Չեմ ուզում վախեցնել, բայց պետք է պատրաստ լինել երկրի պաշտպանությանը. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին, ասաց, որ իրականում վերջին տարիներին դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի միտքն այսօր հաստատվում է. թուրք-ադրբեջանական տանդեմը հաջողության հասնելով 2020 թվականի պատերազմից հետո, շարունակում է ճնշումների, պարտադրանքի լեզվով խոսել։
«Խաղաղության օրակարգը կեղծ է, այն ՀՀ իշխանութունները լավ չեն պատկերացնում։ Խաբկանք է Հայաստանի համար, երբ խոսում են խաղաղության պայմանագրի մասին, նման պայմանագիր չի կարող լինել, որովհետև պատերազմում պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշման և պարտադրանքի ներքո։ Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից՝ խաղաղության պարտադրանք Հայաստանի նկատմամբ։ Դրա համար կարելի է ասել, որ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, որովհետև ինքը շարունակական ձևով, յուրաքանչյուր փուլում նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամբողջությամբ հայաթափելով ու Արցախի ու արցախահայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելով, անցել է Հայաստանի նկատմամբ իր ճնշումները շարունակելուն։ Հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի համար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ ենթակառույցների բացումով, նրանք կկարողանան կապ ունենալ միմյանց հետ։ Մինչդեռ Հայաստանի համար ամբողջ սյունյաց աշխարհը նշանակում է սնվտանգության երաշխիք։
«Երբ մեր գործընկերները ծանոթացել են խաղաղության պայմանագրին, դրա փակ մասին չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ այն, ինչը կա համացանցում, նաև տեսնում ենք այսօրվա իշխանությունների հարցազրույցներում, որևէ խոսք չկա այն պարտավորվածությունների մասին, որը պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը։
Նկատի ունեմ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը, սահմանագծում, սահմանազատում իրականացնելը, նաև կոնկրետացումները տարբեր խնդիրներում։ Այստեղ կարող եմ ասել, որ Ադրբեջանի հետ խաղաղության գնալու համար մենք պայման չունենք, հետևաբար՝ չեմ պատկերացնում, որ նորմալ երկրի նորմալ իշխանությունը կարող է ձեռք մեկնել ու ասել, թե մենք գնում ենք խաղաղության»,- հավելեց Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումներին ու ռազմական ագրեսիային, Սեյրան Օհանյանը նկատեց՝ չի ուզում այսօր ժողովրդին վախեցնել, բայց այնպիսի իրավիճակում են, որ պետք է մշտապես պատրաստ լինեն երկրի պաշտպանության համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում