Արա Բաբլոյանը ուռուցքաբանության ոլորտում ծրագրերը զարգացնելու առանձնահատուկ մոտեցում է նկատում

«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, մանկական վիրաբույժ-ուրոլոգ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում որոշակի հաջողություններ է նկատում․ հիվանդությունից մահացությունը նախորդ տարի նվազել է 3-4 տոկոսով, սակայն հաջողությունները սկսել են գրանցվել մեկնարկային վատ կետից՝ վատ ցուցանիշից:

Բաբլոյանը նման դիրքորոշում հայտնեց Ջերմուկում անցկացվող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի շրջանակում ունեցած ելույթում:

«Մենք, այո, ունենք հաջողություններ: Բայց ո՞ր կետից ենք հաշվարկում մեր հաջողությունները: Արդյոք մենք ունե՞նք հաջողություններ կանխարգելման առումով. գալով ծխելու գաղափարին՝ պետք է ասեմ, որ մենք այստեղ դեռ շատ հետ ենք մնում: Վերջին տարիներին կառավարության, առողջապահության նախարարության կողմից առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում ուռուցքաբանության բոլոր ուղղություններով ծրագրերը զարգացնելուն: Կանխարգելում, վաղ հայտնաբերում, վաղ միջամտություն, վերականգնում. այս բոլոր ուղղությունները պետք է փոխկապակցված լինեն»,-ասաց Բաբլոյանը:

Նա կարևորեց մարդկանց հասկացնելը, որ մասնակցեն սքրինինգային հետազոտություններին: Ըստ նրա՝ հիմա կան հաջողություններ, սակայն սկսել են վատ կետից, վատ ցուցանիշից, որին երկիրը հասել էր տասնյակ տարիների ընթացքում:

Բաբլոյանը հիշեցրեց՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է՝ եթե 2022 թ. ունենք չարորակ ուռուցքներով հաստատված 20 մլն դեպք, ապա 2050 թ. կանխատեսվում է 35 մլն դեպք: «Կարծում եմ՝ այսօրվա մեր համագումարն ու վերջին տարիների ջանքերը՝ այս համագումարները կազմակերպելու, հենց ուղղված են նրան, որ մենք այդ 35 միլիոնի մեջ չլինենք, այլ 3-4 տոկոսով նվազումը (խմբ.-2023-ին Հայաստանում քաղցկեղից մահացությունը նվազել է 3-4 տոկոսով) հասցնենք 5-6 տոկոսով նվազման և էլ ավելի բարձր արդյունքներ գրանցենք»,-ասաց նա:

Բաբլոյանը կարևորեց աշխարհի լավագույն կենտրոնների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: 2021 թվականից Ուռուցքաբանության ազգային կենտրոնն օրվա շրջանակում կազմակերպում և անցկացնում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը: Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսն այս տարի անցկացվում է փետրվարի 2-5-ը Ջերմուկ քաղաքում։ Կոնգրեսն այս տարի ունի ավելի քան 50 զեկուցողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից , ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Վրաստանից, Քաթարից, Ուկրաինայից և Իրանից:

Տեսանյութեր

Լրահոս