Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա նման բան.Պապոյանը՝ ՌԴ ԱԴԾ-ի կողմից ճանապարհը վերահսկելու մասին
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը թեև արձանագրում է՝ Ադրբեջանի ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, խաղաղության հաստատմանը, այդուհանդերձ կարծում է՝ բանակցել պետք է:
«Միշտ բանակցությունից դուրս գալը, ըստ էության, ուղիղ ասել, որ գնում ենք պատերազմի ճանապարհով,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց պատգամավորը, ապա անդրադառնալով խաղաղության օրակարգերին՝ շեշտեց իրավական հիմնավորում ունեցող քարտեզներով այդ գործընթացը մեկնարկելու անհրաժեշտությունը,- Հստակ է, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ առաջացնելով քաղաքական նոր լարվածություններ»:
Այս օրակարգերի ներքո ճանապարհների ապաշրջափակման մասին լրագրողների հարցադրումներին և մասնավորապես «միջանցքի մասին» թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հնչող պահանջներին, այդ պահանջների շուրջ Փաշինյանի դրական ազդակների մասին հաստատումներին ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ նման պայման չի կարող լինել:
«Դուք երբևէ լսե՞լ եք ՀՀ վարչապետի կողմից որևէ հայտարություն՝ «միջանցքի» հետ կապված։ Մենք ինչ հայտարարել ենք 4 տարի առաջ այդ մասով, նույնը հիմա ենք հայտարարում. ՀՀ իրավազորության ներքո ճանապարհներ մենք պատրաստ ենք տրամադրել,- մանրամասնեց նա, ապա հավելեց, որ «Խաղաղության խաչմերուկը» հենց դրա մասին է,- Որ բեռներն անարգել կարող են գնալ Եվրոպայից Ասիա ՀՀ տարածքով և հակառակը: Եթե գանք Ադրբեջանին, ապա նորից նույնն ենք ասում. Ադրբեջանը ունի երկու հատված, նույն տրամաբանությամբ: Սա է մեր դիրքորոշումը, և դրա մեջ փոփոխություն չկա: Այն պայմաններով, որ Իրանը ճանապարհ տալիս է Ադրբեջանին, մենք կարող ենք ճանապարհ տրամադրել Ադրբեջանին»։
Դյուրինացված ռեժիմի մասին հստակեցմանը՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ նման պայման չի կարող լինել:
«Անգամ մենք մեր երկրում մեր ուզած պայմաններով չենք կարող երթևեկել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտականություններին և մասնավորապես 9-րդ կետին, որը ենթադրում է Սյունիքով անցնող ճանապարհի հսկողություն ՌԴ ՍԴԾ-ի կողմից, ապա Փաշինյանի թիմակիցը նշեց, որ նման կետ չկա՝ փաստացի հերքելով Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա նման բան»,- նշեց նա:
Գևորգ Պապոյանը տեղեկացրեց՝ Ադրբեջանի հետ Հայաստանը բանակցում է և՛ ուղիղ երկխոսությամբ, և՛ միջնորդավորված:
Մանրամասները՝ տեսանյութում