
Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի հանդեպ պահանջների գործիքից ու օրակարգից․ Տարասով

Ադրբեջանի պաշտոնական շրջանակները շարունակում են ներկայացնել պահանջներ Հայաստանին՝ հող նախապատրաստելով նոր պահանջների համար։
Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի հայ ժողովուրդը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներին՝ Սահմանադրության համապատասխան փոփոխությունների միջոցով։ Ադրբեջանցի պաշտոնյան դարձյալ պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «պետք է հանձնվի պատմության արխիվին»։ Նա նաև ասել է, թե պետք է ուշադիր լինեն ՀՀ-ում ռևանշիստական տրամադրությունների նկատմամբ։ Ըստ նրա, փորձեր են արվում կասկածի տակ դնել ռեգիոնալ նոր ստատուս-քվոն։ Նման միտումները դադարեցնելու ուղղությամբ Հաջիևը կարևոր քայլ է համարել Սահմանադրական փոփոխությունները։
Հաջիևը նշել է, թե հայ-ադրբեջանական բանակցություններում փոխհատուցումների հարց չի քննարկվում, միաժամանակ հավելել, որ Բաքուն, այդուհանդերձ, համապատասխան գնահատում է իրականացնում «Ադրբեջանին հասցված վնասի» վերաբերյալ:
«Համաձայն այդ գնահատականի՝ մեր երկրին հասցված ընդհանուր վնասը մոտենում է 150 միլիարդ դոլարին»,- պնդել է Ադրբեջանի նախագահի օգնականը և գերմանական լրատվամիջոցին հավաստիացրել, որ տարածաշրջանում «խաղաղություն է տիրում, ռազմական բախումներ կամ լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև օրակարգում այլևս չկա»:
Սակայն Ադրբեջանին հասցված, այսպես կոչված, վնասի մասին օրակարգն Ադրբեջանը սկսեց զարգացնել պատերազմից կարճ ժամանակ անց, և ներկայումս էլ ժամանակ առ ժամանակ բարձրացնում է 150 միլիարդ դոլար վնասի թեման։
Վերջերս օկուպացված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Իլհամ Ալիևն իր ելույթի կեսը նվիրել էր Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին և Ադրբեջանի կրած «վնասներին»։
Ըստ նրա՝ իբր Հայաստանը ոչնչացրել է Արցախի քաղաքներն ու գյուղերը, մշակութային և կրոնական հուշարձանները։
Նա հայտարարել էր, թե իբր Արցախում առկա 67 մզկիթներից 65-ը հավասարեցվել են հողին, իսկ մյուս երկուսն էլ վնասվել են և օգտագործվել որպես ախոռներ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից ձևավորված պետական հանձնաժողովն էլ «գնահատել է» Հայաստանի հասցրած վնասը 150 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ադրբեջանի վերջին տարիների բանակցային տակտիկայի էությունը կայացել է նրանում, որ անընդհատ նոր հարցեր է բերել բանակցային օրակարգ՝ դրա միջոցով լուծելով նախորդ հարցերը։ Բանակցային այդ տակտիկան, նրա որակմամբ, ճնշման հավելյալ գործիք է եղել, որը ներկայումս էլ կիրառվում է, չնայած կողմերը հայտարարում են, որ օրակարգում պատերազմ չկա։
Նրա խոսքով, օրակարգում պատերազմ չկա, սակայն բանակցային ճնշման այդ գործիքն աշխատում է Ադրբեջանի դեպքում։ Փոխհատուցման թեման ևս, վերլուծաբանի դիտարկումների համաձայն, պատահական չէ։
Թեև, նրա խոսքով, այդ թեման ներկայումս կողմերի միջև չի քննարկվում, սակայն այն անընդհատ ներկայացվում է հնարավոր բոլոր միջազգային հարթակներում։
«Եթե կողմերի օրակարգում խաղաղությունն է, խաղաղության համաձայնագրի ստորագրումը, վերջերս խոսվեց նաև վստահության մեխանիզմների ներդրման մասին, ապա ինչո՞ւ է օրակարգ բերվում փոխհատուցման հարց։ Ըստ ամենայնի, դա ևս լծակ է, ուղերձ, որ այդ թեման ևս կարող է դրվել սեղանին հետագայում։
Ամենայն հավանականությամբ, հայկական կողմի ակնկալիքն այն է, որ համաձայնագրի նախաստորագրումից կամ ստորագրումից հետո Ադրբեջանն այլևս ոչինչ չի պահանջի։ Դա կլինի լավագույն սցենարը, սակայն մի փոքր կասկածում եմ՝ հաշվի առնելով խնդիրների խորությունը ու Ադրբեջանի քաղաքականությունը, որը ձգտում է ռեգիոնում մեծ առաջնորդության։ Ուստի նոր պահանջներ օրակարգ բերելու հարցը կախված է իրավիճակներից։ Եթե Ադրբեջանը ճնշումների կարիք ունենա, ապա դա կանի, սակայն ներկայումս Ադրբեջանի համար շատ ավելի մեծ կշիռ ունեցող հարց են քննարկում և բանակցում կողմերը, ըստ իրավիճակի՝ Ադրբեջանը կշարժվի։ Տպավորությունն այնպիսին չէ, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պահանջների օրակարգից»,- ասաց Տարասովը։
Նրա խոսքով, եթե կողմերը սկսում են վստահության ձևավորման գործընթաց, ապա հրապարակային դաշտում հայտարարությունները պետք է մեղմվեն, պահանջները հնարավորինս քչանան, արվեն հայտարարություններ, որոնք կնպաստեն խաղաղության ձևավորմանը։
«Ադրբեջանը ձգտում է լծակներ ունենալ իր օրակարգերը հեշտությամբ առաջ մղելու համար։ Այս դեպքում հնարավոր են նոր պահանջներ, սակայն չի բացառվում նաև, որ նոր հարցեր օրակարգ չբերվեն, հնարավոր է ամեն զարգացում»,- նկատեց նա։