիվ հարցեր ու անհասկանալի որոշումներ կան։ Հայաստանի դիրքորոշումը գրեթե բոլոր հարցերում ոչ միանշանակ է, սակայն հարցեր կան նաև Ադրբեջանին, որն Արևմուտքին իբրև մերժում է, բայց շատ առանցքային փուլերում մեկնել է Արևմուտք։ Կարծում եմ՝ սա դեռ բազմաթիվ տարբեր բնույթի էպիզոդներով շարունակվող գործընթաց է, որն Արևմուտքն օգտագործում է Ռուսաստանի եմ»,- ասաց նա։