Փաշինյանը հանրաքվեն կանի ԱԺ արտահերթ ընտրության հետ նույն օրը, որ ցեմենտի իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան
Փաշինյանն անում է այն, ինչ թելադրում են. առաջինն Էրդողանն ու Ալիևն են հայտարարել, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, ուստի այսօր նրանց ասածն է կրկնում Նիկոլ Փաշինյանը՝ փաթեթավորելով նոր Սահմանադրության անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական փոփոխությունները կառավարելու հրամայականով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի Սահմանադրությունը ոչ լեգիտիմ հայտարարելու և նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունների մասին, նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի դոցենտ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ շարունակելով.
«Իհարկե, Էրդողանն ու Ալիևը չեն պահանջի, որ Հայաստանի իշխանությունը միանգամից հայտարարի Հանրապետության լուծարման մասին, նրանք քայլ առ քայլ են դա պահանջելու, անելու են այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ մոտենա պետականության իր վախճանին, իսկ դրա առաջին քայլերից մեկը Հայաստանի Սահմանադրությունը փոխելն է լինելու»։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանը նոր Սահմանադրություն ընդունել պարտադրելով՝ ուզում է, որ ժողովուրդն ինքն իր ձեռքով, թղթի վրա իր ստորագրությամբ տա համաձայնություն Արցախից հրաժարվելու հարցին. ստացվում է՝ Փաշինյանն Արցախի հանձնումը մեկ էլ գցում է ժողովրդի վրա։
«Երկրորդը, նա ուզում է, որ ժողովուրդը թղթով և ստորագրությամբ անարգի նաև 1915 թվականի զոհերի հիշատակը, որովհետև եթե հրաժարվում է Անկախության հռչակագրից, որով կա պարտավորություն աշխարհին ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը, դա նշանակում է՝ հայ ժողովուրդը անկարևոր է դարձնում 1.5 միլիոն մարդու նահատակվելը՝ հայ մնալու համար, և նրանց սրբադասումը Հայ Առաքելական եկեղեցու կողմից»,– ասաց Սողոմոնյանը։
Ամփոփելով ավելի վաղ Սահմանադրական դատարանի վրա ՔՊ-ականների հարձակումներն ու Սահմանադրական դատարանի դատավորների կազմը ՔՊ-ին հպատակ դարձնելու գործարկված սցենարները, Սողոմոնյանն արձանագրեց՝ տարիների հեռվից ևս դրանց վերլուծությունն ապացուցում է, որ մինչև 44-օրյա պատերազմը կար Արցախը հանձնելու և նոր Սահմանադրություն ընդունելու պլան։
«Առաջին կապիտուլյացիայից հետո նա ստորագրելու է երկրորդ կապիտուլյացիան։ Փաշինյանի ստորագրածը նոր պատերազմի դուռ է բացելու՝ դրանից առաջ ժողովրդի դիմադրողականության իմունային համակարգը թուլացնելով»,- մանրամասնեց միջազգայնագետը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ հրաժարվելով փոխել իր քննադատած սուպերվարչապետական համակարգը։
«Ուշադրություն դարձրեք. նա կառավարման ձև չի փոխում։ Նախկինում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրող Փաշինյանը պահում է սուպերվարչապետական Սահմանադրությունը, որն իրեն թույլ է տալիս անվերջ վերընտրվել, բայց ուզում է փոխել Սահմանադրության նախաբանը։ Նախաբանից բացի, նոր Սահմանադրությամբ հարվածելու են Հայ Առաքելական եկեղեցուն, որն ունի բացառիկ կարգավիճակ։ Փաշինյանը փորձելու է նաև միասեռականությունը պաշտպանել՝ ընտանիք համարելով ոչ թե կնոջ և տղամարդու, այլ նաև նույնասեռականների միությունը»,– ասաց Սողոմոնյանը՝ չբացառելով, որ հերթը կարող է հասնել նաև բանակին։
«Ադրբեջանը Փաշինյանին պարտադրելու է, որ կնքվելիք պայմանագրում նաև մտցվի կետ, որով կբացառեն սեպարատիզմը. Այսինքն՝ ցանկացած մարդ, ազգային ուժ, որը կխոսի Արցախի մասին, կհայտնվի բանտում»,- ասաց Սողոմոնյանը՝ ամփոփելով.
«Փաշինյանական Սահմանադրության շահառուն են լինելու Էրդողանը, Ալիևը, աղանդավորները, նույնասեռականները և փաշինյանական կլանը։
Ինչ վերաբերում է այդ Սահմանադրությունը հանրաքվեով անցկացնելուն, ապա, ըստ Սողոմոնյանի, Փաշինյանն այստեղ էլ կգնա խորամանկության և մասնակցություն ապահովելու համար հանրաքվեն կանի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ նույն օրը։
«Փաշինյանն ու իր կլանը ցեմենտելու են իրենց իշխանությունը։ Նա Սահմանադրության հանրաքվեն կզուգորդի ԱԺ արտահերթ ընտրության հետ, որ մարդիկ ընտրատեղամաս գնան և մեկի փոխարեն՝ ստանան երկու քվեաթերթիկ՝ ձեռքի հետ այո ասեն այդ նոր Սահմանադրությանը»,- խոսքը եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։