Փաշինյանի հերթական խոստովանությունը. Ադրբեջանի հետ ՀՀ-ն ունի ուժի չկիրառման ստորագրված փաստաթուղթ. Ինչի՞ համար էր չհարձակման պայմանագիր ստորագրելու առաջարկը

Հունվարի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր չհարձակման մասին երկկողմ պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:

Իսկ երեկ հրապարակված բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթիին տված հարցազրույցում, պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև 3-րդ պատերազմի հավանականությանը, դրա շուրջ ողջամիտ մտավախությանը, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

«Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Ես արդեն ասացի, որ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ: Եթե այս տրամաբանությամբ նայենք, և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»:

Կարդացեք նաև

Խոսքը, թերևս, 2022 թվականի հոկտեմբերի վերջին Սոչիում Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մասին է, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, այնուհետև շեշտվում է. «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրի»:

Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունը, որտեղ շեշտվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու մասին, հաջորդել էր սեպտեմբերյան մարտերին, որի միջոցով թե ինչ հարցեր լուծեցին Փաշինյանն ու Ալիևը, 168.am-ը մանրամասն անդրադարձել է։

Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունների հիմքը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունն է, կամ նշվածները դրա շարունակությունն են, կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանն ակամա ընդունում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը զինադադարի մասին էր, ինչն իրականում այդպես է:

Առաջին, 2020 թվականի նոյեմբերյան հայտարարության առաջին կետը սահմանում է՝ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Չմոռանանք՝ հայտարարության մեջ նշվում է նաև, որ «հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն»: Այլ հարց է, որ այն ռուս-թուրքական եղավ, և ՀՀ-ն ներկայացված չեղավ:

Երկրորդ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ասել էր.

«Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում»:

Ի դեպ, 2023 թվականի հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը շեշտել էր.

«Մենակ մի բան կարող է փոխել այդ հայտարարության տեքստը՝ եթե ես ասեմ, որ մենք դուրս ենք գալիս, հետ ենք վերցնում մեր ստորագրությունը այդ հայտարարության տակից: Մենք նման բան չենք հայտարարում»:

Այսինքն, այս տրամաբանությամբ այսօր արդեն իսկ գոյություն ունի ուժի չկիրառման մասին գրավոր համաձայնություն, որի տակ ՌԴ միջնորդությամբ առկա է Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունը, և որի հիմքը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի զինադադարի մասին եռակողմ հայտարարությունն էր, որտեղ տեղ էին գտել բազմաթիվ պահանջներ, որոնք չէին բխում զինադադարի տրամաբանությունից, ավելին, դրանում տեղ գտած մի կետը հակասում է մյուսին կամ բախման մեջ մտնում:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը չի հարգում ուժի չկիրառման մասին փաստաթուղթը, և անհասկանալի է՝ այս դեպքում ինչու է ցանկանում Ադրբեջանի հետ չհարձակման մասին երկկողմ պայմանագիր ստորագրել, երբ միջնորդավորված գրավոր համաձայնությունը զինադադարի մասին Ադրբեջանը չի պահում և չի պահելու։ Այս մասին  բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում խոստովանել է նաև Փաշինյանը՝ միաժամանակ փորձելով փրկել իր հեղինակությունը, նա ակնարկել է, որ Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած հարևանի վրա: Ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը՝ Իրանի՞ն:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հրադադարի մասին հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս հետո հենց Նիկոլ Փաշինյանն էր խախտել այս կետը՝ միանձնյա որոշելով Սյունիքից զորքը հետ քաշել, Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը:

2021թ. հոկտեմբերի 27-ին նույն Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Սյունիքում զորքի հետքաշման հրամանն անձամբ ինքն է տվել, իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այն ընդամենը կատարել է:

2021 թվականի հոկտեմբերի 28-ին էլ ArmLur.am-ը հրապարակել էր Սյունիքում զորքերի հետքաշման որոշման շուրջ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցների ցանկը, որոնց թվում են եղել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, այդ ժամանակահատվածում ՏԿԵ նախարար, այսօր՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի արդեն նախկին հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը:

168.amի տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտնել էր, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու պայմաններն առնչվել են նաև Մեղրիին:

Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին.

1. Բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ: ԼՂԻՄ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին:

2. Շուշին, վերը նկարագրված սցենարով, հանձնվում է Ադրբեջանին:

3. Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ, և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող»,- մանրամասնել էր Փաշինյանը՝ հավելելով, որ իր համար կարմիր գիծ է եղել խաղաղապահների տեղակայումը Մեղրիում:

Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախ 2023 թվականի մայիսին հայտարարություններ էր տարածել, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իր պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, աղերս չունի իր՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

Արդեն 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը խոսել էր պատերազմի օրերին իր՝ Սյունիք գործուղվելու և դրա պատճառների մասին՝ առաջարկելով հանձնաժողովին այդ մասին հարցնել Փաշինյանին:

«Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը»,- ասել էր Տոնոյանը՝ փորձելով ցույց տալ, թե միայն 2023-ին Փաշինյանի Քննիչ հանձնաժողովում քննարկումների արդյունքում է հասկացել՝ իրեն Սյունիք գործուղելու մտադրությունների մասին:

Այսինքն, թե՛ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից Տավուշի վերաբերյալ կետը հանելու, թե՛ Մեղրիում խաղաղապահներ տեղակայել-չտեղակայելու և այլ նմանատիպ հարցերի շուրջ ռուսական կողմի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ տվյալ դեպքում՝ Դավիթ Տոնոյանը:

168.amգրել էր նաև Դավիթ Տոնոյանի՝ Քարվաճառի ուղղության հետ կապված նախկին նախարարի՝ ռուսական կողմի հետ ունեցած հնարավոր պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ տարաձայնություններ է գուցե ունեցել Փաշինյանի հետ: Եվ այս ամենը պատճառ է դարձել 2020 թվականի նոյեմբերի 20-ին նրա հեռացմանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:

Նշենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն էլ ռուսական կողմի հետ քննարկել էր Աղդամը Հադրութով փոխանակելու հարցը, ինչը տեղի չի ունեցել, պատճառները հայտնի չեն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը իր լիազարությունները լավ չի կատարել, մյուս կողմից՝ լինելով հիմնական ու գլխավոր բանակցողը, ռազմական, պաշտպանական համակարգի ղեկավարության ձեռք բերված պայմանավորվածությունները չի ընդունել՝ տուրք տալով ադրբեջանական պահանջներին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ուժի չկիրառման փաստաթղթի առկայությանը և Ադրբեջանին արված չհարձակման մասին պայմանագիր կնքելու առաջարկին, ըստ էության, ստացվում է, որ Փաշինյանն այս հարցում ևս տետ-ա-տետ հարաբերություններ է ուզում ունենալ Ադրբեջանի հետ, որի կողմից չհարձակվելու առումով վստահություն չունի: Ակնարկում է՝ Աստծո հույսով է, հատկապես, երբ ինչպես 2022 թվականի ապրիլին ասել էր Փաշինյանը՝ «եթե Աստված հանգել է որոշման, որ պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, ուրեմն դա իմ խաչն է, որը պիտի տանեմ», և ոչինչ, որ Աստծուն հուսախաբ է արել խաղաղության ապահովման հարցում: 

Տեսանյութեր

Լրահոս