ՄՍԾ-ն հրատապ կարգով շուրջ 25 միլիոն դրամ է հատկացրել «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին՝ ծրագրային ապահովման սպասարկման համար
Միասնական սոցիալական ծառայությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ի հետ: Ըստ armeps պետգնումների համակարգի՝ պայմանագրի գինը 24 միլիոն 759 400 դրամ է:
Այս գումարով ընկերությունը պարտավորվել է իրականացնել կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի՝ ԷԿՏՀ շահագործումն ու լրամշակումը:
Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ նման անհրաժեշտություն առաջացել է 2024 թվականի Կառավարության ծրագրից բխող մի շարք միջոցառումներով և շրջանառվող օրենսդրական փոփոխությունների նախագծերով պայմանավորված:
Ընկերության մասին
«Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ն պետգնումներում մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգով ոչ մրցակցային գնումներով հատկապես աչքի է ընկել 2018 թվականից սկսած:
Եթե մինչև 2018 թվականի փետրվար ընկերության հետ կնքված պայմանագրերը հիմնականում բանակցային ընթացակարգ և գնանշման հարցում գնման ընթացակարգերով են եղել, ապա դրանից հետո գերակշռել են մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգերը:
Այս ընկերության մատուցած ծառայություններից օգտվել են Միասնական սոցիալական ծառայությունը, Երևանի քաղաքապետարանը, Ներքին գործերի նախարարությունը:
ՀՄԱ ընթացակարգով միլիոնավոր դրամների 4 գնումներն էլ կատարվել են Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ 2021, 2022, 2023, 2024 թվականներին: