Զելենսկուն ընդունում ենք, որ ի՞նչ ասենք, գալու է՝ մեզ զե՞նք տա, թե՞ ճանաչելու է Արցախի Հանրապետությունը. Թևան Պողոսյան

«France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Նա ընդգծել էր, որ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին, ինչը չէր կարող վրիպել իրենց ուշադրությունից։

«Մենք «սառեցրել» ենք մեր անդամակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը՝ ասել էր, որ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է սպասում։

«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Ես նկատի ունեմ՝ կապվել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը։ Այս պահին որևէ շփում չկա և չի եղել։ Բայց աշխատանքային շփումների շրջանակում, իհարկե, մենք մեր հայ բարեկամներից կպարզենք, թե ինչ նկատի ուներ։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ: Հուսով ենք՝ մեր հայ գործընկերները մեզ ամեն ինչ կպարզաբանեն»,- ասել էր Պեսկովը։

Կարդացեք նաև

Ծավալվող այս գործողություններին զուգահեռ՝ լուրեր են տարածվում, որ Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Հավանաբար նրա Երևան այցը տեղի կունենա մարտի 4-ին։

Արձագանքելով Զելենսկու Հայաստան այցի վերաբերյալ լուրերին, ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել էր.

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»:

Ուկրաինայի գործերի հավատարմատարը «Ազատության» հարցը Զելենսկու այցի վերաբերյալ՝ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր, միայն ընդգծել էր, որ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։

Իրականում ի՞նչ քաղաքականություն է վարում այսօր Հայաստանը՝ դադարեցնելով ՀԱՊԿ-ին անդամակցությունը և Երևանում Զելենսկուն ընդունելով, ի՞նչ բարեկամներ ու թշնամիներ է ձեռք բերում։

168.am հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն ասաց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն ու Զելենսկու Հայաստան այցը տարբեր գործողություններ են՝ մեկը մյուսի հետ կապ չունեն։ Սակայն երկու գործողություններն էլ իրենց խորքում ունեն խնդիր, որ Հայաստանն իր քայլերով՝ որևէ բան, որը նպաստելու է երկրի շահերին, չի անում։

«ՀԱՊԿ-ը, լավ-վատ, իր մեջ ունեցել է այն ամենը, որտեղ Հայաստանը ժամանակին անդամակցության համար գնացել է, դա բխել է իր շահերից։ Այն կառույցները, որին անդամակցում են, դրանք ինչ-որ ժամանակ դառնում են ոչ շատ բարենպաստ։ Օրինակ, Միջազգային դատարանում կար որոշում, որ պետք է Ադրբեջանը դադարեցնի Արցախի շրջափակումը, այդ որոշումը կյանքի կոչվե՞ց, հիմա ի՞նչ անենք այդ կառույցին։ Տեղեր կան, որոնց անդամակցում ես, ինչ-որ բաներ անում ու առաջ անցնում։ Բայց որևէ կառույցից դուրս գալ և դադարեցնել անդամակցությունը՝ ունենում է հետևանքներ։ Եթե Հայաստանի համար որևէ դրական բան կա, ապա այն է, որ իր անդամակցած ինստիտուտն աշխատեցնի, իսկ անդամակցությունը սառեցնելը թույլ չի տալու օգտագործել, ինչը նշանակում է, որ դա Հայաստանի համար որևէ բան չի ավելացնելու»,- նշեց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պրոադրբեջանամետ երկիր է, նրանց համագործակցության ջերմությունը եղել է ավելի բարձր։ Թ. Պողոսյանը հիշեցնում է, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանն Ուկրաինայի նախկին նախագահին ասել էր, որ զենք է վաճառել Ադրբեջանին, վերջինս ասել էր, որ պատրաստ է Հայաստանին էլ վաճառել։ Այսինքն՝ դեռ տարիներ առաջ Ուկրաինան Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի բարենպաստ է դիտարկել։ Իսկ Զելենսկին էլ իր հերթին՝ շնորհավորել է Ադրբեջանին, այսինքն՝ Արցախի կորուստը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նրա տրամադրած սպիտակ ֆոսֆորն է օգտագործվել Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Թևան Պողոսյանը նաև հիշեցրեց, թե ինչպես է Ուկրաինան տարբեր կառույցներում քվեարկել Հայաստանի դեմ։

«Այս ամենը հաշվի առնելով՝ Զելենսկուն ընդունում ենք, որ ի՞նչ ասենք, գալու է՝ ի՞նչ անի, գալու է մեզ զե՞նք տա, թե՞ ճանաչելու է Արցախի Հանրապետությունը։ Մենք որևէ դրական բան չենք ավելացնելու։

Եկեք դիտարկենք, թե աշխարհն ինչպես է նայելու այդ ամենին, այդ աշխարհի մեջ կան երկրներ, որոնք կարող են կանգնել ու ծափահարել, բայց երբ Հայաստանին որևէ բան պետք լինի, կասեն՝ իրենց դա չի վերաբերում։ Որոշ երկրներ կարող են ուրախանալ ու ասել՝ ահա, իրավիճակը կօգտագործենք մեկ այլ երկրի դեմ։ Բայց այդ մեկ երկիրն էլ է, չէ՞, ամեն ինչ տեսնում։ Նույն այդ երկիրը, երեկվա արձագանքից կարող ենք ասել, որ զարմանք կամ այլ հարցեր բարձրացնելու խնդիր է տեսնում։

Այսինքն՝ այս ամենով Հայաստանը սեփական շահերին ոչինչ չի ավելացնելու և ձևավորում է մի դաշտ, որտեղ իր վրա հարվածներն ավելի հեշտ են լինելու»,- հավելեց քաղաքագետը։

Հարցին՝ Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք երկիր ունի՞, որի հետ կարող է ռազմավարական հարաբերություններ հաստատել, Թևան Պողոսյանը հռետորական հարց բարձրացրեց՝ իսկ դարեր առաջ, երբ Ռուսաստանը ձևավորվում էր, իր վրա պարտավորությո՞ւն է վերցրել, կամ Հայաստանն իր վրա պարտավորություն վերցրե՞լ է։

«Միայն մեկ երկիր կա, որը հանուն հայերի պետք է ձևավորի իր քաղաքականությունը՝ Հայաստանն է։ Հայաստանի մեջ ձևավորված է երկու պետական միավոր՝ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։ Մեկը կորցրեցինք, իսկ Մոնթեն ասել է՝ Արցախը կորցնելով՝ կշրջենք հայոց պատմության վերջին էջը, հիմա էլ այս մեկն ենք ուզում կորցնել։

Հիմա մենք չպետք է մտածենք՝ ով ինչ պարտականություն ունի, այլ, թե ինչ քաղաքականություն է պետք վարել, որ Ռուսաստանի նման երկիրն անի այնպես, որ Հայաստանին օգուտ լինի, նույնը՝ Ֆրանսիան, Իրանը, Միացյալ Նահանգները։

Մենք որևէ բան չենք ավելացնում, սպասում ենք, որ ուրիշ երկրները գան, մեզ համար անեն։ Որևէ մեկին մեզանից վանելը բացասական է, պետք է այնպես անենք, որ չվանենք, և հակառակը՝ մտածենք, մեր օգտին ավելացնենք»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս