«Ինձ այստեղ չեմ գտել, վախ կա, որը դեռևս չեմ կարողանում հաղթահարել. Հայաստանում աշխատանք գտնելը շատ դժվար է». Արցախից բռնի տեղահանված  

2022 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախի Հանրապետությունը, մի քանի ամիս անց արցախցի 31-ամյա Շուշան Եգանյանը հիմնեց պաղպաղակի փոքր արտադրություն։ Սկզբում պատրաստում էր ընտանիքի անդամների համար, հետո տեսնելով, որ լավ է ստացվում՝ ավելի շատ պատրաստեց ու սկսեց վաճառել։ Որոշ ժամանակ անց  Շուշանի պատրաստած պաղպաղակների որակի ու համի մասին սկսեցին խոսել ողջ Ստեփանակերտում։

Չնայած շրջափակման սուղ պայմաններին, Շուշանին հաջողվում էր ամեն օր մեծ քանակով պատվերներ ընդունել։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, Շուշանի ընտանիքը, շատ արցախահայերի նման, բռնի տեղահանվեց իր բնօրրանից՝ երկրորդ անգամ կորցնելով տունը։ Առաջին անգամ 2020 թվականին Շուշանը Շուշիում կորցրեց իր տունը, երբ այն ամբողջովին օկուպացրեց Ադրբեջանը, երկրորդ անգամ՝ Ստեփանակերտում։
Բռնի տեղահանվելուց և Հայաստանում հաստատվելուց հետո, Շուշանը որոշել է շարունակել սիրելի զբաղմունքը՝ այս անգամ արդեն՝ որպես ապրուստի միջոց, քանի որ Ստեփանակերտից դուրս գալուց ոչինչ իրենց հետ չեն վերցրել։

168.am-ի հետ զրույցում Շուշան Եգանյանը պատմեց, թե Հայաստանում ընդամենը մի քանի օր է հնարավոր եղել պաղպաղակ  պատրաստել: Այս պահին դադարեցրել է, քանի որ տնային պայմաններում երեխաների հետ չի կարողացել դրանով զբաղվել։

Կարդացեք նաև

«Այս պահին տարածք եմ փնտրում՝ պաղպաղակի արտադրության համար, այնպիսի տարածք, որը մատչելի կլինի և ապահովված պայմաններով։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, մանկահասակ երեխաներս հիվանդացան, ուշադրությունս նրանց վրա կենտրոնացրեցի, քանի որ տանը հնարավոր չէր և նրանց հետևել, և պաղպաղակ պատրաստել։

Արցախում բլոկադայի պայմաններում մի փոքր այլ էր պաղպաղակ պատրաստելը, մթերքի սղություն կար, որը մի կերպ էինք հայթայթում, բայց լավ վաճառվում էր։  Սակայն Երևանում պաղպաղակ արտադրող ընկերությունները շատ-շատ են, ուստի նաև մտավախություն ունեի, որ իմ պատրաստածները չէին վաճառվի»,- ասաց Շուշան Եգանյանը։

Ըստ նրա, պաղպաղակ չպատրաստելն ինչ-որ առումով նաև կապված է իր տրամադրության հետ։

«Անկեղծ եթե ասեմ, ես ինձ այստեղ դեռևս չեմ գտել, չեմ կարողացել ադապտացվել, սա մեծ նշանակություն ունի։ Մեջս վախ կա, որը դեռևս չեմ կարողանում հաղթահարել։

Արցախում անցել էի լիցենզավորումը՝ որպես արտադրող կարող էի զբաղվել պաղպաղակի արտադրությամբ, այստեղ չգիտեմ՝ գործընթացն ինչպես պետք է լինի, դեռ չգիտեմ՝ որտեղից պետք է սկսեմ ու ինչ պետք է անեմ»,- շեշտեց նա։

Շուշանն ընտանիքի հետ ապրում է վարձակալած բնակարանում, վերջին երկու օրերին ամուսնուն հաջողվել է աշխատանք գտնել։

«Ամուսինս նախկին զինվորական է, այստեղ իր մասնագիտությամբ չի կարող աշխատել, ընդունվել է այլ աշխատանքի։ Ես օտար լեզուների մասնագետ եմ, եթե լինեն ցանկացողներ, որոնք կգան տուն՝ անգլերեն պարապելու, պատրաստ եմ նրանց հետ պարապել։ Հիմա Հայաստանում աշխատանք գտնելը շատ դժվար է»,- եզրափակեց Շուշան Եգանյանը։

Տեսանյութեր

Լրահոս