Երևանն ու Բաքուն դոփում են տեղում․ Լավրովը Բայրամովին առաջարկ արեց… ի՞նչ ցույց տվեցին Անթալիայի բանակցությունները

Այսօր Անթալիայում շարունակվող դիվանագիտական 4-րդ ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ոչ միայն քննարկում ունեցավ իր Ադրբեջանի ու վրացի գործընկերների հետ, այլև փակ հանդիպում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Մինչ նախապես ազդարարված պանելային քննարկումը՝ կայացավ Միրզոյան-Բայրամով փակ հանդիպումը, որի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ X-ում տարածված գրառման մեջ ասվում է, որ Անթալիայում երկկողմ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

«Անթալիայի դիվանագիտական ​​​​ֆորումի շրջանակում 2025 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի հարթակում: Ասվում է նաև, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։

Կարդացեք նաև

Սրան հաջորդեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» վերտառությամբ պանելային քննարկումը, որը որևէ արտառոց նորություն չպարունակեց՝ կողմերը փոխանակվեցին իրենց դիրքորոշումներով, որոնք սովորաբար լսում են Ալիևից, Փաշինյանից, ինչպես նաև հենց իրենցից՝ նախարարներից։

Քննարկման սկզբում Ջեյհուն Բայրամովը ներկայացրեց ադրբեջանական տխրահռչակ թեզերը՝ ասելով, թե Խաղաղության համաձայնագրի բանակցությունների նախաձեռնությունն իրենց կողմից է եղել, որից անմիջապես հետո ներկայացրեց Ադրբեջանի երկու պահանջները՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարում ու ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ։

Իսկ ՀՀ ԱԳ նախարարն էլ, իր հերթին, հավատարիմ մնալով իշխանական դիրքորոշմանը, խոսեց խաղաղություն կառուցելու, ներկային ու ապագային «նայելու» անհրաժեշտության մասին։

Նա ըստ էության կոչ արեց չփորփրել անցյալը՝ ասել, թե այն լավ տեղ չի տանի կողմերին։ Իսկ ադրբեջանական նախապայմանների վերաբերյալ Արարատ Միրզոյանն ասաց, որ հայկական կողմն է պատրաստակամություն հայտնել լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն, և դա կարելի է անել Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ՝ րոպեների ընթացքում։

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, նա պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։

«Ընդհակառակը` մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի նույն տեքստում մենք ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը` սույն համաձայնագրի չկատարելն արդարացնելու համար»,- ասաց Միրզոյանը՝ հերթական անգամ նշելով, որ բոլոր հարցերի լուծումները գտնելու համար ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ կողմերը դոփում են նույն տեղում։ Ըստ նրա, ակնհայտ է, որ ո՛չ հանդիպումը, ո՛չ քննարկումը կողմերին հնարավորություն չեն տվել առաջ անցնել համաձայնագրի ստորագրման հարցում, ինչը և սպասելի էր, քանի որ Ադրբեջանը բավականին կոշտ ու հետևողական կերպով պահանջում է սահմանադրական փոփոխություններ։

«Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված պահանջը դիտարկենք, ապա այն ավելի թեթև հարց է, քանի որ նախ այդ խումբը չի գործում, պատերազմից հետո աշխարհաքաղաքական զարգացումներն այնպես են փոխվել, որ այդ ձևաչափը կորցրել է իր ակտուալությունը, համագործակցությունների ու ազդեցությունների այլ գործիքներ են ձևավորվում։ Եվ կարծում եմ, այն պաշտոնապես լուծարելը պարզապես ինչ-որ ֆորմալ մի բան է, քանի որ այն չի գործում։

Շատ ավելի բարդ է սահմանադրական փոփոխությունների պահանջը, և Բաքուն դա լավ է հասկանում։ Սահմանադրական փոփոխությունները երկարատև ու ներքին մի շարք հարցերից կախված գործընթաց է, Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը սրանով պայմանավորելը նշանակում է այդ հարցը հետաձգել էականորեն»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նրա խոսքով, այս պահանջներն առաջընթացի ճանապարհին դադար են ստեղծում:

«Ադրբեջանը շահագրգռված չէ համաձայնագրի ստորագրմամբ, Ադրբեջանը վերջին շրջանում հատկապես ձգտում է ամրապնդել իր միջազգային դիրքերը, մեծացնել իր դերակատարությունը և այդ գործընթացում նաև հասնել իր առջև դրված նպատակներին։ Ադրբեջանին պետք չէ անպայման ունենալ ստորագրված համաձայնագիր, այդ մասին նաև հայտարարել են, ուստի շտապողականություն չկա։ Այդ պատճառով են նաև տեղեկությունները սահմանին կրակոցների վերաբերյալ, որոնք ստեղծում են էսկալացիայի հավանականության տպավորություն, ինչն էլ իր հերթին՝ տպավորություն է ստեղծում, որ խաղաղությունը մոտ չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով Լավրով-Բայրամով հանդիպմանը, որի ընթացքում Մոսկվան պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը՝ Տարասովն ասաց, որ երկար դադարից հետո Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին, և հանդիպումն ուշագրավ է նաև նրանով, որ կայանում է ռուս-ադրբեջանական լարվածության որոշ ընթացքից հետո։

«Կարծում եմ՝ տրամադրությունները հասկանալուն ուղղված հանդիպում է եղել, որի ընթացքում Ռուսաստանը հայտնել է իր կայուն դիրքորոշումները և գործընթացին աջակցելու պատրաստակամությունը։ Չեմ կարծում, որ այս հարցն այս փուլում անմիջապես դրական արձագանք կգտնի։ Բոլոր ուղղություններով Անթալիայի դիվանագիտական շփումները ցույց տվեցին առաջընթացի բացակայություն, բոլոր կողմերը հաստատակամ են իրենց դիրքորոշումներում, խոսքը նաև Ռուսաստանի մասին է, որն առաջարկում է կողմերին, սակայն ոչինչ չի պարտադրում, այլ զբաղվում է առաջնահերթության կարգով սեփական հարցերով»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս