Ահա, թե ովքեր են դարձել տնտեսության դեմքը

Պետական եկամուտների կոմիտեն վերջերս հրապարակեց անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Մինչ իշխանությունները հպարտանում են տնտեսության բարձր ու համաշխարհային մակարդակի աճերով, այս ցանկը ցույց է տալիս մեր տնտեսության խղճուկ վիճակը։ Արտաքուստ խոշորների կողմից բյուջե վճարված հարկերն ավելացել են, բայց ավելացել են ոչ ամենևին տնտեսության, մասնավորապես՝ տնտեսության արտադրական հատվածի վճարած հարկերի հաշվին։

Տնտեսության արտադրական հատվածում գործող բազմաթիվ ընկերությունների վճարները նվազել են, ու դա է մեր տնտեսության իրական պատկերը։

Բյուջե վճարած հարկերն ավելացել են առաջին հերթին՝ ներմուծումներից։

Խոսքն այն ներմուծումների մասին է, որոնք վերարտահանվում են այլ երկրներ, ու դրանց շրջանակներում պետական բյուջե գումարներ են գանձվում՝ ԱԱՀ ու մաքսավճարների տեսքով։

Կարդացեք նաև

Դրանք գումարներ են, որոնք մեր տնտեսության մեջ չեն գոյանում։ Գոյանում են վերարտահանման նպատակով իրականացվող առևտրային հոսքերից։

Այդ գումարներն առաջացան այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտնվեց համատարած պատժամիջոցների տակ։

Վերարտահանումների արդյունքում խոշորների առաջին տասնյակում հայտնված միայն երեք ընկերության վճարած հարկերն անցած տարի ավելացել են գրեթե 80 մլրդ դրամով։

Առաջին հայացքից թվում է, թե դա մեծ ձեռքբերում է։ Բայց իրականում այն մեծագույն ռիսկեր է պարունակում բյուջեի համար, որին, սակայն, իշխանությունները մատների արանքով են նայում։ Երբ այլևս չլինեն վերարտահանումները, այն ժամանակ պետական բյուջեն կանգնելու է ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ՝ ինչպես եկամուտների, այնպես էլ՝ ընդհանրապես ստանձնած ծախսերի կատարման առումով։

Ամբողջ խնդիրն այն է, որ դա միայն ներմուծում-վերարտահանումներին չի վերաբերում։

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, ինչպես հայտնի է, բանկային համակարգում լուրջ շահույթներ գոյացան։ Արդյունքում՝ կտրուկ ավելացան բանկերի կողմից բյուջե վճարված հատկապես շահութահարկի գումարները։

Միայն այն, որ անցած տարի բանկերը 71 մլրդ դրամով ավելի հարկ են վճարել, բավական է պատկերացնելու այդ գործոնի ազդեցության ծավալները։

Խոշորների վճարած հարկերն անցած տարի ընդհանուր առմամբ ավելացել են 220 մլրդ դրամով, դրա մեջ միայն բանկերի բաժինը 71 միլիարդ է։

Բանկերի վճարներն ավելի քան կրկնապատկվել են, ինչը տեղի է ունեցել առավելապես դրսից եկող ֆինանսական հոսքերի սպասարկման հաշվին։ Բայց չպետք է մոռանալ, որ դրանք ժամանակավոր հոսքեր են ու արդեն սկսել են թուլանալ։

Անցած տարի բանկերի շահույթները 33 մլրդ դրամով նվազեցին։ Դա նշանակում է, որ արդեն այս տարվա ապրիլին նրանց կողմից հաշվարկվող ու բյուջե վճարվող շահութահարկի գումարները կկրճատվեն։

Դա կշարունակվի նաև հետագայում։

Անցած տարի խոշորների վճարած հարկերի ավելացման գործում էական է եղել վերարտահանողների ու բանկերի դերը։ Պատահական չէ, որ ցանկի առաջին տասնյակում մեծամասնությունը ներմուծողներն ու բանկերն են։

Մինչև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը բավական համեստ հարկեր վճարող ընկերությունները, վերարտահանումների արդյունքում, սկսել են տասնյակ միլիարդներ վճարել։

