Հայաստանի հանդեպ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանվելու է, քանի դեռ ռազմական հավասարակշռությունն ի օգուտ Ադրբեջանի է․ Խրամչիխին

Ռուսաստանին ուղղված ամիսներ շարունակվող քննադատությունից հետո, թե ՌԴ-ն չի կատարում իր ռազմատեխնիկական պարտավորություններն այն դեպքում, երբ Երևանը վճարել է հարյուրավոր միլիոններ, ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ ռուսական զենքի մի խմբաքանակն արդեն Հայաստանում է։

Օրերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն ռուսական զենք ստանո՞ւմ է, որը պատվիրված էր, ասել է՝ ինչ-որ մասնաբաժնով ստանում է։

«Ինչ-որ բան տալիս են, էն ծավալով չէ, որ մենք ակնկալում ենք՝ մեր կնքած պայմանագրի ծավալի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, համոզված եմ»,- ասել էր Քոչարյանը։

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը ևս հայտարարել է, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, այն ՀՀ է հասել վերջերս։

Կարդացեք նաև

Դեռևս դեկտեմբեր ամսին ռուսական «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, թե Մոսկվան Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր է քննարկում:

Ռուսաստանի դեսպանը չէր հերքել, որ առանձին պայմանագրերում կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու հետ, բայց պնդել էր, թե հայ-ռուսական գրեթե բոլոր պայմանագրերն արդյունավետ իրագործվել են:

«Կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»,- նշել էր Սերգեյ Կոպիրկինը:

Դրանից ավելի վաղ՝ նախորդ տարվա նոյեմբերին տված ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ռուսաստանը չի մատակարարում սպառազինությունը, որի դիմաց Հայաստանը վճարել է։ Կոնկրետ թիվ, սակայն, Փաշինյանը չէր նշել, ոչ էլ ժամկետներ՝ երբ են փոխանցվել գումարները։ «Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով խնդիրը լուծել: Օրինակ՝ տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության ունեցած պարտքից նվազեցումը»,- ընդգծել էր նա։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, թե դժվար էր պատկերացնել, որ ՌԴ-ն բացարձակ չի կատարի իր ռազմատեխնիկական պարտավորությունները։

Սակայն, ըստ նրա, պարզից էլ պարզ է, որ պատերազմական ծանր իրավիճակում գտնվող երկիրը չի կարող մատակարարել սպառազինություն այն ինտենսիվությամբ, ինչ նախկինում։

«Թեև տեղեկատվությունը բաց չէ, թե իրականում երբ է կնքվել այդ համաձայնագիրը, այնուամենայնիվ, հայ-ռուսական ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը նոր իրողություններին ադապտացման կարիք ունի, քանի որ ՌԴ-ն, առաջին հերթին, տրամաբանական է, որ պետք է բավարարի ռազմի դաշտում իր կարիքները, գտնվելով թեժ պատերազմի մեջ մի երկրի հետ, որին սպառազինություն է մատակարարում թե ԱՄՆ-ը, թե ԵՄ երկրները, այսինքն՝ ՆԱՏՕ-ն։

Կարծում եմ՝ ՌԴ-ի կողմից էլ հասկանալի է այն հանգամանքը, որ ՀՀ-ն ունի անվտանգության խնդիրներ, և հենց այդ պատճառով էլ այս իրավիճակում ՌԴ-ն, այնուամենայնիվ, զենք է վաճառում Հայաստանին։ Իսկ ձգձգումը պայմանավորված է ստեղծված իրավիճակով, դա պարզ բան է։ Ռազմավարական գործընկերների միջև սրանք այնպիսի տեխնիկական հարցեր են, որոնք կարող են քննարկվել ու չդառնալ հանրային դաշտում միմյանց թիրախավորելու հարմար առիթ։ Սա, իհարկե, դասական ռազմավարական դաշնակիցների դեպքում, սակայն հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունն արդեն իսկ խաթարված է, և դրանում բավականին էական տեղ ունի այն, որ հարաբերությունների բոլոր հարցերը դուրս են բերվել հանրային տիրույթ՝ բացասական լուրջ ֆոնով։

Ռուսաստանի հետ դաշնակցությունը ՌԴ դաշնակիցները պատկերացնում են Ռուսաստանի կողմից քայլերի անվերջանալի շղթա, երբեք հարց չի առաջանում՝ իսկ ՌԴ դաշնակիցները ինչպե՞ս կարող են աջակցել ՌԴ-ին։

Այս դեպքում խոսքը նույնիսկ ռազմատեխնիկական և քաղաքական լուրջ աջակցության մասին չէ, այլ քաղաքական  դաշտում՝ հայտարարությունների տեսքով, միջազգային հարթակներում աջակցության տեսքով։ Սակայն Երևանն ընտրել է նույնիսկ այս իրավիճակում թիրախավորելու և քննադատելու ճանապարհը՝ միևնույն ժամանակ լավ հասկանալով, որ ամենաշատ օգուտները ստանում է ՌԴ-ի հետ գործընկերությունից և ԵԱՏՄ անդամակցությունից։

Տեսնում ենք, որ ՌԴ-ն միայն Երևանին արձագանքողի և պատասխանողի դերում է, երբևէ Մոսկվան չի արել հարաբերությունները խաթարող որևէ հայտարարություն, թեև վստահաբար պատճառներ կան, որոնք կարող էին օգտագործվել Երևանի դեմ»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, Մոսկվան պարզապես փորձում է իր համար այս ճգնաժամային փուլում հարթել լարվածությունները և չգնալ սրման։

«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ՌԴ-ն այս պահին պետք է մտածի իր կարիքների մասին հատկապես, երբ ՀՀ-ն մատակարարներ փնտրում է Արևմուտքում, կա նաև Ֆրանսիան, շատ երկրներ կան, որոնք կարող են Երևանին համապատասխան զենք մատակարարել։ Ուստի պետք է հուսալ, որ ռազմատեխնիկական նոր համագործակցություն ասելով՝ նկատի է առնվում այդ համագործակցությունը ներկայիս իրողություններին հարմարեցնելու գործընթացը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ռեգիոնալ իրավիճակին՝ Խրամչիխինը գտնում է, որ քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությունը խախտված է ի օգուտ Ադրբեջանի, ներկայիս ստատուս-քվոն՝ սպառնալիքները, ռազմական սրման մեծ վտանգը պահպանվելու է։

«Ես բազմիցս նշել եմ, որ այս սպառնալիքները վերացնելու նպատակով դեռ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն պետք է վերականգներ իր բոլոր ռազմական կորուստները և մտածեր մինչև անգամ ավելիի մասին՝ հավասարակշռություն վերականգնելու համար, ինչը, սակայն, չի արվել։ Հակամարտող երկրները միայն պայմանավորվածությամբ և բանակցություններով, զիջումներով խաղաղության չեն հանգում, պետք է որոշակի ռազմական հզորություն ունենալ, էսկալացիաներին դիմադրելու ուժ պետք է ունենալ։ Ներկայումս տեսնում ենք, որ բանակցությունները չեն հաջողվում, իսկ դրա գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանն իր ուժային գերակայությունը զգում է։ Նույնիսկ բանակցային սեղանին հաջողելու համար հարկավոր է ունենալ ռազմական հզորություն և հակառակորդի հետ հավասարակշռություն, դա հակառակորդին զսպելու գլխավոր մեխանիզմն է»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս