Դատավորների «շմոնը» և Փաշինյանի փաստաբանի վրդովմունքը. Մանրամասներ՝ Դատավորների ընդհանուր ժողովից

Երբ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ 168.am-ը գրել է, որ Ժողովից երկու օր առաջ դատավորները ծանուցում են ստացել, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը տեղի է ունենալու Կառավարության նիստերի մեծ դահլիճում, դատավորները չըմբոստացան, համենայն դեպս որևէ մեկը հրապարակայնորեն չփորձեց ընդդիմանալ, ասել, որ առնվազն կոռեկտ չէ, որ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության աշխատաժողովը տեղի ունենա Գործադիրի շենքում: Հատկապես որ, Ժողովն ինտրիգային էր, շարքային չէր. ընտրվում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու:

Նույն օրը երեկոյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը բացառիկ հարցազրույց տվեց իր խոսնակին, որով պատասխանելով մեր հրապարակմանը, ասաց. «Մեր ունեցած դահլիճը փոքր է, և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով՝ վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր: Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»։

Զվարճալի է, իհարկե, որ ԲԴԽ նախագահը միայն Ժողովից 2 օր առաջ հիշեց, որ երկրում վերանորոգվելու հերթին սպասող դատարաններ կան, որովհետև, ինչպես արդեն նշեցինք, դատավորները նախապես ծանուցվել էին Ժողովն Աջափնյակ նստավայրում անցկացնելու մասին:

Ցինիզմի գերագույն դրսևորում է դատարաններ փակող, բյուջեի գումարները շքեղ խնջույքների, երդմնակալությունների, քաղաքից դուրս հանգստի վրա վատնող, 1500 դրամանոց ցնցուղը 70.000-ով «առնող» իշխանության ներկայացուցչի կողմից «ամեն դրամը խնայելու» լալահառաչ ողբը: Բայց Կարեն Անդրեասյանը մեզ վաղուց չի զարմացնում:

Կարդացեք նաև

Զարմացրեցին Ժողովին շտապող դատավորները, ովքեր լրագրողների հարցին ի պատասխան՝ Մելիք-Ադամյան փողոցում՝ Կառավարության շենքի մուտքի մոտ, միաբերան նշում էին, որ Կառավարության շենքում Ժողովն անցկացնելը խնդիր չէ, կարևորը՝ հարմարավետ է: Եվ միայն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանն էր, որ ասաց՝ իհարկե, խնդիր տեսնում է այս որոշման մեջ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանի երբեմնի շահերի ներկայացուցիչ, Շուշան Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը, որին շռայլորեն պարգևատրեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պատմուճանով,  թելելով Կարեն Անդրասյանի թելը, նկատեց՝ ոչ մի խնդիր չկա, կարևորը՝ գումար կխնայվի:

Դա՝ դրսում, քանի դեռ Գևորգ Գյոզալյանը շենք չէր մտել, ուր նրան ու մյուս դատավորներին սպասում էր բավականին տհաճ անակնկալ:

168.am-ի տեղեկություններով՝ դատավորներին ստուգել են մետաղորսիչներով, կոպիտ ասած՝ «շմոն» են արել, ինչը հարուցել է նրանց վրդովմունքը: Ստուգողները պատասխանել են՝ հատուկ պահպանվող տարածք է, և նորմալ է, որ իրենց պետք է ստուգեն:

Գևորգ Գյոզալյանը, սակայն, սա չի մարսել, ու Ժողովի ժամանակ վրդովվել է, թե իրենք են արդարադատություն իրականացնողները, ու հիմա ստիպված են ենթարկվել նման նվաստացումների:

Միջամտել է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ում համար սովորական է դարձել պարբերաբար կառավարության շենքում լինելն ու տարբեր հրահանգներ ստանալը, ու երևի թե վերջինիս համար այդ ստուգումները սովորական բան են եղել: Վերջինս Գևորգ Գյոզալյանին ասել է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, նորմալ է, անվտանգության միջոցառումներ են:

Վատ է, իհարկե, որ դատավորները նման տհաճ իրավիճակում են հայտնվել, բայց դա իրենց լռության գինն էր:

Տեսանյութեր

Լրահոս