Կտրուկ առաջադիմածներից է բջջային հեռախոսներ և այլ սարքավորումներ ներմուծող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որն անցած տարի վճարել է ավելի քան 46 մլրդ դրամի հարկ՝ զիջելով ընդամենը երեք ընկերության։

Մեկ տարվա ընթացքում այս ընկերության վճարած հարկերը 2,6 անգամով ավելացել են։

Երկու տարվա կտրվածքով, ավելացել են գրեթե 11 անգամով՝ 4,4 միլիարդից հասնելով 46 միլիարդի։ Ավելացել են գերազանցապես վերարտահանումների հաշվին։

Նույնը նաև խոշորների ցանկի հինգերորդ հորիզոնականում հայտնված «Փրիթի Ուեյին» է վերաբերում, որն անցած տարի վճարել է 33,3 մլրդ դրամ՝ 3,9 անգամով ավելի, քան մեկ տարի առաջ։

Ընկերությունը տարբեր երկրներից ներմուծում է կենցաղային տեխնիկա։

Եթե նախկինում ներմուծված տեխնիկան, անհամեմատ փոքր ծավալներով, իրացնում էր հիմնականում ներքին շուկայում, ապա վերջին երկու տարիներին նաև վերարտահանում է։ Այդ վերարտահանումների շնորհիվ է, որ վերջինիս վճարած հարկերն այդպես ավելացել են։ Նախկինում անգամներով քիչ էին։

Անցած տարվա գլխավոր հայտնագործությունը, անշուշտ, ապրանքների օնլայն առևտրով զբաղվող և կարճ ժամանակում Հայաստանում լայն տարածում գտած «Վայլդբերրիզ» ընկերությունն է, որը 26 միլիարդից ավելի հարկ է վճարել։ Մեկ տարի առաջ վճարել էր ընդամենը 761 մլն դրամ։ Այս ընկերության վճարած հարկերն ավելացել են 34 անգամով։

Իհարկե, դրանք հարկեր են, որոնք վճարել են մեր քաղաքացիները՝ ընկերության օնլայն հարթակի միջոցով տարբեր ապրանքներ պատվիրելով։

Խոշորների առաջին տասնյակում են հայտնվել միանգամից երկու բանկեր՝ «Ամերիաբանկը» և «Արդշինբանկը»։ Առաջինը նախորդ տարվանից գրեթե 3,2 անգամով է ավելի է վճարել, երկրորդը՝ շուրջ 3,4 անգամով։

Երկուսի պարագայում էլ վճարված հարկերն ավելացել են հիմնականում շահութահարկի հաշվին։

Ավելացել են նաև մյուս բանկերի, ինչպես և՝ վառելանյութի, ծխախոտի, բազմաթիվ այլ ապրանքների ներմուծումներով զբաղվող ընկերությունների վճարները։ Փոխարենը՝ կրճատվել են ներքին տնտեսության մեջ գոյացող հարկերը։ Դա առավել նկատելի է հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների պարագայում։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2022թ. խոշորների տասնյակում էր և վճարել էր գրեթե 19,6 մլրդ դրամ, անցած տարի վճարել է ընդամենը 3,5 միլիարդ։

Նույնը նաև «Թեղուտի» պարագայում է. ընկերության վճարած հարկերը գրեթե 3 անգամով կրճատվել են։

Կրճատվել են նաև ոլորտի ամենախոշոր ընկերության և խոշորների ցանկի առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերը։

Կոմբինատն անցած տարի վճարել է շուրջ 70,9 մլրդ դրամ։ Մինչդեռ նախորդող տարում վճարել էր գրեթե 144 միլիարդ։ Ընկերության վճարած հարկերն ավելի քան կիսով չափ պակասել են։

Պակասել են, որովհետև, ինչպես ոլորտի մյուս ընկերությունները, այնպես էլ Զանգեզուրի կոմբինատը, արտաքին շուկաներում ու ներքին տնտեսական միջավայրում բախվել են խնդիրների, իսկ կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք նախորդ տարի հպարտանում էին կոմբինատի վճարած հարկերով, հաթաթաներ տալիս, թե նախկինում որտե՞ղ են եղել, ո՞ւր են գնացել կոմբինատի վճարած հարկերը, մատը-մատին չեն խփում՝ տեղական արտադրողներին օժանդակելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս