Իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին․ ինչի՞ է պատրաստվում Իրանը

«Այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի»,- IRNA-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլա Սայարին։

Ըստ դերծովակալի, իրանական բանակին բարդ առաքելություն է սպասվում։

«Տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երկրի անկախությունը և հասարակարգի անկախությունը երեք կարևոր խնդիրներ են բանակի համար, որը միշտ պետք է պատրաստության վիճակում լինի»,- ասել է Սայարին։

Նա ընդգծել է, որ այսօր զինված ուժերի մարտական, պաշտպանական և կանխարգելիչ կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են՝ լավ պատրաստված և որակյալ անձնակազմի, ինչպես նաև տեղական արտադրության նորացված տեխնիկայի շնորհիվ, և պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունից օրեր առաջ Իրանն աննախադեպ հարվածներ էր հասցրել Իրաքի, Սիրիայի և Պակիստանի հակաիրանական ուժերին։ Սրան հաջորդեց ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա, որտեղ Ռաիսի-Էրդողան բանակցությունների հիմնական թեման իրավիճակն էր Մերձավոր Արևելքում և ահաբեկչության դեմ պայքարը։ Ռաիսին ասել էր, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում ահաբեկչության խնդրի միակ լուծումն է։ «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Թուրքիայի համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- հավելել էր Ռաիսին։

168am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին բացատրեց, թե ինչ նկատի ունի իրանցի դերծովակալ Սայարին՝ ասելով՝ տարածքային ամբողջականության պաշտպանություն։

Նրա խոսքով՝ Իրանում շատ լավ են հասկանում, որ Արևմուտքի ներկայիս թիրախը նաև Իրանն է, որին թիրախավորելու համար Արևմուտքն օգտագործելու է բազմաթիվ ուղիղ և անուղղակի միջոցներ։

Նա գտնում է, որ Մերձավոր Արևելքում Իրանի աճող դերը հատկապես Իսրայել-«ՀԱՄԱՍ» պատերազմի ֆոնին ԱՄՆ-ը պետք է մի շարք խնդիրների կիրառմամբ սահմանափակի, ներքաշելով Իրանին ավելի լայն դրամատիկ գործընթացների մեջ։ Ըստ վերլուծաբանի, Իրանի ամենախոցելի խնդիրը բազմազգ բնակչությունն է և ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող անջատողական տրամադրությունները։

«Այս խնդիրն Իրանի թշնամիների կողմից անհրաժեշտության դեպքում ակտիվացվում է։ Իրանն այս հայտարարությամբ զգուշացնում է այդ երկրներին և բոլոր նրանց, ովքեր կփորձեն խաթարել Իրանի կայունությունը։ Այս խնդրին էր ուղղված նաև Պակիստանի տարածքում բելուջների թիրախավորումն օրերս Իրանի կողմից։

Ավելի վաղ բելուջական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումն Իրանի հարավ-արևելքում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանամերձ շրջանում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, հարձակում իրականացրեց ոստիկանական բաժանմունքի վրա, որի հետևանքով զոհվեց 1 տասնյակից ավելի մարդ։ Իրանը նման խնդիր ունի Իրանում բնակվող ադրբեջանցիների հետ, որով պայմանավորված ցնցումներն Իրանում կրում են գրեթե մշտական բնույթ, այդ հանգամանքն օգտագործում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Եվ սա ողջ պատկերը չէ, Իրանը հասկանում է, որ պետք է գնալ զսպման ճանապարհով՝ պատրաստ լինելով Արևմուտքի սադրանքներին»,- ասաց արևելագետը։

Նրա որակմամբ, Մերձավոր Արևելքը, որպես ռեգիոն, բարդ համակարգ է։

«Եվ, այո, իրադարձություններն Իրանի շուրջ կարող են խտանալ և բարդանալ, բայց չի բացառվում նաև, որ Իրանին հաջողվի ռեգիոնալ կոնսոլիդացիայի միջոցով չեզոքացնել իր «գլխին կախված» վտանգը։ Հարևանությամբ գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի համար ևս Իրանի մասնակցությամբ գործընթացները չափազանց կարևոր են, քանի որ Իրանը Հարավային Կովկասում առանցքային խաղացողներից մեկն է ներկայումս, այսօր ավելի ակտիվ, քան Ռուսաստանն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս