Ողորմելի վիճակում ենք. Անանյան

Փետրվարի 23-ին գործադիրն ընդունեց Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը և ուղարկեց Ազգային ժողով։ Խոսելով զեկույցի մասին՝ Փաշինյանը նախ նշեց՝ 2023թ. իրենց հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ, ինչը բոլոր ոլորտների վրա, առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն:

«2023թ. մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ: Որպեսզի այս թվի բովանդակությունն առավել հասկանալի լինի, ասեմ, որ 2017թ. բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեի աճը, հարկային եկամուտների մասին է խոսքը, կազմել է շուրջ 92 տոկոս: Այսինքն՝ 2017թ. նկատմամբ մենք բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով, չնայած՝ ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողներն են ավելացրել: Եվ ես կրկին ուզում եմ բոլոր մեր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»,– ասաց Փաշինյանը:

Ի տարբերություն Փաշինյանի այս լավատեսության, Հայաստանի տնտեսության վիճակին բոլորովին հակառակ՝ ոչ լավատեսական գնահատական տվեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Ողորմելի վիճակում ենք։ Մեր տնտեսությունը ողորմելի վիճակում է։ Հարկաբյուջետային առումով, երբ հարկերը գերակատարվում են, իսկ ծախսերը՝ թերակատարվում, դա նշանակում է, որ տնտեսությունից փողը հավաքում են, բայց չեն կարողանում վերադարձնել տնտեսություն։ Տնտեսության լավ ու վատ լինելը ոչ թե հարկման գործընթացն արդյունավետ կազմակերպելով է պայմանավորված, այլ նրանով, թե տնտեսության կապիալն ավելացնո՞ւմ ենք, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անանյանը։

Կարդացեք նաև

 Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսության որակը փուչիկ է, և տնտեսության կառուցվածքը գնալով վատանում է, և դա կապ չունի արձանագրված 9.4 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ։

«Թվում է, թե լավ է, բայց երբ նայում ենք տնտեսության կառուցվածքը, ապա տեսնում ենք, որ 10 տոկոսով առևտուրն է աճել, 2.4 տոկոսով՝ ծառայությունները, 1 տոկոսով՝ արդյունաբերությունը, շինարարությունը՝ 0.7 տոկոսով։ Անկում է ապրել գյուղատնտեսությունը։ Ստացվում է՝ տնտեսական աճի հիմնական մասն առևտուրն ու ծառայություններն են, իսկ դրանցով երկիր չեն պահում, մանավանդ որ, դրանք պայմանավորված են արտածին գործոններով՝ ռուսների աշխուժությամբ, իսկ դա ժամանակավոր բնույթ է կրում»,- նշեց Դավիթ Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս