Ի՞նչ է արձանագրել ՀՊ-ն ՏԿԵՆ-ում. հաշվապահական հաշվառումը չի վարվում օրենսդրության պահանջով, պայմանագրերի կատարողականները հիմնավորող փաստաթղթերը չեն հրապարակվել
168.am–ը տարբեր հրապարակումներով պարբերաբար անդրադառնում է պետական գերատեսչություններում Հաշվեքննիչ պալատի 9 ամիսների ընթացիկ եզրակացություններին։ Շարքի հերթական անդրադարձը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՊ արձանագրած փաստերի մասին է:
Հաշվեքննության առարկան 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը՝ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, հաշվեքննիչներն ուսումնասիրություններն իրականացրել են 2023թ. նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը:
Այսպիսով, ՀՊ-ն արձանգրել է մի շարք խախտումներ ու անհամապատասխանություններ, որոնցից մի քանիսին կանդրադառնանք այս հրապարակման մեջ:
Մասնավորապես, տեղեկանում ենք, որ՝
– նախարարությունը հաշվապահական հաշվառումը վարում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանով՝ համակարգչային ծրագրով, սակայն չունի լիազոր մարմնի հետ համաձայնեցված հաշվապահական հաշվառման քաղաքականություն: Կարճ ասած՝ նախարարությունում հաշվապահական հաշվառումը չի վարվում օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
Այս առնչությամբ նախարարության ներկայացրած առարկություններն ու առաջարկությունները ՀՊ-ն չի ընդունել:
– Հաշվեքննության ընթացքում ուսումնասիրվել են նաև 179 գնման պայմանագրեր՝ շուրջ 58 միլիարդ 827 միլիոն 639 հազար դրամ ընդհանուր գումարով։ Դրանցից 141-ի մասով պայմանագրերի համար կատարողականները հիմնավորող փաստաթղթերը չեն հրապարակվել գնումների PPCM համակարգում։
Նշվում է, որ թեև նախարարությունից հայցվել են PPCM համակարգում վերոնշյալ պայմանագրերի շրջանակում չհրապարակված փաստաթղթերը, սակայն դրանք մինչև ընթացիկ եզրակացության հաստատումը չեն տրամադրվել 34 միլիարդ 881 միլիոն 616 հազար դրամ գումարով պայմանագրերի համար։
Հաշվեքննության օբյեկտի՝ ՏԿԵ նախարարության ֆինանսական ցուցանիշները
2023 թվականի Բյուջեի մասին օրենքով որպես կատարող՝ նախարարությանը հատկացվել է 184 միլիարդ 920 միլիոն 950 հազար 43 դրամ: 9 ամիսների համար՝ համապատասխանաբար՝ 125 միլիարդ 843 միլիոն 833 հազար 73 դրամ, իսկ նախարարության կողմից ծախսերը կատարվել են ծրագրային ցուցանիշի՝ 66.49 տոկոսի չափով՝ 83 միլիարդ 678 միլիոն 646 հազար 26 դրամ գումարով:
Նախարարությունից առարկել են ՀՊ կողմից արձանագրված այս դրվագին՝ առաջարկելով անդրադարձ կատարել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված Բյուջետային գլխավոր կարգադրիչի ցուցանիշներին այլ, ոչ թե Բյուջետային ստորադաս կարգադրիչի ցուցանիշներին, քանի որ վերջինս չի ընդգրկում ՀՀ Նախարարության՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի, Ջրային կոմիտեի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կատարողական ցուցանիշները, ինչպես նաև մի շարք կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:
«Արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված Բյուջետային գլխավոր կարգադրիչի ցուցանիշները արձանագրությունում ներառելու պարագայում Նախարարության կատարողական ցուցանիշը կկազմեր 76․7%, այլ ոչ թե 66.49%»,- հավելել են իրենց արձագանքում ՏԿԵՆ-ից:
Հաշվեքննողներն այս առաջարկությունը չեն ընդունել՝ մեկնաբանելով. «Պետական բյուջեի կատարման հաշվեքննության օբյեկտները ՀՀ պետական այն մարմիններն են, որոնք հանդիսանում են բյուջետային ծրագրերի կատարողներ և եկամուտների հավաքագրման համար պատասխանատու մարմիններ, քանի որ սկզբնական հաշվառման փաստաթղթերը գտնվում են բյուջետային ծրագրի կատարողների մոտ»:
Հաշվեքննողը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը առաջարկել է միջոցներ ձեռնարկել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը Լիազոր մարմնի կողմից սահմանված օրինակելի մոդելի հիման վրա մշակելու և հաստատելու, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի պահանջներին և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան վարելու ուղղությամբ և ապահովել գնման պայմանագրերի գծով կատարողական փաստաթղթերի՝ գնումների PPCM համակարգ մուտքագրումը՝ դրանով իսկ ապահովելով գնումների թափանցիկության և հրապարակայնության սկզբունքները։